կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-05 22:49
Քաղաքական

Ռազմական դրությունը ոչ թե պողպատյա կարգուկանոնի, այլ անցանկալի կարծիքը խեղդելու համար էր. Գ. Մանուկյան

Ռազմական դրությունը ոչ թե պողպատյա կարգուկանոնի, այլ անցանկալի կարծիքը խեղդելու համար էր. Գ. Մանուկյան
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանը գրում է.
 
«ԽՈՐՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ։ Մտածող մարդկանց համար միայն։
 
Պատերազմի առաջին իսկ օրը դադարեցրեցի ամենօրյա «Անկեղծ ասած» հաղորդմանս հեռարձակումը «Երկիր Մեդիայի» եթերում, ոչ թե հետո արդեն ռազմական դրության պայմաններում ամեն մի խոսքի համար տուգանվելու մտահոգությամբ, այլ պազապես՝ 24 ժամյա ռեժիմով աշխատանք էր պետք անել։ Ու հիմա էլ անում ենք, ինչպես ողջ հայությունը, այդպես էլ մեր հեռուստաընկերության աշխատակազմը։ Ուժերն էլ պակասել են։ Որոշները կամավոր են առաջնագծում, որոշները հիվանդացան երկրորդ ճակատ բացած համավարակի պատճառով։ Բայց հաղորդումս դադարեցրեցի, քանզի կարծում էի՝ որ հիմա հարցեր տալու ժամանակը չէր։ Հարցեր հետո կտրվեն, քննադատություն հետո կհնչի, հետո նաեւ բազում աղաղակող խայտառակությունների, անբարոյականության, իշխանական անճարակության, մեղքերն ուրիշների վրա գցելու մարմաջի, այս պատերազմական պայմաններում իրական գործ անելու, երկիր ղեկավարելու փոխարեն ամեն քայլը սեփական, ընտանեկան ու իշխանական PRակցիայի վերածելու մասին կխոսվի։ Հիմա գործի, կենտրոնացյալ, նվիրյալ գործի, անձնազոհության պահն է։ Այդպես ապրեցինք շուրջ 40 օր։ Քանզի զոհասեղանին՝ ՀԱՅՐԵՆԻՔՆ էր։ Բայց վերջին մի քանի, հատկապես երկու օրերին նկատելի է մի շատ վտանգավոր միտում։ Այլեւս փնտրվում են մեղավորներ։ Արդեն իշխանության հոգսերից մեկը, եթե ոչ կարեւորագույնը դարձել է ապագա թիրախների ընտրությունը, «նշանակումը», սեփական սխալների համար պատասխանատվությունից սահմանազատվելը։ Հրապարկ են նետված կեղծ հարցադրումներ, թե պատերազմն անխուսաելի՞ էր, թե զենքն այսքան էր, սրանով կռվեցինք, թե Սփյուռքում փող քիչ են հավաքում, թե դավաճանների պակաս չկա, մարդիկ փախչում են առաջնագծից։ ՈՒ անդրադառնում ես, իրականում երկրում հաստատել են ռազմական դրություն, ոչ թե ՊՈՂՊԱՏՅԱ կարգուկանոնի համար, որով պատերազմը հաղթենք, այլ՝ ոչ ցանկալի կարծիքը խեղդեն։ Իսկ շատերն ապրում են ոչ ռազմական դրությամբ, ինքնագովազդով, ինքնափառաբանմամբ, ֆեյքային իրականության ստեղծմամբ, կեղծիքով, խաբեությամբ՝ պատգամավոր ու նախարար, մերձիշխանական քարոզիչ ու լրատվամիջոց։ Ու այդ պայմաններում խոսելու, արտահայտվելու իրավունք միայն իրենց են վերապահում։ Ինքնաարդարանում, սլաքներն այլ ուղղություններ ուղղում։ Այս վճռական պահին օրվա մեծ մասը դրան են նվիրում, ու ոչ թե՝ թշնամու քարոզչական, քաղաքական, ռազմական հարձակմանը դիմագրավելուն։ Ավելի շատ զբաղված են ինքնագովազդով, քան թե բուն գործով։ Առաջին անգամ այսքան երկար արտահայտվեցի անցնող 40 օրերի ընթացքում։ Սիրելիներս։ Վտանգված է Հայրենիքը, կամ պարզ ասենք՝ ամեն ինչ, մեր 30 տարվա պայքարը, Արցախը, Հայաստանի Հանրապետությունը։ Ոչ թե կառավարական սենյակների կորստյան հարցն է, այլ՝ Երկրի։ Մենք երկիրն ենք սիրում։ Սենյակները՝ այլոք։ Իսկ որոշները իշխանական ճամբարում մտածում են լոկ այս ամենից չոր դուրս գալու մասին։ Ու երկրի ռեսուրսը՝ քարոզչական, քաղաքական, երբեմն՝ ռազմական փորձում են ծառայեցնել միայն այս հիվանդագին մարմաջին։ Կանգ առեք։ Արդարացում չի լինելու։ Մնացյալը հետո կխոսենք։
 
Հ.Գ. Օրերս կարճ մի գրություն էի արել, որտեղ մի արտահայտություն տարընթերցման տեղիք էր տվել, երբ ասել էի, որ կանանց էլ ուղարկենք խոհանոց։ Հասկացողը հասկացել էր, ինչի մասին էր խոսքը։ Կնոջ դերը մեզանից, ինձանից ավելին ոչ ոք չգիտի։ Մեր հազարավոր ընկերուհիներ Հայ Օգնության միության կառույցներում արդեն 30 տարվա զինվոր են դարձել Արցախին աջակցելու համար, մեր շատ հերոսուհիներ փայլում են առաջնագծում, մեր հերոսուհի բժիշկները անհավատալին են անում, ուսուցչուհիները՝ իրենցը, օպերային երգչուհին զինվորական պաշտպանիչ ծածկեր է պատրաստում։ Խոսքս հստակ էր, հասցեական, ուղղակի՝ փոխաբերական, որ ռազմական, պետական գործին իրավունք չունենա միջամտել որեւէ կին, որը չունենալով դրա իրավունքը, պարզապես՝ իրերի դրությամբ գործի է դնում ընտանեկան կարգավիճակը լոկ։
 
ՈՒ ԱՆՓՈՐՁԱՆՔ, ԽԱՂԱՂ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿՆ ԳԻՇԵՐ ՄԵՐ ԲԱՆԱԿԻՆ՝ գեներալից մինչեւ զինվոր, կամավորից մինչեւ թեժ կետում ապրող հայրենակից»։