Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը, որն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, հանդիպում էր նախաձեռնել մշակութային գործիչների հետ: Խոսքի սկզբում նա ասաց, որ հանդիպման նպատակն է հասկանալ, թե, ըստ արվեստագետների ու մշակութային գործիչների, ինչպես և ինչ չափաբաժնով պետությունը պետք է օժանդակի արվեստին, մշակույթին: «Քննարկումների արդյունքում ուզում ենք հասկանալ, թե ինչպես պետությունը պետք է օգնի մշակույթին` առավել ներկայանալի դարձնելու համար թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս: Այս հանդիպման իմաստը հենց դա է, որ, եթե հնարավոր է, կարողանանք գտնել այդ մոդելը»,- ասաց պատգամավորը:
Ռեժիսոր, բեմադրիչ Վահան Խաչատրյանն այն տեսակետին է, որ կարևոր է հասկանալ ոչ միայն պետության դերն ու նշանակությունը մշակույթի ոլորտում, այլև` մշակույթի մարդկանց դերը պետության մեջ, քանի որ մշակույթն ավելի լայն է, քան մեր պետությունը: Ըստ նրա` մշակույթի գործիչները, իհարկե, միշտ էլ հավելյալ ֆինանսավորման ու օժանդակության կարիք ունեն, բայց դրա համար կան միջազգային հիմնադրամներ ու ստարտափներ, որոնց օգնությամբ կարելի է մի շարք ծրագրեր իրականացնել:
«Ինչքան կարևոր է, որ մեր նկարիչները հաճախ ցուցադրվեն միջազգային հարթակներում: Դա ոչ միայն մշակույթի զարգացումը կխթանի, այլև կօգնի նաև տուրիզմի հարցում, Հայաստանն էլ ավելի ներկայանալի կդառնա: Պետությունը պետք է կամուրջ լինի մշակույթի ու միջազգային այդ ֆոնդերի միջև: Պետք է մարդ լինի կամ կառույց ստեղծվի, որ արվեստագետներին բացատրի, տեղեկացնի վերոնշյալ ֆոնդերի մասին ու համագործակցությունը կյանքի կոչի»,- մանրամասնեց ռեժիսորը:
Քանդակագործ Սարգիս Բաբայանն էլ պնդում է, որ այսօր մեր երկրում բացակայում է արվեստային մթնոլորտը: Հիշում է` մշակույթի գործիչներ-վարչապետ հանդիպման ժամանակ խնդրի մասին բարձրաձայնողներ եղան, թե արվեստի նկատմամբ հարգանքն ու սերը պետք է մանկապարտեզներից ներդնել, ինչին ինքը կողմ է` միանշանակ:
Նա էլ նույն կարծիքին է, որ պետությունը պետք է կարողանա հայ արվեստագետներին ներկայացնել միջազգային հարթակներում: «Պետք է գտնել այդ մարդկանց: Հայաստանում եթե կան լուրջ համադրողներ, ապա նրանց պետք է ներգրավել այս գործում, նրանց, ովքեր խոսք ունեն տարբեր հարթակներում, ավելի լսելի է նրանց ձայնը, քան անհատ ստեղծագործողներինը: Եթե որևէ լուրջ համադրող գա ու աշխատի հայ արվեստագետների, մշակույթի գործիչների հետ, ապա դա կարող է հանգեցնել թե՛ այդ մարդկանց` միջազգային հարթակներում ճանաչում ձեռք բերելուն, թե՛ ստեղծագործությունների գնի աճին»,- իր տեսակետը հայտնեց քանդակագործը: