կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-01 15:39
Քաղաքական

Մարուքյանը խուսափում է դիրքորոշում հայտնելուց, եթե չկա կառավարության կամ «Ելք»-ի տեսակետ

Մարուքյանը խուսափում է դիրքորոշում հայտնելուց, եթե չկա կառավարության կամ «Ելք»-ի տեսակետ

Այսօր ԱԺ պետաիրավական նիստի օրակարգում էր «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու հարցը: Այն վերաբերում է ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսված հեռախոսազրույցի համար ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Քննիչ հանձնաժողովի նիստում «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առաջարկ էր արել, որ պաշտոնատար անձը պաշտոնից հեռանալուց հետո էլ պարտավոր լինի ներկայանալ քննիչ հանձնաժողով, եթե ունի գործի հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն:

Խնդիրն այն է, որ ներկայիս կարգավորումով պաշտոնատար անձանց ներկայանալը հանձնաժողով պարտադիր է, իսկ սովորական քաղաքացին իրավունք ունի հրաժարվելու: Պետրոսյանի առաջարկից հետո համապատասխան փոփոխության նախագիծ ներկայացրեց ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը: Փոփոխությունն առաջարկում է, որ պաշտոնատար անձը, եթե հեռանում է պաշտոնից, պետք է շարունակի պարտավոր լինել ներկայանալ նիստին: «Փոփոխության առիթը պայմանավորված է քննիչ հանձնաժողովի նիստում Գևորգ Պետրոսյանի կատարած առաջարկով: Կարող են լինել պաշտոնատար անձինք, ովքեր կարևոր տեղեկություն ունեն, պաշտոնից ազատվելու դեպքում նարնց համար կլինի ոչ թե պարտավորություն այլ իրավունք ներկայանալու նիստին, իսկ փոփոխությամբ կդառնա պարտադիր»,- ասաց նա:

Ըստ Հովհաննիսյանի` բոլոր ուժերին ներկայացվել է նախագիծ, և որևէ խնդիր չկա կատարելու այդ փոփոխությունը:

Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ սահմանադրական փոփոխությունների ժամանակ առաջարկել էր նախագիծ, որում կար դրույթ քննիչ հանձնաժողովի վերաբերյալ, և պնդում էր, որ քննիչ հանձնաժողովը կանչի պաշտոնատար անձանց նաև պաշտոնից հետո, բայց այդ առաջարկը մերժվեց:

Գևորգ Պետրոսյանը նշեց, որ տեսականորեն չի բացառվում, որ վաղը, մյուս օրը շատ կարևոր մարդ` պաշտոնատար անձ, կարող է ինքնակամ հրաժարվել պաշտոնից և չներկայանալ նիստերին: «Մենք հիմա ուզում ենք բացառել նման ռիսկը»,- ասաց նա:

Կառավարության ներկայացուցիչ` արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը հարցրեց` արդյո՞ք փոփոխությունը վերաբերում է այն բանին, թե այդ պաշտոնաթող անձինք, ովքեր պարտավոր են պաշտոնը թողնելուց հետո կանչվել հանձնաժողով, հանձնաժողովի ստեղծվելուց հետո են պաշտոնաթող եղել, թե` շատ ավելի վաղուց:

Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ դա վերաբերում է այն անձանց, ովքեր հանձնաժողովի ստեղծվելուց հետո են պաշտոնից հրաժարվել:

Էդմոն Մարուքյանը ճշտեց` արդյո՞ք քննիչ հանձնաժողովում «Ելք»-ի ներկայացուցիչը կողմ է եղել այս փոփոխությանը: Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն արձագանքեց, որ բոլոր անդամները կողմ են եղել:

Պետրոսյանն էլ առաջարկություն արեց. «Օրինակ` պատգամավորն իր կամքից անկախ պատճառներով իրավունք չի ունենում մասնակցելու քննիչ հանձնաժողովի նիստին, նիստն այդ պահից համարվի ընդհատված` մինչև այդ խնդիրները վերանան»:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ չի կարող այս առաջարկին կողմ քվեարկել, քանի որ այս կետով կառավարության դիրքորոշումն էլ չգիտեն, խմբակցության որոշումն էլ չկա: Պետրոսյանի առաջարկի քվեարկությանը Մարուքյանը չմասնակցեց, մնացած անդամները կողմ քվեարկեցին, իսկ ահա ամբողջ փոփոխության փաթեթն ընդունվեց միաձայն և մտավ քառօրյայի օրակարգ: