կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-12-07 18:59
Առանց Կատեգորիա

Բանավեճային մշակույթի էական բաժինը

Բանավեճային մշակույթի էական բաժինը

Արդեն ավարտվում է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Հայաստանի Հանրապետության քաղաքացին շուտով կուղղվի դեպի ընտրատեղամաս եւ դեպի քվեատուփ՝ կատարելու իր քաղաքացիական իրավունքն ու պարտավորությունը` ընտրելու իրեն ներկայացնող խորհրդարանը:

 Ձեւավորվելիք խորհրդարանի բաղադրության, բաղադրատարրերի յուրահատկության եւ ընդհանրապես այն կազմող ուժերի դավանած աշխարհահայացքի, գաղափարաբանության եւ քաղաքական դիրքորոշումների մասին այժմվանից կանխատեսումնային պատկերացումներ փոխանցելը ճիշտ չէ: Որքան էլ վիճակագրական տվյալները ընդհանուր պատկերացումներ փոխանցեն, որքան էլ քաղաքական սթափ գնահատականը որոշակի պատկերացում տա խորհրդարանի ձեւավորման մասին, այսուհանդերձ կանխորոշման գործոնի բացարձակությամբ չպետք է առաջնորդվել: 

Ժողովրդավարական երկրներին հարիր չեն բացարձակ կանխորոշումները: Ընտրության արդյունքները ժողովրդավարական հասկացողությամբ պետք է ունենան որոշակիորեն եւ իրենց չափով` հանկարծակիության գործոնի հնարավորությունը:

 Կարելի է նշել մի քանի դիտարկումային արձանագրումներ:

 Նախ, իհարկե չի կարելի ժխտել, որ բանավեճային մշակույթը թեկուզ ոչ ակնկալված տարողությամբ, այսուհանդերձ համարձակ քայլերով ինքն իրեն զգալի դարձրեց Հանրապետությունում: Հատկապես հեռուսաբանավեճային հաղորդումները նպաստեցին քաղաքացու տեղեկացվածության աստիճանաչափի բարձրացմանը: Հեռուստակայաններից հետ չընկան նաեւ էլեկտրոնային այն կայքերը, որոնք որոշ ժամանակ առաջ հաստատել էին համացանցային հեռուստացույցի դրույթները եւ ակտիւորեն քայլ պահեցին ընտրական մշակույթի նորարար ոճի առարկայացման ընթացքում:

 Բնականաբար թե ՛ հեռուստացույցի եւ թե՛ կայքերի այս արտադրանքների հասանելիությունները բազմապտակվեցին սոցցանցերի միջոցով` ոչ միայն առաջին անգամ հետեւելու կարելիության ընձեռնմամբ, այլ նաեւ վերադիտումների առիթ տալով: Այստեղ արդեն քաղաքացին կամ օգտատերը կրավորական հետեւողից անցում կատարեց դեպի քննարկողի, տեսակետ հայտնողի կարգավիճակ:

 Լեզվակռիվը, հռետորական փոխհրաձգությունը շատ դեպքերում տիրական երեւույթի վերածվեց այս քննարկումների ընթացքում. գաղափարականությունն ու ծրագրայնությունը հաճախ զիջեցին առաջին երեւույթին: Այսուհանդերձ նկատելի պարագաների ինչպես ներքին, ներհայաստանյան հարցերի, այնպես նաեւ համահայկական գործընթացների մասին բոլոր ուժերը հնարավորություն ունեցան պարզաբանելու իրենց նախընտրական ծրագրերում ներառված հիմնադրույթները:

  Եկամտահարկից մինչեւ հարկելու կամ չհարկելու համար աշխատավարձերի կամ շահույթների շեմերի ճշտման պահանջները, ներդրումային դաշտի կայացման համար տարբեր պատկերացումները, կրթակարգի վերաբերող խնդիրները, առողջապահության, թոշակի եւ քաղաքացու իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ միջոցառումները` կազմեցին ներհայաստանյան խնդիրների արծարծման առանցքները: Մինչ, արցախյան հակամարտության, պաշտպանության խնդիրների ՀԱՊԿ-ի, ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի ինչպես նաեւ ՌԴ-ի, Իրանի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վարիվերումները արտաքին քաղաքականության այն գերակա ուղղություններն էին, որոնց շուրջ ընթացան թեժ բանավեճերը:

 Ժողովրդավարական կարգերի ավանդություն կերտած երկրների դեպքում բանավեճերին առընթեր, անմիջականորեն, գրեթե ժամանակի իմաստով առընթեր տեղի են ունենում մասնակցող ուժերի վարկանիշերի նոր գրանցումներ: Այնտեղ տատանումները ակներեւ են եւ յուրաքանչյուր բանավեճ նկատելի ազդեցություն է ունենում տվյալ ուժի վարկանիշի բարձրացման կամ անկման վրա:

 Այստեղ է, որ քաղաքացիական տեղեկացվածությունն ու դատողությունը իբրեւ նախընտրական մշակույթի կարեւոր բաղադրիչ անհրաժեշտ է, որ աշխատեն նպատակային: Եթե զգալի լինի մասնակցողի գաղափարաքաղաքական գերակայությունը իր մրցակցի հանդեպ կամ՝ հավելալ տեղեկացվածությունն ու պատրաստվածությունը եւ երբ իբրեւ արդյունք վարկանշային աստիճանաչափերի կտրուկ տատանումներ տեղի չեն ունենում, դա նշանակում է կանխորոշման կարծրատիպի ամուր նստվածք:

 Պարզ է միաժամանակ, որ ամեն ինչ հանգրվանային ու փուլային է. նաեւ՝ այս դեպքում: Բանավեճերը կիմաստավորվեն, եթե դրանց հաջողվի  քանդել կարծրատիպերը. փոխվեն ամեն գնով ընդդեմի համոզվածությամբ դիրքորոշվելու մոտեցումները եւ հետհզհետե սկսեն զանգվածայնանալ բանավեճերին առընթեր վարկանիշերի եւ քարացած իրավիճակի փոփոխության միտումները: Իսկ այդ վարկանիշերի բարձրացումն ու անկումը

ժողովրդավարական հասկացողությամբ եւ 21-րդ դարի տեղեկացված քաղաքացիական հասարակարգի համարժեք` անմիջականորեն առնչություն ունեն կուսակցությունների, քաղաքական ուժերի ներկայացրած հայեցակարգերի գաղափարակայնությամբ եւ ծրագրայնությամբ ելեւէջող նշաձողերի հետ:

  ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր