կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-25 17:56
Հասարակություն

Բացառիկ փաստաթղթերի և լուսանկարների ցուցադրություն՝ նվիրված Առաջին հանրապետության 100-ամյակին

Բացառիկ փաստաթղթերի և լուսանկարների ցուցադրություն՝ նվիրված Առաջին հանրապետության 100-ամյակին

Սարդարապատի ճակատամարտի հատակագիծը՝ զորքերի դասավորում, հարձակում, պաշտպանություն, Արամ Մանուկյանի, Մովսես Սիլիկյանի կոչերը, Հայաստանի դրոշը՝ Մարտիրոս Սարյանի պատկերացմամբ, համալսարանի բացման մասին օրենքը՝ այս ամենը և էլի մի շարք փաստաթղթեր ու լուսանկարներ առաջին անգամ ներկայացվեցին այսօր բացված՝  Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսում:

Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի շենքում ՀՅ Դաշնակցության Երևանի «Կոմիտաս» կոմիտեությունն ու Հայաստանի ազգային արխիվը լուսանկարների, փաստաթղթերի տեսքով ներկայացրեցին Առաջին հանրապետության 2.5 տարիների կյանքը՝  ցույց տալով պատկերը՝ բանակից մինչև արտաքին գործեր ու տնտեսություն:

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ցուցաանմուշներն իրականում արխիվում պահվող փաստաթղթերի և լուսանկարների գուցե մեկ չորրորդն են. Առաջին հանրապետության հետ կապված 20 000-ից ավելի փաստաթուղթ կա արխիվում:

«Այդ փաստաթղթերից յուրաքանչյուրնը, առանձին վերցրած, մի արժեք է: Ճիշտ է, Առաջին հանրապետության անկախության ընթացքը կարճ տևեց, բայց այն մտավ մեր ժողովրդի պատմության մեջ: Դարերի ընթացքում կորսված անկախությունը վերականգնվեց, և դրան հաջորդեց կիսաանկախ Խորհրդային Հայաստանի գոյությունը, իսկ 1991-ից մենք ունենք անկախ Հայաստանի Հանրապետություն: Փաստորեն, այս երեք հանրապետությունները միմյանց հետ կապված են՝ մեկը մյուսի շարունակությունն են, ծնունդը: Չլիներ 1918-ի մայիսի 28-ը, մենք դժվար թե հիմա լինեինք Հայաստանի Հանրապետություն»,-ասաց Վիրաբյանը:

Նա նշեց նաև, որ իրողությունը, որ 100 տարի առաջ մայիսի 25-ին հայկական զորքերը սկսեցին իրենց վճռական հարձակումը Սարդարապատում և հասան գրեթե Ալեքսանդրապոլ, կարող ենք մայիսյան հրաշք անվանել` Սարդարապատի հրաշք: «Հայ ժողովուրդը ոտքի կանգնեց ու կարողացավ դիմադրել թշնամուն, հետ շպրտել Երևանի մատույցներից: Այդ հաղթանակների շնորհիվ ծնվեց Հայաստանի Հանրապետությունը, մենք ստացանք անկախություն: Ճիշտ է, այդ անկախ հանրապետությունը շատ փոքր էր, ինչպես հետագայում հիշում էր Հովհաննես Քաջազնունին, բայց մենք հնարավորություն ստացանք նոր կյանք կառուցելու՝ անկախ ու ինքնուրույն: Նույնիսկ դիվանագետներից մեկը Հայաստանի տարածքի վերաբերյալ ասել էր՝ գերեզմանի համար մեծ էր, ապրելու համար՝ փոքր: Բայց մենք կարողացանք 2.5 տարվա ընթացքում ընդլայնել այդ տարածքները: Հիշենք, օրինակ, որ ՀՀ-ում 2.5 տարվա ընթացքում գրեթե բոլոր վայրերում դպրոցներ բացվեցին»,- ասաց Ազգային արխիվի տնօրենը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի խոսքով՝ այն, ինչ տեղի ունեցավ 1918-ի մայիսին, լոկ ռազմական հաղթանակ, գոյության համար տրված ճակատամարտերի շարք չէր: Ըստ նրա՝ շատ քիչ ազգեր կան աշխարհում, որոնք առավել քան 1000 տարվա  պետականության կորստից հետո վերականգնեցին այն: «Երևի մեկ կամ երկու ազգ կա, որոնք այդքան երկար ժամանակ անկախություն չեն ունեցել, գտնվել են թշնամական երկրների տիրապետության տակ, բայց կարողացել են պահպանել իրենց ազգային ինքնությունը կամ ստեղծել այն կառույցները, որոնք հետագայում պետք է պետականության կայացման հիմքը հանդիսանային: Հստակ պետք է հասկանանք, որ եթե չլիներ 1918-ի Հայաստանը, չէր լինի Սովետական Հայաստանը, եթե չլիներ Սովետական Հայաստանը, մենք չէինք ունենա այսօրվա Հայաստանը, մեր անկախ պետականությունը: Շատերը, ովքեր ո'չ պատմությունից գաղափար ունեն, ո'չ այդ օրերի իրականությունից, հակադաշնակցական կույր մոլուցքով ասում են՝ մենք 160 000 քառ. կմ էինք, ոմանց ֆանտազիան նույնիսկ 300 000 քառ. կմ-ի էր տանում, սակայն մենք դա կորցրեցինք ու ունեցանք 30 000 քառ. կմ: Կատարյալ հիմարություն է, քանի որ 1918-ի մայիսի 27-ին Հայաստան չկար, կար աշխարհագրական տարածք, որը կոչվում էր տարածք, ուղղակի աշխարհագրություն էր»,- ասաց Խաչատրյանը:

