կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-30 18:00
Քաղաքական

Համընդհանուր կոչ՝ կառուցելու կայուն միջազգային հասարակություն․ քանի դեռ ուշ չէ

Համընդհանուր կոչ՝ կառուցելու կայուն միջազգային հասարակություն․ քանի դեռ ուշ չէ

Սոցինտերնը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է  կլիմայի փոփոխությունների դեմ պայքարին և կոչ արել գործընկերներին և քաղաքացիական հասարակությանը՝ միավորել միասնական ջանքերը հանուն Կայուն զարգացման նպատակների իրականացման: Փաստաթուղթը ստորագրել են նաև Սոցինտերնի անդամ ՀՅ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը և Սոցինտերնում ՀՅԴ ներկայացուցիչ, Կազմակերպության փոխնախագահ Մարիո Նալբանդյանը: Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև:

«Համընդհանուր կոչ՝ կառուցելու կայուն միջազգային հասարակություն․ քանի դեռ ուշ չէ»

Չնայած կլիմայի փոփոխության դեմ ՄԱԿ-ի և բազմաթիվ կառավարությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական շարժումների ջանքերին՝ վերջին տվյալները վկայում են, որ մեր գործողությունները չակտիվացնելու դեպքում չափազանց ուշ կլինի։

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովն իր վերջին ժողովում հայտարարել է, որ ընդամենը մեկ տասնամյակ կա գլոբալ տաքացումը առավելագույնը 1.5 աստիճանով պահպանելու համար, և նույնիսկ կես աստիճան բարձրացումը զգալիորեն կվատթարացնի երաշտների, ջրհեղեղների, խիստ տաքության և աղքատության ռիսկերը հարյուր միլիոնավոր մարդկանց համար: Նպատակին հասնելու համար անհրաժեշտ են անհապաղ և աննախադեպ փոփոխություններ, որոնք մատչելի են և իրագործելի:

Առաջիկա համաժողովի (COP24) նախօրեին, որը տեղի է ունենալու դեկտեմբերի սկզբին, մենք՝ աշխարհի ամենամեծ առաջադեմ քաղաքական ընտանիքի՝ Սոցինտերնի առաջնորդներս, հանդես ենք գալիս կոչով՝ ընդլայնել բազմակողմանի համագործակցությունը մարդկության համար այս կարևոր մարտահրավերը լուծելու ուղղությամբ և ավելի արդյունավետ գործունեություն ծավալել բոլոր մակարդակներում:

Սոցինտերնը տարիներ շարունակ ակտիվ է եղել կլիմայի փոփոխության դեմ բազմակողմանի պայքարի ճանաչման գործում: Իր «Հանուն կայուն միջազգային հասարակության» հանձնաժողովի աշխատանքների շրջանակում Սոցինտերնը նաև ուրվագծել է անհրաժեշտ քաղաքականություն, ինչպես օրինակ՝ միջազգային հարկ CO2-ի (և այլ ջերմոցային գազերի) վրա:

Մենք հանձնառու ենք և ձգտում ենք հեղափոխություն իրականացնել մտածելակերպի, քաղաքականության և կենսակերպի մեջ՝ այս նոր հիմնախնդիրների լուծման համար: Պետք է ստեղծել նոր պարադիգմ, թե ինչպես գործել, ինչպես արտադրել և ինչպես սպառել: Այս մտքի փոփոխությունը պահանջում է, որ Կայուն զարգացման նպատակները դառնան մեր հիմնական կրթական ծրագրերի, մասնագիտական վերապատրաստման և գիտահետազոտական աշխատանքների, ինչպես նաև մեր քաղաքական որոշումների մաս:

Շատ կարևոր է, որ Կայուն զարգացման նպատակներն իրականացվեն, եթե մենք ցանկանում ենք հաղթահարել աղքատությունն ու անգրագիտությունը, ապահովել խաղաղություն, պաշտպանել մարդու իրավունքները, կառավարել բնակչության շարժերը և երաշխավորել արդար, կայուն հասարակություններ գալիք սերունդների համար:

Այս էական փոփոխությունների հաջողության բանալին սոցիալական արդարությունն է, հավասարությունը և առողջ, համախմբված, մասնակցային հասարակությունը, որը հարգում է բոլորի արժանապատվությունը:

Մենք դատապարտում ենք աշխարհի պահպանողական և ամբոխահաճո շրջանակներին, որոնք պարբերաբար խոչընդոտում են կլիմայի փոփոխության դեմ պայքարի ջանքերը: Նրանց շարժառիթները համընկնում են նավթագազային հզոր արդյունաբերության շահերի հետ, որոնք ուժեղ լոբբինգ են անում շրջակա միջավայրը պաշտպանող ցանկացած կարգավորման դեմ, որը կարող է կրճատել նրանց եկամուտները: Մենք բոլորին կոչ ենք անում դիմակայել գիտակցված ջանքերին, որոնք ուղղված են գիտական փաստերի խեղաթյուրմանը և նվազագույնի հասցնել գլոբալ տաքացման աղետալի ռիսկերը:

Կայուն զարգացման նպատակները անկյունաքար են ավելի լայն գլոբալ սոցիալական պայմանագրի համար: Սոցիալական պայմանագիրը կարող է միավորվել մեր մոլորակի կառավարություններին և ժողովուրդներին լուրջ տարաձայնությունների ժամանակ՝  ընդհանուր նպատակների միջոցով՝ նպաստելով պատասխանատու համագործակցությանը և կարգավորմանը:

Կլիմայի փոփոխության սոցիալական ազդեցությունները կապված են մի շարք ռիսկերի հետ, այդ թվում՝ ֆինանսական, որոնք պետք է գնահատվեն ապագա ներդրումների համար:

Սոցիալական գործընկերները, քաղաքացիական հասարակությունը և քաղաքացիները պետք է ընդունեն սոցիալական պատասխանատվության մարտահրավերները՝ միավորելով ջանքերը ցածր ածխածնային հասարակությունների համար իրենց ամենօրյա կյանքում:

Մենք հանձնառու ենք լինել առաջամարտիկներ ավելի մարդկային և կայուն մոլորակի համար մղվող պայքարում...

 

Մասնակից երկրների ցանկը ստորև՝ http://www.socialistinternational.org/images/dynamicImages/files/A%20global%20call%20for%20a%20sustainable%20world%20society%20(1).pdf?fbclid=IwAR24dKU6IdgyelnZe5a21Uo3Ys3n3FbckbizNOTBvoAlHAMt6S-_uKtLH7g