Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախյան հիմնախնդրի կարգավորումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական առանցքներից է: Վերը նշված հաստատումը՝ ավելի քան երեսուն տարի է, որ կրկնվում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների քաղաքական բոլոր ուժերի եւ, ինչու չէ, նաեւ հայ ժողովրդի յուրաքանչյուր միավորի կողմից՝ լինի դա Հայաստանում, Արցախում կամ Սփյուռքում: Սա բնական երեւույթ է, քանի որ միջազգային բեմահարթակում հայն ու Հայաստանը ներկայանում է երկու օրակարգով՝ Արցախյան հարցի կարգավորման ու ու Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հատուցման: Մնացյալ բոլոր հարաբերությունները, բոլոր դաշինքները, բարեկամությունները, թշնամանքները, հանդիպումներն ու ելույթները ածանցյալներ են:
Վերը նշվածը պարտադրում է յուրաքանչյուր քաղաքական ուժի՝ իր դիրքորոշումը հայտնել թե՛ Ցեղասպանության եւ թե՛ Արցախյան հարցի կապակցությամբ: Եվ դա, բնականաբար, իր ազդեցությունն է ունենում ներազգային ճակատում այդ քաղաքական ուժի ձեռք բերած վստահության, հուսալիության եւ պատասխանատվության խնդրում:
Վերջին երկու շաբաթների ընթացքում հայ իրականության մեջ տեղի ունեցավ ՀՀ խորհրդարանական ընտրություններ: Իսկ այդ ընտրություններում եւս, ինչպես նախկին քաղաքական իրադարձություններում, դարձյալ քննարկման, բանավեճի եւ տեսակետների բյուրեղացման նյութ դարձավ Արցախյան հիմնախնդրի հարցը: Թույլ տրվեց անթույլատրելի սխալներ, ինչ-որ տեղ ջրեր պարզվեց, կողմնորոշումներ հստակեցվեց: Բայց ինչպես ՀՅԴ հայտարարության մեջ է նշվում՝ «ընտրության մասնակիցների մի ստվար զանգված այսօր կենտրոնացած է «ներքին թշնամու» կերպարի վրա ու ապշելու աստիճան անհոգ է արտաքին եւ ներքին վտանգներին հանդիման»:
Սա Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրողությունն էր, սակայն արցախյան թեման իր անդրադարձն ունեցավ Արցախի քաղաքական առօրիայի վրա եւս: Հայաստանում իշխող քաղաքական ուժի կարկառուն ներկայացուցիչներից մեկի անթույլատրելի արտահայտությունը Արցախյան ազգային ազատագրական պայքարի կապակցությամբ տեղի տվեց իրավացի ցասման եւ հակազդեցության, որն ըստ էության մեղմ էր, եւ պետք է ունենար նաեւ պետական մակարդակով պաշտոնական դիրքորոշում որեւէ մարմնի ուղղորդում եւ դիրքորոշման հստակեցում: Դա է պարտադրում Արցախի ինքնուրույնության եւ անկախության հաստատման հրամայականը: Մի հրամայական, որն Արցախի ժողովրդի կողմից 1991-ի դեկտեմբերի 10-ին, համաժողովրդական քվեարկության արդյունքում, պատվիրակվել է Արցախի իշխանություններին: Արցախի պետականության եւ անկախության գաղափարը սասանվելու դեպքում մեր ազգը կորցնում է այն փարոսը, որն իրեն առաջնորդում է ծանր ու փոթորկալից օրերին: Այդ փարոսի միշտ կանգուն ու վառ պահելը մեր բոլորի, համայն հայ ժողովրդի պարտավորությունն է: Այստեղ մեծ դեր է վերապահված նաեւ Արցախում բնակվող մեր հայրենակիցներին, ովքեր իրենց միասնականությամբ եւ անզիջում կեցվածքով պետք է կարողանան արդարացնել ազատագրական շարժումի դրոշակակրի կոչումը: Քաղաքական նկատառումներով կաշին փրկելու համար գունափոխումները խաթարում են Արցախի ուսերին դրված պատմական առաքելության իրացումը: Այս օրերին մեզ, ավելի քան երբեք, միասնականություն է հարկավոր եւ դիրքորոշման անսասանություն:
«Ապառաժ»-ի խմբագրական, 17 դեկտեմբերի, 2018թ.