կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-23 16:33
Քաղաքական

Մեկ պաշարում են ԱԺ-ն ու ասում`Նիկոլ Փաշինյանին ընտրեք, մեկ պիտի պաշարեն, ասեն` մի՞ ընտրեք. Արմեն Ռուստամյան

Մեկ պաշարում են ԱԺ-ն ու ասում`Նիկոլ Փաշինյանին ընտրեք, մեկ պիտի պաշարեն, ասեն` մի՞ ընտրեք. Արմեն Ռուստամյան

Շատ գովելի է, որ բոլորը կամաց-կամաց հասկանում են` գործընթացները պետք է Սահմանադրության տառին և ոգուն համապատասխան լինեն, որ ԱԺ-ի լուծարումը կատարվի իրավունքի ուժով. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով «Ելք»-ի կողմից վարչապետի թեկնածու առաջադրելուն:

«Ժամանակին դա էինք ասում, բայց մեզ դավաճան, հակահեղափոխական էին հանում, սակայն իրականության մեջ նպատակը հենց այն էր, որ որևէ սև բիծ կամ ինչ-որ թաքուն թակարդ, ական չդրվի այն պրոցեսի տակ, որը հանգեցնելու է ԱԺ-ի լուծարմանն իրավունքի ուժով: Այն, ինչ մենք ասում էինք, նրա համար էր, որ լուծարումը տեղի չունենա ուժի իրավունքով: Հիմա կամաց-կամաց հասկանում են, որ Սահմանադրության տառն ու ոգին պետք է հարգել, և ստիպված գնում են այս քայլին»,- ասաց պատգամավորը:

Միևնույն ժամանակ նա հայտարարեց, որ դեռ չեն որոշել` վաղն ինչպես են քվեարկելու: «Մենք կորոշենք` ինչ պետք է անենք: Գոնե մի ուրիշի առաջարկեին, որի օգտին չքվեարկելը հեշտ լիներ: Հիմա Նիկոլ Փաշինյանի օգտին չքվեարկելը հնարավոր է ժողովրդի մի զգալի մասի մոտ առաջացնի այն տպավորությունը, որ մենք հակահեղափոխական ենք, սև ուժ ենք: Այնպիսի մթնոլորտ են ստեղծել, որ մարդ չգիտի` ինչ անի, որն է ճիշտ: Այս առումով մտածելու բան կա»,- ասաց Ռուստամյանը և հավալեց, որ, բնականաբար, իրենք չեն ուզում որևէ պրոցես խափանվի:

Հարցին` ֆորսմաժորային իրավիճակները բացառո՞ւմ է, պատգամավորը պատասխանեց. «Ֆորս մաժորն արդեն սկսվել է` հենց դեկտեմբեր դնելով: Մեր համոզմամբ` հենց դրանից է սկսվել այս բոլոր արհեստական գործընթացների տրամաբանությունը: Մենք որ ասում էինք` պետք է լինի ճանապարհային քարտեզ, պետք է հրաժարական տալու գործընթացներն համաձայնեցնենք, այսպիսի բաների համար էինք ասում, որ պարզ դառնար` կա քաղաքական համաձայնություն, բայց, չգիտես` ինչու, մարդիկ որոշեցին վերջնագրային և պարտադրանքի լեզվով այս պրոցեսները տանել: Երևի համարում են, որ այս նախընտրական փուլում այսպես է պետք` բոլոր հակառակորդներին փորձել նսեմացնել, կոտրել, ավելի լավ դաշտ ունենալ ընտրությունների շեմին»:

Դիտարկմանը` նրանք դա բացատրում են, թե պրոցեսն արագացրեց գիշերային քվեարկությունը, Ռուստամյանը պատասխանեց. «Հիմա ինչ իրենք անում են, մենք այդ տրամաբանությունից ելնելով էինք անում, որ ԱԺ-ն իրավունքի ուժով լուծարվի: Եթե այդպես է, թող չառաջադրեին վարչապետի թեկնածու, ինչո՞ւ են առաջադրում: Ուրեմն խնդիր կարող է, չէ՞, առաջանալ: Մենք էլ դա էինք ասում` թողնենք, որ բնական պրոցես լինի, ոչ թե պարտադրանք, ոչ թե պարտադրեն, որ ԱԺ-ն չհավաքվի, նույն տրամաբանությունը չէ՞: Հիմա ընդհանուր մոտեցումը նայես, չես հասկանում` մեկ պաշարում են ԱԺ-ն ու ասում` Նիկոլ Փաշինյանին ընտրեք, մեկ պիտի պաշարեն, ասեն` մի՞ ընտրեք: Աբսուրդի մեջ ենք հայտնվել, չէ՞»:

Ռուստամյանը նշեց, որ ժողովուրդն իր իշխանությունը ոչ թե փողոցով ու հրապարակով պետք է իրականացնի, այլ հանրաքվեով ու ընտրություններով, և կարծես` կամաց-կամաց հասկանում են, որ դա այդպես է: Նա ասաց, որ ոչինչ չի բացառում, որ հնարավոր է Փաշինյանը վաղն ընտրվի: «Այս իրավիճակն այնքան արհեստական է, որ չես իմանում` ինչ կստացվի այս ամենից»,- եզրափակեց պատգամավորը: