կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-14 19:19
Հասարակություն

Ամփոփվեց «Վեցդարյա երազանքի իրականացում» ծրագիրը՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին

Ամփոփվեց «Վեցդարյա երազանքի իրականացում» ծրագիրը՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին
ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորումը ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի շրջանակում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է «Վեցդարյա երազանքի իրականացում» ծրագիրը:

Ծրագրի միջոցով կազմակերպիչները նպատակ են դրել երիտասարդների շրջանում բարձրացնել Առաջին Հանրապետության մասին տեղեկացվածության աստիճանը եւ աներկբա դիրքորոշում ձեւավորել պետականության նկատմամբ։

Ծրագրի պատասխանատու Անի Ղահրամանյանի խոսքով՝ թեեւ այս տարի նշում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակը, իսկ մայիսի 28-ը վաղուց հռչակված է որպես պետական տոն, սակայն երիտասարդության մի մեծ հատված տեղյակ չէ մեր պատմության այդ շրջանի իրադարձություններից, չի ճանաչում Առաջին Հանրապետության ստեղծման գործում նշանակալի դերակատարում ունեցած անձանց․ «Մեր դիտարկմամբ՝ կարեւոր է երիտասարդության լայն զանգվածներին ծանոթացնել մեկ դար առաջ տեղի ունեցած պատմական անցքերին, այդ գործընթացներում կարեւոր դերակատարում ունեցած անձանց»:

Ծրագրի շրջանակում հրատարակվել է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. ԴԵՄՔԵՐ, ԴԵՊՔԵՐ» գիրքը, որտեղ ներկայացված են մեր պատմության կարեւորագույն շրջաններից մեկի առանցքային իրադարձություններն ու նշանակալի դերակատարում ունեցած անձինք: Գրքի հեղինակները պատմական գիտությունների թեկնածու Նաթելլա Գրիգորյանը եւ պատմաբան Արա Ազատյանն են:

Գրքի շնորհանդեսը դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում: Մասնաճյուղի գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը բացման խոսքում կարեւորեց քաղաքական գործիչներին վերաբերող հատվածները, որոնցում փորձ է արված ներկայացնելու, ինչու չէ, նաեւ ամրապնդելու պետական, ազգային գործչի կերպարը՝ ի դեմս Հ. Քաջազնունու, Ալ. Խատիսյանի, Ս․ Վրացյանի եւ այլոց: 

ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Ցուցուլյանն էլ կարեւորեց նմանօրինակ հանրամատչելի ձեռնարկները, քանի որ երիտասարդների շրջանում մեր պատմության կարեւորագույն դրվագների իմացության բարձրացման անհրաժեշտություն կա:

Շնորհանդեսի ընթացքում ելույթ ունեցան նաեւ գրքի համահեղինակներ Ա. Ազատյանը եւ Ն. Գրիգորյանը: Նրանք նշեցին․ «Անկախության շրջանում շատ է գրվել Առաջին Հանրապետության պատմության տարբեր հիմնահարցերի վերաբերյալ, այն աստիճան, որ թվում է, թե սպառվել էր այս թեման, եւ որեւէ նոր խոսք չկար ասելու: Մեր նպատակն է եղել այս փոքրիկ գրքույկով հանրամատչելի ներկայացնել Առաջին Հանրապետության կարճատեւ գոյության ընթացքում արձանագրված ձեռքբերումները եւ պետականության կայացման, արարման գործում մեծ ներդրում ունեցած հայրենասեր գործիչների գործունեությունը, իսկ այդպիսի գործիչները շատ էին, ովքեր սրտացավ էին հայ ժողովրդի համար: Բավական է հիշել մի օրինակ՝ կապված Հովհաննես Քաջազնունու հետ, երբ վերջինս, մեկնելով Ամերիկա, պետբյուջեից գումար վերցրեց վերարկու գնելու համար, սակայն գործուղումից վերադառնալուց անմիջապես հետո նա վաճառեց այդ վերարկուն եւ գումարը վերադարձրեց պետբյուջե»:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. ԴԵՄՔԵՐ, ԴԵՊՔԵՐ» գիրքը նախատեսված է երիտասարդների համար, եւ կազմակերպությունը նախատեսում է գործընկերների միջոցով այն տարածել ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում: