կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-02 23:32
Քաղաքական

Սարսափելի իրավիճակ է, հալածախտի դրսեւորում. Հրանտ Մարգարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին. News.am

Սարսափելի իրավիճակ է, հալածախտի դրսեւորում. Հրանտ Մարգարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին. News.am

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չի կարծում, թե պետական դավաճանության կասկածների շուրջ Փաշինյանի հայտարարությունը վերաբերում է իրենց կուսակցության անդամներին։ NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այս հայտարարությամբ Փաշինյանը ցույց է տալիս, որ այլ կարծիքները հիվանդագին է ընդունում։

«Ես չեմ կարծում, որ Փաշինյանը մեր մասին էր խոսում, բայց զգում եմ, որ ինչ–որ հալածախտի դրսեւորումներ կան, այլ կարծիք հնչեցնելը համարվում է նույնիսկ դավաճանություն։ Սա սարսափելի իրավիճակ է, ես չէի ուզենա, որ մեր ներքին մթնոլորտն այդպես լիներ, բայց զգացվում է, որ այլ կարծիք հնչեցնելն արդեն հիվանդագին է ընդունվում, որը շատ զարմացնող է, եւ մեզ համար անընդունելի է։ Երբեք մենք չենք նահանջի, երբեք մենք չենք վախենա, եթե նպատակը վախեցնելն է։ Կարծում եմ՝ ինքն էլ գիտի, որ մեզ դրանով չի կարող վախեցնել։ Եթե մարդ կա, որ հանցագործ է, պետք է ԱԱԾ–ն դրանով զբաղվի, կարիք չկա, որ Նիկոլ Փաշինյանը բեմից ասի՝ ԱԱԾ դրանով զբաղվի»,– նշեց նա։

Մարգարյանի կարծիքով՝ այս ամենը իր վրա բռնապետի վարքագծի տպավորություն է թողնում։
«Ես կարծում եմ, որ դրանք հակացուցված բաներ են, դրանք բռնապետերի վարքագիծ են, ես չէի ուզենա, որ մեր երկրում այդպես լիներ։ Ամոթ է, եկեք հանգիստ ընտրապայքար տանենք, տարբեր տեսակետներ հնչեցնենք, խաղաղ գնանք ընտրության, ընտրությունից դուրս գանք, հետո ամեն ինչ իր տեղը կընկնի»,– ասաց նա։ 

Հրանտ Մարգարյանը մեզ հետ զրույցում նաև նշեց, որ ինքը չի կարող ասել, թե կոնկրետ ում էր ուղղված Փաշինյանի խոսքը։
«Իմ կարծիքով՝ ավելի սադրիչ է մարդկանց ասֆալտին փռելը, պատերին ծեփելը, պատեպատ տալը, քան տարբեր տեսակետներ հնչեցնելը։ Կարող է՝ դրանք սխալ տեսակետեր են, բայց ասել, որ դավաճանություն է, դա հիվանդագին մոտեցում է, եթե ավելի վատ՝ բռնատիրական մոտեցում է»,– հավելեց Հրանտ Մարգարյանը։
Հրանտ Մարգարյանը նշեց, որ նմանատիպ հայտարարություններն իրենց վրա չեն ազդի, իրենք նորմալ հունով կշարունակեն քարոզարշավը. «Մենք չենք իջնի իրենց մակարդակին, իրենց նման բաներ չենք ասի, մեր հունից դուրս չենք գա, ջղաձգումներ չենք ունենա»։

Հրանտ Մարգարյանի կարծիքով՝ ընտրապայքարը կարող էր շատ ավելի լավը լինել, քաղաքակիրթ, կարող էին ուժերն իրենց ծրագրերը ներկայացնեին, գաղափարական պայքար ընթանար։
«Բոլորն ունեին անհանգստանալու պատճառներ, բացի իշխող ուժից, բայց այսպես եղավ։ Փաշինյանը չի կարողանում հանդուրժել այլ կարծիք, մենք ժողովրդավարությունից հետ ենք մնացել։ Հույս ունեմ, որ այս հայտարարությունները հայտարարության մակարդակի վրա կմնան»,– ասաց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը։

Նշենք, որ դեկտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանը Գորիսում հայտարարել էր, որ որոշ մարդկանց սադրիչ քաղաքական հայտարարություններով կզբաղվի ԱԱԾ–ն եւ ռազմական հակահետախուզությունը։