կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-16 21:45
Առանց Կատեգորիա

Ի՞նչն ենք պաշտպանում...

Ի՞նչն ենք պաշտպանում...

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլին են ներկայացնում երկրի բյուջեն, ուր պատերազմող երկրի հիմնավորմամբ անտեսվել էր մշակույթի ոլորտը, Չերչիլն ընդվզում է` ասելով. «Այդ դեպքում էլ ինչի՞ համար ենք պայքարում, ի՞նչն ենք պաշտպանում»:

Այս տողերը հիշեցի ու մտովի նույն հարցը մեզ տվեցի, երբ օրերս Հանրայինի եթերում բախվեցի «Երևանի մնջախաղի պետական թատրոն-Մշակույթի նախարարություն» կոնֆլիկտին։ Պարզվում է` անհիմն էր թատրոնի, իմ և շատ-շատերի ուրախությունը, երբ անցյալ տարի Մշակույթի նախարարությունը վերջապես որոշում ընդունեց իր ստեղծման օրից /1974թ/, տարբեր տանիքների տակ դեգերող, 1983 թվականից պետական կարգավիճակ ունեցող Երևանի Մնջախաղի թատրոնին անհատույց հատկացնել Գրապալատի նախկին տարածքը։

Այս որոշման հիմքում հաստատ թատրոնին անարժանապատիվ թափառումներից ազատելը չէր սոսկ, այլև, ժանրային առումով, հանրապետությունում միակ մնջախաղի թատրոնի հրաշալի ժառանգության գնահատումն էր և արժևորումը, մշակույթի նկատմամբ պետական պարտադիր հոգածության գիտակցումը։

Այսօր, սակայն, պարզվում է, որ Մշակույթի նախարարությունը չեղարկում է նախկինների որոշումը, բերելով խիստ խոցելի կամ զավեշտական հիմնավորումներ, և ամենակարևորը՝ չունենալով պրոֆեսիոնալ պատկերացում կամ այլընտրանքային առաջարկություն։ Նախ հայտարարվում է, որ տարածքը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում է, թեև փաստացի տվյալ հասցեն ներառված չէ այդ ցանկում։ Եվ, եթե նունիսկ, դա այդպես է,  կամ հիմա են ուզում ընդգրկել, ապա համապատասխան չափանիշների պահպանմամբ հուշարձանային կառույցների վերականգնումն ու գործառնական նոր նշանակությամբ օգտագործումը միայն երկարացնում է դրանց կյանքը։

Այսպիսին է համաշխարհային փորձը։ Հետո հայտարարվում է, գրեթե իբրև մեղադրանք հնչեցվում, որ տարածքի վերակառուցման նախագիծը հարկատուների վրա 8մլն դրամ է նստել (թատրոնի գեղ․ղեկավարը պնդում է՝ 1.3մլն):

Բնական է, այդպես էլ պետք է լիներ․ մեր հարկերի հաշվին են գոյանում պետական միջոցները, և նախարարություններն ու այլ պետական ինստիտուտները մեր՝ հարկատուներիս կողմից դելեգացված են խելամիտ քաղաքականություն որդեգրել կամ որոշումներ ընդունել։ Տարածքի վերակառուցման մրցույթը թատրոնի տնօրինության տիրույթում չէ, այլ լիազոր մարմնի, և, եթե ներկայացված նախագիծը խաթարում է քաղաքաշինական նորմերը, հուշարձանի անսամբլայնությունը, ապա կարելի է փոփոխության ենթարկել, պատշաճեցնել միջավարին։

Հետո նախարարության ներկայացուցիչը մեկ այլ, ոչ պակաս խոցելի, անգամ զավեշտալի պատճառաբանություն է ներկայացնում․ 1000 քառակուսի մետրը շատ է 20 հոգանոց թատերախմբի (իրականում՝ 36 և ավելիի) համար։ Այդ դեպքում, եթե ազնիվ մոլորությամբ կարծում եք, թե թատրոնը բուն ներկայացման բեմն է կամ գործողությունը, գուցե մի 100 քառակուսի մետր բեմ առաջարկեք։

Բայց կարծես սա էլ են առաջարկում՝ համաօգտագործմամբ կիսել Պարարվեստի ուսումնարանի բեմը․․․և սա այն դեպքում, երբ այս բազմաչարչար որոշումն ընդունվել է` թատրոնը տասնամյակների հյուծիչ տնվորությունից ազատելու և արժանապատիվ ստեղծագործական պայմաններ ապահովելու գիտակցումով։ Իսկ այս ամենն ի վերջո ամփովում է հաղորդման մասնակիցներից մեկի առաջարկությամբ. ծրագրով հիմնավորել, թե ինչու է թատրոնին անհրաժեշտ տարածք։

Դժվար չէ պատկերացնել, թե մշակույթի վաստակավոր գործիչ, միջազգային փառատոնի հիմնադիր, միջազգային մի շարք փառատոներից տասնյակ գրան պրիներ Հայաստան բերած, Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն ինչ ապրումներ է ունենում։ Նույնքան ծանր է զգացողությունը էկրանի մյուս կողմից․որքան պեղում եմ մշակութային հիշողությունս, չեմ հիշում նախադեպ, երբ լիազոր մարմնի ներկայացուցիչը իր ենթակայության կառույցի ճակատագիրը ներկայացնի հանրային քննարկման՝ չունենալով հստակ պատկերացում կամ առաջարկություն։

Նոր Հայաստանով ոգևորված ինձ պես հազարների մտքում արդյունքների սպասում կա, և հատկապես հոգևոր-մշակութային դաշտում, որովհետև կրթությունն ու մշակույթը ազգային պետության հիմնական խարիսխներն են։ Դրանք համակարգաստեղծ են և հնարավորություն են տալիս հարափոփոխ աշխարհում ճիշտ դիրքավորվել, ձևավորել միասնական արժեքային համակարգ։ Ու, եթե Չերչիլի հարցը՝ «Այդ դեպքում էլ ինչի՞ համար ենք պայքարում, ի՞նչն ենք պաշտպանում» հարցն ունեմ մտքումս, ունեմ նաև պատասխանը՝ մշակութային արժեքների։

Լիլիթ Գալստյան