կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-28 16:19
Հասարակություն

Սա նորմալ վիճա՞կ է, այսպե՞ս ենք Սևանա լճի վիճակը պատկերացնում. փոխնախարարը`«Սևան» ազգային պարկի տնօրենին

Սա նորմալ վիճա՞կ է, այսպե՞ս ենք Սևանա լճի վիճակը պատկերացնում. փոխնախարարը`«Սևան» ազգային պարկի տնօրենին

ԱԺ-ում ընթացող «Սևանա լճի հիմնախնդիրը» թեմայով լսումների ժամանակ բանավեճ տեղի ունեցավ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Դավիթ Գևորգյանի և «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանի միջև:

Գուլանյանը հայտարարեց, որ «Սևան» ազգային պարկն ունի շատ ռեսուրսներ այլընտրանքային տուրիզմի զարգացման համար: «Առաջիկայում ականատես կլինենք գեոպարկերի ստեղծմանը` պատմամշակութային հուշարձաններով»,- ասաց նա` նշելով, որ բոլոր գերատեսչությունների հետ կա համագործակցություն:

Նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանը դեմ էր, որ «Սևան» ազգային պարկը տնտեսական զարգացման ծրագրերով զբաղվի: «Բնապահպանական ռիսկերը գնահատող, բնապահպանական խնդիրներով զբաղվող կառույցը` լինի ազգային պարկը, թե ինչ-որ ՊՈԱԿ կամ նախարարություն, չի կարող նաև ինքը կազմել տնտեսական զարգացման ծրագիր, դա կա'մ զարգացման լավ ծրագիր չի լինելու, կա'մ պատշաճ բնապահպանություն չի իրականացվելու: Կառավարության` 2017թ. որոշումը հակասում է այս որոշմանը»,- ասաց նա:

Փոխնախարարի կարծիքով` ազգային պարկն ուղղակի չի կարող բավարար մակարդակով երկու հարցն էլ լուծել, և դրա վառ վկայությունը տնտեսական զարգացման ներկայիս մակարդակն է «Սևան» ազգային պարկի տարածքում: «Չեմ կարծում, որ մենք ուզում ենք մեր զբոսաշրջիկներին այդ տեսքով ներկայանալ, որ այդ տեսքով աղբահանություն իրականացվի»,- ասաց նա:

Փոխնախարարն ընդգծեց, որ պարկը պետք է պահանջի տնտեսվարողից` պատշաճ աղբահանություն իրականացնել: «Ժառանգության մասին եք խոսում, տարածքային կառավարումից եք խոսում, թե ինչ ժառանգություն եք ստացել: Մենք էլ ձեզանից ենք նույն ժառանգությունը ստանում, սա նորմալ վիճա՞կ է, այսպե՞ս ենք վիճակը պատկերացնում»,- ձայնը բարձրացրեց նա:

Վահե Գուլանյանը կարճ արձագանքեց. «Նախ` բոլոր տնտեսվարող սուբյեկտներն ունեն աղբահեռացման պայմանագիր, ինչ մեզանից հասել է՝ արել ենք պատշաճ և ամբողջ ծավալով: Եվ հետո` որպեսզի ձեր տեղեկատվությունը լինի ամբողջական, այլ ոչ թե աշխատակիցների հեռախոսազանգի միջոցով, պահանջեք գրավոր և կունենաք ամբողջական տեղեկատվություն»,- ասաց նա: 

Բնապահպան Կարինե Դանիելյանը նշեց, որ պարկն  էկոտուրիզմը, ագրոտուրիզմն իրավունք ունի զուգակցելու բնապահպանական խնդիրներին: «Այլ հարց է` որքանով լավ է արվում, որքանով` վատ, դրա համար էլ ազգային պարկ է, այլ ոչ թե արգելոց»,- պարզաբանեց նա: