Լիբանանում հայկական պատգամավորական բլոկի և ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունու գլխավորած պատվիրակությունը, որի մաս է կազմել Լիբանանի պետական երաժշտական կենտրոնի տնօրեն Պասսամ Սապան, Համազգայինի ներկայացուցիչ Հակոբ Հավաթյանն ու Պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր ղեկավար Հարութ Ֆազլյանը, այցելել է նախագահական պալատ և հանրապետության նախագահի Միշել Աունին առաջարկել հովանավորել հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված գեղարվեստական հանդիսությունը։
Ըստ Aztagdaily-ի՝ Աունը մեծ հիացմունք է հայտնել Ազնավուրի վաստակի և արվեստի մասին՝ ընդգծելով հայության մոտ Ազնավուրի վայելած ժողովրդականությունն ու նրա արվեստի գնահատելի ընկալումը լիբանանցի ժողովրդի կողմից։
Նախագահը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ դեռևս հոկտեմբերին Երևանում Ֆրանկոֆոնիայի կազմակերպության վեհաժողովի ժամանակ մասնակից երկրների ղեկավարներն իրենց ելույթներում մեծ հիացմունքով են արտահայտվել Ազնավուրի մասին։
Հանրապետության նախագահը սիրով ընդառաջել է Ազնավուրին նվիրված միջոցառումը հովանավորելու` ՀՅԴ պատվիրակության առաջարկին:
Հայտնենք, որ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության եւ Լիբանանի պետական երաժշտանոցի համատեղ գործակցությամբ նոյեմբերի 15-16-ին Սեն Ժոզեֆ եկեղեցում տեղի կունենա Ազնավուրին նվիրված գեղարվեստական հանդիսություն, որին կմասնակցեն Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, լիբանանցի ու հայրենի մենակատարներ ու երաժիշտներ, ինչպես նաեւ տեղական եւ Համազգայինի երգչախմբեր:
Հանդիսությանը կհրավիրվեն նաև կրոնական, պետական, դիվանագիտական եւ մշակութային անձինք։