Ըստ նրա՝ անկախացումից հետո կարողացանք ստեղծել Հայաստան, որի մակերեսը չէ կարևոր, այլ գաղափարը, որ այդ նույն հողի վրա վերջապես Ցեղասպանությունից տուծաժ մարդիկ ինչ-որ ժամանակ հանգիստ հաց ու ջուր, առողջություն կարողացան գտնել: Նախարարի ներկայացմամբ՝ այսօր, երբ կարդում ես այն օրերի իրականության մասին, չես հավատում, որ երկրի ղեկավարի տաբատը գողանում էին, նա ուրիշ տաբատ չուներ, որ հագներ, կամ էլ՝ երկրի հիմնադիրներից մեկն էլ տիֆից մահացավ, քանի որ դեղորայք չկար: «Այդ պայմաններում մենք ունեինք տարանջատում՝ արևմտահայեր, արևելահայեր, և չմոռանանք, որ հայության մի մասը նույնիսկ Արևմտյան Հայաստանը չէր ընդունում: Այդ ծանր քաղաքական պայմաններում ինչպիսի եռանդ, ուժ, կամք ու միտք պետք է լիներ, որ Հայաստանը մենք ստեղծեինք: Հետևաբար, մենք պետք է արմատի վրա ոչնչացնենք այն գաղափարները, թե՝ այ, դուք եթե չլինեինք, մենք հիմա 100 մլն կլինեինք, ոչ, ընդհանրապես չէինք լինի: Այսօր Դաշնակցությունը միակ կապն է, որը կապում է Հայաստանի Առաջին հանրապետությունն ու այսօրվա հանրապետությունը: Մենք երբեք պատասխանատվությունից չենք խուսափել և թողել, որ ազգն ու երկիրը զարգանան ինքնահոսով, քանզի մենք ազգի պահպանման, երկրի կառուցման ամենամեծ ներդրումն ենք ունեցել»,- ասաց Խաչատրյանը:

Նա նշեց նաև, որ այսօր Հայաստանը նոր էջ է թևակոխել, նոր զարգացման միտումներ ունենք, և սպասելիքները շատ բարձր են: Խաչատրյանի խոսքով՝  այսօրվա կառավարությունը թերևս մեր 28 տարվա միակ կառավարությունն  է, որ այսքան մեծ ժողովրդական վստահություն ունի: «Մեր պատասխանատվությունն է, որպեսզի կարողանանք հայրենիքում և Սփյուռքում առկա սպասումները նյութականացնել: Բռունցքենք Հայաստանի և Սփյուռքի կարողությունները, որ չկորցնենք այս պատմական հնարավորությունը՝ մեր երկիրը զարգացնել, դարձնել բոլոր հայերի հայրենիք, սիրելի հայրենիք: Որովհետև մենք շատ հաճախ հայրենիքին հեռվից ենք նայում, հեռվից է Հայաստանը կանչում: Պետք է այնպես անենք, որ երբեք էլ Հայաստանը հեռվից չկանչի, մեր պարտականությունն է շենացնել մեր հայրենիքը, քանի որ միայն շեն հայրենիքը Սփյուռքի գոյության գրավականը կարող է լինել: Մայիսի 28-ը ոչ միայն ՀՀ-ի, այլ նաև հայ ժողովրդի փրկության օրն է»,- ասաց խաչատրյանը:

ՀՅԴ «Կոմիտաս» կոմիտեության ներկայացուցիչ Դրո Բազիկյանի խոսքով՝ 100 տարի առաջ այս օրերին հայ ժողովուրդը երկաթե շերեփի իրավունքով հռչակեց ազատ, անկախ և միացյալ Հայաստանի Հանրապետությունը: Ըստ նրա՝ ՀՅԴ-ն իր կազմավորման առաջին իսկ օրերից լծվեց հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների պաշտպանության և դրանց վերականգնման դժվարին գործին: «Այս աշխատանքի արգասիքը կարելի է համարել 1918-ի անկախության հռչակումը, որ իրագործվեց Դաշնակցության գաղափարական ոգու ներշնչումով և համայն հայության միացյալ ջանքերով: Անկախության հռչակումից հետո ՀՅԴ-ն իր ամբողջ ներուժով լծվեց պետականաշինության աշխատանքին, պետականություն, որից 700 տարի զուրկ է եղել հայ ժողովուրդը: Չնայած 1918-ին ձեռք բերված անկախության կարճ կյանքին` այն հանդիսացավ անկախ պետականության գաղափարի և պետական մտածելակերպի ձևավորման աղբյուրը: Փառք մայիսյան հաղթանակները կերտողներին, շնորհավոր մայիսի 28»,- ասաց Բազիկյանը:

Ի դեպ, ցուցահանդեսը  կգործի մինչև մայիսի 30-ը: