կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-10 17:46
Հասարակություն

Միայն հետևանքների դեմ պայքարելով չես կարող երևույթն արմատախիլ անել. Հրանտ Մարգարյան

Միայն հետևանքների դեմ պայքարելով չես կարող երևույթն արմատախիլ անել. Հրանտ Մարգարյան

«Կարծում եմ` սրանով մենք կարևոր սկիզբ ենք ճշտում մեզ համար: Ճիշտ է, որ Դաշնակցությունը միշտ սոցիալական արդարության կողմնակից է եղել և հաճախ իր ընտրական պլատֆորմներով հրապարակ եկել, բայց սրանով մենք մի հայեցակարգ ենք ներկայացնում, որը դառնում է ինչ-որ ուղեցույց»,-այսօր «ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթները» նախագծի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Նա նշեց, որ ցանկացած դաշնակցական, լինի` նախարար, խմբագիր, գրող, պատգամավոր, սոցիալ-տնտեսական հարցերին մոտենալու է` ըստ այս հայեցակարգի:

«Սա կարևոր է այն առումով, որ Հայաստանի քաղաքական դաշտում կուսակցությունները հաճախ շատ են նմանվում իրար` իրենց սոցիալ-տնտեսական քաղաքականությամբ: Կարող է իրար հայհոյեն, իրար չընդունեն, միմյանց բևեռներ ներկայանան, բայց խորքում` սոցիալ-տնտեսական հարցերում նույնն են: Մենք տարբերվում ենք բոլորից, որովհետև մենք լիբերալ տնտեսական համակարգը չենք ընդունում, մերն ավելի շատ սոցիալ-դեմոկրատական հիմունքների վրա է: Այս առումով, ես կարծում եմ, մենք կարևոր քայլ ենք կատարում: Կարևոր նաև այն առումով, որ մեր ժողովուրդը, քաղաքականացած շերտը մեր երիտասարդության, մեր ժողովրդի պետք է կարողանա անդրադառնալ, որ աղքատությունը չսիրելը, աղքատության դեմ պայքարը միայն խոսքով և ցանկությամբ չէ: Դա պետք է նաև քաղաքականություն լինի, ծրագիր լինի` աղքատությունը վերացնելու հիմնավոր ծրագիր: Պետք է տեսնեն, որ դա Դաշնակցությունն ունի: Եվ այսպես շարունակ, որովհետև կոռուպցիա և այն բոլոր երևույթները, որոնց դեմ այսօր խոսում են, ինչ-որ պատճառով են ստեղծվել:

Միայն հետևանքների դեմ պայքարելով չէ, որ կկարողանաս երևույթներն արմատախիլ անել, պետք է կարողանաս հիմնավոր լուծումներ բերել: Մենք այդ  հիմնավոր լուծումներն ենք բերում: Այս առումով, ես կարծում եմ` կարևոր գործի սկիզբն է դրվում այսօր:

Այս սկզբը պետք է դրվեր դեռևս ամիսներ առաջ, սակայն վերջին իրադարձությունները խանգարեցին, եկանք, հասանք այսօրվան: Այս ծրագիրը նաև կարևոր էր այն առումով, նկատի ունեմ` նախկինի և այսօրվա վիճակը, որ մենք կոալիցիայի մեջ լինելով, նոր ուղղություն ենք բացում, որը հավանաբար կառավարական քաղաքականության համահունչ չէ, բայց սա մեր քաղաքականությունն է, մեր տեսակն է:  Եթե մենք մեծամասնություն լինեինք, այդպես կղեկավարեինք երկիրը, տնտեսությունը, սոցիալական հարցերին այդ մոտեցումը կցուցաբերեինք և կղեկավարեինք»,-նշեց Մարգարյանը:

Հարցին, թե այս նախագիծը կարելի՞ է դիտարկել որպես նախընտրական քարոզարշավ, Մարգարյանը պատասխանեց,-«Այդ դեպքում մենք պլատֆորմ կձևավորեինք և այդպես կխոսեինք, որպեսզի կոնկրետ հարցերի պատասխանեինք: Բայց սա ուղղության, ուղեգծի ճշտում է, որն ընտրապայքարի հետ կապ չունի»: