կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-05 14:21
Քաղաքական

Եթե ԱԺ-ն բանի պետք չէ, հավաքվեք հրապարակում, ժողովրդով կողմ-դեմ արեք, միաձայն բյուջե ընդունեք. Շարմազանով

Եթե ԱԺ-ն բանի պետք չէ, հավաքվեք հրապարակում, ժողովրդով կողմ-դեմ արեք, միաձայն բյուջե ընդունեք. Շարմազանով

Այն, ինչ հիմա անում է վարչապետը, հակասում է նրա արած հայտարարություններին. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում  ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Նա մեկ ամիս առաջ ասել է, որ ընտրությունները պետք է լինեն մայիս-հունիսին, երբ նա մայիսի 8-ին ընտրվեց, ասաց, որ կուսակցությունների մասին օրենքում, ընտրական օրենսգրքում փոփոխություններ պետք է արվեն, բայց հիմա ոչ մի բան արված չէ»,- նշեց պատգամավորը:

Շարմազանովը շարունակեց. «Հիմա էլ ասում է, թե ներդրողներն են մեղավոր, բայց երեկ էլ գլխավոր խորհրդականն ասաց, որ ներդրողներն էլ մեղավոր չեն: Սփյուռքի նախարարն էլ ասում է` սփյուռքահայերը վիզ դրած սպասում են, որ արտահերթ ընտրություն լինի, նոր գան, տուն առնեն, երդում են կերել` քանի դեռ էս արտահերթ ընտրությունները վատ ուժերը չեն անում, մենք ոչ մի տուն, ոչ մի թիզ, ոչ մի բան չենք առնելու Հայաստանում: Բա սա լո՞ւրջ է: Այսինքն` այսօրվա կառավարության և վարչապետի ասածների միջև չկա պատճառահետևանքային տրամաբանական կապ: Ամեն ինչ պարզ է` Կարգին Հայկոյի ընտրություններից հետո մարդն իր մտքում որոշել է` շատ լավ ա, հրաժարական տամ, 82% ա թող դառնա 70 %, 70% ես կունենամ, մի երկու հատ էլ գրպանային ընդդիմություն կլինի, հենա` տեսանք, անուններ չեմ տալիս, որ ոչ ոք չնեղանա, կասի` դուք գնացեք, ինձ քննադատեք: Կունենանք 100 տոկոսանոց պոդկոնտռոլնի պառլամենտ, վերջ: Ուրախ կյանքն ո՞վ է տվել` հայ ժողովուրդը»:

ԱԺ փոխխոսնակը նշեց` մինչդեռ իրենք ասում են, որ Հայաստանում ոչ սովորական իրավիճակ է,  որևէ ժողովրդավարական երկրում չի կարող այդպես լինել: «Դա աբսուրդ է, ինչ ասում ենք, ասում են` ժողովուրդն է ուզում: Բա քաղաքական ուժերն ինչի՞ համար են, ինչո՞ւ են բերել այս օրենքը քվեարկելու. թող իրենք հրապարակում հավաքվեին, ժողովրդով որոշեին ֆրանկոֆոնիայի օրերը  ոչ աշխատանքային անել: Բյուջեն ինչո՞ւ են բերելու ԱԺ: Երբ պետք է լինում, հիշում են, որ Ազգային ժողովն օրենսդիր մարմին է, բերում, ասում են` քվեարկեք, եթե պետք չի լինում ասում են` ժողովուրդն ա որոշում: Դե եթե ԱԺ-ն բանի պետք չէ, անելու բան չունի, կարծիքն էլ հաշվի չեք առնում, էլ ո՞ւր եք գալիս ԱԺ: Հրապարակում հավաքվեք, կողմ-դեմ արեք, ասեք` ֆրանկոֆոնիայի օրերը ոչ աշխատանքային են, բյուջեն ընդունվեց միաձայն, ժողովուրդը կողմ է քվեարկել բյուջեին: Իրենք իրենց ասածին հակասում են»,- եզրափակեց Շարմազանովը: