|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Մերժելի են այն բառապաշարը, արտահայտությունները, որոնք հնչեցին քարոզարշավի ժամանակ: «Դա զարմանալի է, քանի որ տարիներ շարունակ հայաստանյան հասարակության մեջ եղել են տարբեր կարծիքներ՝ միացում, անկախացում կամ այլ տարբերակ, բայց երբևիցե չի եղել դեպք, երբ հրապարակային հատվի այն կարմիր գիծը, որն իրականում չի կարելի անցնել անգամ մարդկային հարաբերություններում»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
«Այո, իշխանության ներկայացուցիչները տոն էին տալիս այդ ամենին, ինչը մերժելի է: Եթե դա եղել է էմոցիոնալ, հուզական դաշտում, ապա օր առաջ պետք է տեսնենք, որ դրանք պարզապես լեզվի սայթաքում էին, բանավեճի մեջ տաքացած մարդկանց արտահայտություն: Մենք պետք է տեսնենք, որ շտկվում է այդ ամենը՝ և' Արցախի ղեկավարության հետ հարաբերությունները, և' արված արտահայտությունները, որոնք թույլ են տալիս մարդիկ, որոնք չգիտեն, թե ինչ է Արցախի հարցը, բայց պարտավոր են իմանալ: Հուսով եմ, որ կլինեն դրական զարգացումներ»,- նշեց նա:
Անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանի ոչ մի ղեկավար և իշխանություն չի կարող լուծել Ղարաբաղի հարցը, որովհետև Ղարաբաղի հարցը լուծողը ժողովուրդն է, եթե լինի լուծման այնպիսի առաջարկ, որը, նրա կարծիքով, ընդունելի կլինի, այն կքննարկի ժողովրդի հետ, Լարիսա Ալավերդյանը նշեց, որ «Արցախի հարցը լուծել այնպես, որ հրապարակում կարծիք ասեն, դա չի լինելու»:
«Արցախի ժողովուրդը և հայությունը տվել են այդ հարցի լուծումը: Հերիք է հայաստանյան հասարակության մեջ փնտրենք լուծումներ, դրանք տրված են: Հայաստանյան հանրության և հայության համար կա մի խնդիր՝ ինչպես անել, որ անվտանգությունը և արդեն իսկ տրված լուծումներն օր օրի ամրապնդվեն: Երկրորդ՝ Արցախի հետ կապված ես խնդիր եմ տեսնում Սփյուռքի հետ աշխատանքի դաշտում: Վերջերս լավ նյութեր տպագրվեցին, ինչը ցույց տվեց՝ լավ են աշխատում մեր հարևան պետության ներկայացուցիչները տարբեր պետություններում, և այդ ֆոնին մեր արածն անգործություն է: Միջազգային հանրության մեջ տարածված է Արցախի հարցի խեղաթյուրված պատկեր, նաև` մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների: Չկա առանձին Հայաստանի անվտանգություն և Արցախի անվտանգություն, կա հայերի` տարածաշրջանում և այլուր անվտանգության խնդիր: Պետք է դադարել անպտուղ և վնասակար այնպիսի բանաձևերով հանդես գալը, որոնք հարցականի տակ են դնում Արցախի այսօրվա կարգավիճակը: Դրանից ցածր կարգավիճակի մասին խոսելը պարզապես անգրագիտություն է կամ թուլություն՝ քաղաքական, թե` իմացության: Կրկնում եմ՝ Արցախը տվել է իր պատասխանը, չկա այլևս Արցախի հարց: Այսինքն՝ կա Արցախի պատասխան, և մենք ակնկալում ենք բոլորից, ովքեր իրենց հայտարարում են պրոհայկական, որ պետք է պաշտպանեն և ամրապնդեն Արցախի պատասխանը, որը մենք ունենք այսօր՝ հանձին Արցախի Հանրապետության»,- ընդգծեց Ալավերդյանը:
Նա նաև նշեց, որ «մերժելի է համարում հայտարարությունները, թե Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ նախագահներն ուզում էին ծախել Արցախը»: «Շուկայական խոսակցությանը պիտի վերջ տրվի: Ես երեքին էլ քննադատել եմ և քննադատում եմ, բայց խոսում եմ քաղաքական կոպիտ սխալների մասին: Հիմա ես չեմ տեսնում, որ այն քաղաքական կոպիտ սխալները, որոնք ժամանակին թույլ են տրվել, այսօր փորձում են շտկել քաղաքական կամ դիվանագիտության դաշտում: Այն, ինչ կա, հռետորաբանություն է»,- պնդեց Ալավերդյանը:
Հարցին, թե խորհրդարան անցած ուժերի նախընտրական ծրագրերում Արցախի խնդրին վերաբերող տարբերություններ կա՞ն, մեր զրուցակիցը պատասխանեց, որ քարոզարշավի սկզբից ասել է, որ չի տեսել որևէ արձագանք Արցախի վերաբերյալ: «Առաջին օրվանից այնպիսի հանրային հայտարարություններ սկսվեցին, որոնք կապված չեն գրված ծրագրերի հետ, կամ որոնք կարելի է տեսնել ծրագրային մեկ-երկու նախադասության մեջ: Կրկնում եմ՝ ծրագրերում եղածը վերին աստիճանի անորոշ է, վերացական և որևէ առումով չի արտացոլում աշխարհաքաղաքակյան փոփոխությունները. կարծես գտնվում ենք 1990-1991 թվականներում: Կարծում եմ, որ չիմացությունը կարող է հանգեցնել ավելի մեծ վնասների, քան միտումը»,- նշեց Ալավերդյանը:
Մեր հիշեցմանը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարության մեջ շեշտադրվում են Դուշանբեի պայմանավորվածությունները՝ առանց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների հիշատակման, ինչը որոշ քաղաքագետների և քաղաքական ուժերի մոտ մտահոգության տեղիք է տվել, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպանն արձագանքեց. «Ի տարբերություն շատերի, երբ ես ընթերցում եմ հայտարարությունը, տեսնում եմ՝ որտեղ է վրիպում հայկական դիվանագիտությունը: ՄԽ-ի հայտարարությունն արձագանքն է մեր անորոշ վիճակի: Այնպես որ` որոշակիացնենք մեր դիրքորոշումը, որպեսզի ստանանք որոշակիացված հայտարարություն»: