կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-05 14:31
Քաղաքական

Փաշինյանը դեռ ցուցմունք տալու է` մեղադրյալի կարգավիճակով. Դավիթ Շահնազարյան

Փաշինյանը դեռ ցուցմունք տալու է` մեղադրյալի կարգավիճակով. Դավիթ Շահնազարյան

Տեղեկացրել էինք, որ Դավիթ Շահնազարյանն այսօր հրավիրվել էր ԱԱԾ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Շահնազարյանը մանրամասներ ներկայացրեց:

Նա նշեց, որ երեկ երեկոյան` ժամը 21:45-ի սահմաններում, զանգ է ստացել ԱԱԾ մի սպայից, որն ասել, որ ուզում են տեսնել իրեն ու ինչ-որ բան փոխանցել: «Եկան սրճարան, ինձ բերեցին մի թուղթ, ըստ որի` ինձ հրավիրում են ԱԱԾ: Եթե այլ իրավապահ կառույց լիներ, ես ուղղակի կպատռեի այդ թուղթը: Նման դեպք եղել է` ՀՔԾ-ից էին ուղարկել` հուլիսից, իհարկե, այդ թուղթը չէի վերցրել ու ոստիկաններին էլ ամոթանք էի տվել: Իսկ ԱԱԾ-ից ինձ ուղարկված թղթում նշված է, որ նոյեմբերի 27-ի իմ մամուլի ասուլիսում ասել եմ, որ ներկայիս կառավարությունը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իրականացնում է քաղաքականություն` իշխանություն Արցախի փոխարեն: Եթե ես նման հայտարարություն եմ արել ամսի 27-ին, ինչո՞ւ եք ինձ հիմա կանչում ԱԱԾ: Ուղղակի երեկ վարչապետը հրահանգեց այդ մասին»,- ասաց Շահնազարյանը:

Նրա խոսքով` երեկ ինքը կրկին ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ եթե իր որևէ բառ չի համապատասխան իրականությանը, թող Փաշինյանն ուղիղ եթերում իր հետ բանավեճի ժամանակ ասի այդ մասին: «Ըստ էության` ինչ է ասել վարչապետը, ասել է` գնա, Արցախի հարցը կքննարկես ԱԱԾ-ում: Մեկ անգամ ևս հայտարարում եմ, որ ներկայիս վարչախումբն իրականացնում է այդ քաղաքականությունը: ԱԱԾ-ից ինձ ուղարկված փաստաթղթում արդեն իրավական գնահատական են տալիս դրան: Ես առայժմ իրավական գնահատական չեմ տա, ես տվել եմ քաղաքական գնահատական և պատասխանատու եմ ամեն բառի համար»,- ասաց Շահնազարյանը:

Նա պարզաբանեց, թե ինչո՞ւ երեկ Փաշինյանը, ըստ իրեն, վախեցավ գալ ուղիղ եթերով բանավեճի: «Հո չէր գալու` ցուցմունք տալու: Դեռ շուտ է, բայց նա ցուցմունք տալու է` մեղադրյալի կարգավիճակով: Սա սպառնալիք չէ, խոստում չէ: Գալու է այդ օրը, որ նա սկսելու է ցուցմունք տալ, և այդ դեպքում իրավապահ մարմինները կտան իրավական գնահատական»,- նշեց Շահնազարյանը:

Նա հայտնեց, որ այսօր պատրաստվում էր գնալ ԱԱԾ, սակայն` այլ պատճառով: Շահնազարյանը հիշեցրեց, որ ղեկավարել է այդ կառույցը, 23 տարի է անցել, և այս տարիների ընթացքում որևէ բացասական գնահատական չի տվել այդ կառույցին: Սակայն այսօր, նրա խոսքով, Հայաստանում իրավապահ կառույցներ գոյություն չունեն, դրանք պատժիչ կառույցներ են, որոնք պետության հետ ոչ մի կապ չունեն և պաշտպանում են միայն Փաշինյանի շահերը: «Սա քաղաքական հետապնդում է` ուղղված ոչ միայն իմ դեմ: Սա փորձ է վախեցնելու այն մարդկանց, որոնք պատրաստվում են քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Այն վիճակում, ինչ վիճակում գտնվում են վարչապետն ու նրա կողքին կանգնածները, ինքներդ կարող եք գնահատել` զրահաբաճկոններ գոյություն չունեն, մնացել են մերկ մարմինները, ինչն ապացուցում է նրանց ողջ կեցվածքը, և այն, ինչ պատրաստվում են իրականացնել Արցախի հարցում, թույլ չենք տալու: Կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին `քվեարկել բացառապես ՀՀԿ-ի օգտին, քանի որ ամեն ձայնը, որ կարող է գնալ Փաշինյանի օգտին, կարող է լինել կրակոց Արցախի վրա»,- ասաց Շահնազարյանը:

Ըստ նրա` ով իրեն չի համարում ՀՀ քաղաքացի, իր գործն է:

Շահնազարյանը կոչով դիմեց ոստիկաններին, անվտանգության աշխատակիցներին` մի' արեք այնպես, որ դուք էլ նրանց հետ պատասխանատվություն կրեք: «Պետք է պաշտպանեք պետությունն այս չարիքից, որը կոչվում է հեղափոխություն: Սա մեծագույն չարիքն է, որը պատրաստվում է մեր պետության և Արցախի համար: Եվ վերջում` սրանից հետո ինձ նման թղթեր չուղարկեք, քանի որ այլևս չկա անվտանգության ծառայության նկատմամբ իմ նախկին վերաբերմունքը: Ուղարկեք ծանուցագիր, կարող եք ձերբակալել կամ կալանքի օրդեր ուղարկել: Ինձ և 100-ներին, 1000-ներին 30 տարի առաջ չկարողացավ կոտրելլ Խորհրդային միության ԿԳԲ-ն: Խորը շունչ քաշեք և խելքներդ գլուխներդ հավաքեք: Այս վարչախմբի իշխանությունը բավական կարճ է լինելու, ավելի կարճ, քան դուք կարծում եք: Մի' դարձեք Փաշինյանին մեղսակից»,- ասաց Շահնազարյանը: