Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս ակցիան ուղղված չէ նախարարի դեմ, մենք պաշտպանում ենք հայոց լեզվի իրավունքը, և այդ իմաստով՝ ուսանողներն իրավացի են, իրավացի են նաև հայոց լեզվի դասախոսները. այսօր լրագրողների հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց ԵՊՀ բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Յուրի Ավետիսյանը:
Պրոֆեսորի խոսքով՝ խնդիրը հետևյալն է. «Ասում են, որ բուհերին պետք է տրվի ինքնավարություն, բուհերը պետք է որոշեն՝ անցնո՞ւմ են «Հայոց լեզու» առարկան, թե՞ ոչ , բայց հենց սկզբից բոլոր ելույթներում պաշտոնական անձինք ուղղորդում են հանրությանը, ստեղծում են տրամադրություն, որ հայոց լեզուն, փաստորեն, վնասում է մասնագիտական առարկաների ուսուցմանը, ճնշում է նրանց, նրանց ժամերը խլում. խնդիրներից մեկը սա է»:
Յուրի Ավետիսյանը փաստեց, որ բակալավրիատում ուսումնառության 4 տարիների ընթացքում դասավանդվում են մի քանի հազար ժամերով դասընթացներ, որից հայոց լեզվին տրամադրվում է ընդամենը 64 ժամ: «64 ժամն այդքան խանգարո՞ւմ է ուսանողների մասնագիտական կրթությանը, թե՞ օգնում է՝ որպես գործիք, որպես միջոց: Իհարկե, կան թերություններ, լիազորված մարմինը պետք է հետևի, ուսումնասիրի, եթե կան սխալներ, ուղղորդի, ոչ թե վերացնի առարկան»,- խոսքը եզրափակեց ԵՊՀ բանասիրության դոկտոր, պրոֆեսորը:
Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ այսօր` նոյեմբերի 6-ին, ժամը 09:30-ից սկսած, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարելու, որով հանդես են գալու ԿԳՄՍ նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաների դասավանդումը ոչ մասնագիտական բուհական ծրագերում ոչ պարտադիր դարձնելու մասին դրույթի դեմ:
Նարա Մարտիրոսյան