կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-04 11:38
Քաղաքական

«ԶԼՄ մասին» օրենքում փոփոխությունների հարցով դիմել եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահին ու իմ գործընկեր լրատվամիջոցների հետ պատրաստ եմ պայքարել Նիկոլի վախերի դեմ. Ն. Զոհրաբյան

«ԶԼՄ մասին» օրենքում փոփոխությունների հարցով դիմել եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահին ու իմ գործընկեր լրատվամիջոցների հետ պատրաստ եմ պայքարել Նիկոլի վախերի դեմ. Ն. Զոհրաբյան

Հենց այսօր դիմել եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին ու իմ գործընկեր լրատվամիջոցների հետ պատրաստ եմ հնարավոր բոլոր գործիքներով պայքարել Նիկոլի վախերի դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության  պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների առաջարկությանը, ըստ որի՝ հարկավոր է փոփոխություններ կատարել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում՝ անանուն աղբյուրներին հղում անելն արգելելու նպատակով:

«Նիկոլ Փաշինյանի վախերը

Նիկոլ Փաշինյանի լրագրողական եւ պատգամավորական գործունեության ալֆան եւ օմեգան «օդում կախված լուրերն» էին։

Ըստ օդում կախված լուրերի՝ նա մարդկանց մեղադրում էր սպանությունների, թալանի, կոռուպցիայի, մարդ առեւագնելու եւ մարդ խոշտանգելու մեջ։

Ըստ օդում կախված լուրերի` նա մարդու անձնական կյանքը գցում էր հանրության բերանն ու ասում էր՝ ծամեք»,- գրել է Զոհրաբյանը և հավելել, որ հիմա, Նիկոլ Փաշինյանը ԶԼՄ մասին օրենքով ուզում է Հայաստանում ազատ խոսքը եւս ձեւել իր ճաշակով, որպեսզի «ազատ խոսք» համարվի, իր խոսքով՝ «բացառապես իր ՊՈԱԿ-ի երկնած ֆեյքաաղբը»:

«Եւ այսպես՝ այն, ինչ անելու է Նիկոլ Փաշինյանը՝ հակասահմանադրական է.

Որովհետեւ 100-ից ավել երկրների օրենսդրությամբ անանուն աղբյուրին հղում անելը պաշտպանված է հենց Սահմանադրությամբ։

Որովհետեւ լրագրողական աղբյուրների պաշտպանությանը անդրադարձ կատարել են ոչ միայն ներպետական օրենսդրությունները, այլ նաև միջազգային ամենատարբեր կառույցներ, օրինակ՝ Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ու Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն, անանուն աղբյուրների բացահայտման հետ կապված բազմաթիվ որոշումներ ունի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, օրինակ՝ «Financial Times»-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, «Goodwin»-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, որտեղ հստակ նշվում է, որ լրագրողական աղբյուրները պետք է պաշտպանվեն, լրագրողական աղբյուրները հենց անանուն լինելու համար են եւ լրագրողն իրավունք ունի չմատնանշել լրագրողական աղբյուրը։

Որովհետեւ ըստ միջազգային իրավունքի` անանունությունը ևս մարդու իրավունք է եւ լրատվամիջոցը պարտականություն չունի իր լրատվական աղբյուրները բացահայտելու։

Եւ վերջին «Որովհետեւը».

Նիկոլը հերթական հակասահմանադրական շարժումներն անում է բացառապես որոշ «Տելեգրամ» ալիքների տրամադրած տեղեկությունների տարածումը լրատվամիջոցներով կանխելու համար։

Հենց այսօր դիմել եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքյոյին ու իմ գործընկեր լրատվամիջոցների հետ պատրաստ եմ հնարավոր բոլոր գործիքներով պայքարել Նիկոլի վախերի դեմ»,- գրել է Զոհրաբյանը։