կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-22 16:24
Հասարակություն

Հայկական դրամը 25 տարեկան է

Հայկական դրամը 25 տարեկան է

ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ուղերձ է հղել ՀՀ դրամի ներդրման 25-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«…Քսանհինգ տարում, իհարկե,  եղել են ցնցումներ, որոնք հիմնականում եկել են արտաքին աշխարհից, բայց բոլոր այդ դեպքերում Հայաստանի ֆինանսական համակարգը, որի ձևավորման հիմքում Հայկական Դրամն է, ցուցաբերել է բարձր ամրություն, համախմբվածություն և պրոֆեսիոնալիզմ: Ֆինանսական համակարգը, առանց որևէ բյուջետային աջակցության, դիմակայելով բոլոր տեսակի մարտահրավերներին պահպանել, և լիահույս եմ, ապագայում ևս կպահպանի այն կայունությունը, որն այսօր չափազանց կարևոր է: Այս տարիներին ստեղծվել և կայացել են նաև բոլոր այն ենթակառուցվածքները,  որոնք անհրաժեշտ են ֆինանսական համակարգի կայուն զարգացման և շարունակականության ճանապարհին:

Այս տոնական օրը ցանկանում եմ շնորհավորել բոլորիս նաև երրորդ սերնդի թղթադրամներիդրամաշրջանառություն մտնելու կապակցությամբ. նոր թղթադրամները տպագրված են ժամանակակից լավագույն պաշտպանական հատկանիշներով և իրենց որակական հատկությունների շնորհիվ շատ ավելի երկար կծառայեն՝ էապես կրճատելով դրամաշրջանառության ապահովման ծախսերը: Հայկական Դրամն ունեցել և այսուհետ էլ ունենալու է ամենաժամանակակից պաշտպանական հատկանիշները:

Այսօր լավ առիթ է նաև շնորհավորելու բանկային համակարգի աշխատակիցներին, քանի որ Հայկական Դրամի ներդրման օրը նշվում է նաև որպես բանկային աշխատակցի օր: Ցանկանում եմ շեշտել, որ Կենտրոնական բանկը, ունենալով օրենքով վերապահված անկախության հիմքեր, մշտապես գործել է բարձր պատասխանատվությամբ, թափանցիկ և առավելագույն ջանքերն է ներդրել իր խնդիրների իրագործման ընթացում, որի համար իմ շնորհակալությունն եմ հայտնում Կենտրոնական բանկի թիմին, նախկին և ներկա աշխատակիցներին»: