կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-18 14:58
Քաղաքական

Եթե մտածում են` ժողովրդով ճնշելու են ԱԺ-ի վրա, սխալվում են. Նաիրա Զոհրաբյան

Եթե մտածում են` ժողովրդով ճնշելու են ԱԺ-ի վրա, սխալվում են. Նաիրա Զոհրաբյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը «Լույս» դաշինքի քարոզարշավի ժամանակ ուշագրավ ակնարկներ արեց գործընկեր Նիկոլ Փաշինյանին: Անդրադառնալով այս օրերին Փաշինյանի հնչեցրած մեղադրանքներին` Արամ Սարգսյանը նշեց, որ այլեւս իրենք էլ են ստիպված մտածել` քվեարկե՞լ Աժ արտահերթ ընտրությունների անցկացման օգտին, թե՞ ոչ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն էլ հայտարարել է, որ ակնկալում են Նիկոլ Փաշինյանի ներողությունը:

Այս օրերին լարվել են նաեւ ԲՀԿ-ի եւ «Իմ քայլը»-ի հարաբերությունները: Փոխադարձ մեղադրանքները Նաիրա Զոհրաբյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ պայթյունավտանգ իրավիճակի էին հասել: Երեկ, սակայն, կողմերը կարծես փոքր-ինչ մեղմացրել էին հռետորաբանությունը:

Yerkir.am-ը Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք ստեղծված անվստահության մթնոլորտը կստիպի, որ իրենք եւս մտածեն իրենց հետագա քայլերի մասին, ինչպես Նիկոլ Փաշինյանի անմիջական գործընկերները՝ «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները:

Զոհրաբյանը նախ ասաց, որ կիսում է գործընկերների հնչեցրած բոլոր մտահոգությունները՝ կապված «Իմ քայլը» դաշինքի հռետորաբանության հետ։ Զոհրաբյանը նշեց, որ հարցը դեռ չեն քննարկել, կքննարկեն, կորոշեն: Իսկ մինչ այդ ընդգծեց. «Որևէ մեկը հանկարծ մտքի ծայրով չանցկացնի, որ կարող է ժողովուրդ բերել Ազգային ժողով և պարտադրել քվեարկել մի բանի համար, որի համար մենք չենք ուզում քվեարկել: Մենք նմա՞ն ենք մեկի, որին հնարավոր է ճնշել։ Ժողովուրդը մոբիլիզացվեց Սերժ Սարգսյանի ռեժիմից ազատվելու համար, բայց եթե կարծում են, որ անընդհատ ասելով՝ «պառկեցնեմ ասֆալտին», «կտանք պատերին» և այլ անհասկանալի արտահայտություններով մարդկանց բերելու են` ԱԺ-ի վրա ճնշում գործադրեն, ասում եմ՝ չեք կարողանալու, չեք անելու»,- նշեց պատգամավորը եւ ընդգծեց, որ այն ճանապարհով ինչ գնացել են ՀՀԿ-ն, ՀՀՇ-ն, հիմա գնում է Նիկոլ Փաշինյանի թիմը: