կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-31 15:40
Հասարակություն

Ներկայացվել է «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի նախագիծը

Ներկայացվել է «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի նախագիծը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են «Սևան» ազգային պարկի բարեփոխումներին վերաբերող հարցեր: 

Մասնավորապես, ներկայացվել է «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի նախագիծը: ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը նշել է, որ հայեցակարգի նպատակը տնտեսական և բնապահպանական շահերի հավասարակշռմամբ, ներդրումների ներգրավման միջոցով տարածքում տնտեսական ակտիվության բարձրացումն է և զբոսաշրջության զարգացումը: Այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է միջոցառումներ իրականացնել լճի՝ որպես ազգային և տարածաշրջանային նշանակության քաղցրահամ ջրավազանի պահպանման, էկոհամակարգի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման ու բարելավման, հանգստյան գոտու զարգացման և ներդրումային գրավչության համար անհրաժեշտ իրավական (հարկային) միջավայրի ձևավորման, կառավարման, տնտեսական, բնապահպանական, քաղաքաշինական, հողօգտագործման խնդիրների լուծման և մի շարք այլ ուղղություններով: 

Քննարկվել են հայեցակարգով առաջարկվող բարեփոխումների, ինչպես նաև «Սևան» ազգային պարկի կառավարման համակարգի բարեփոխումների և զարգացման հիմնադրույթների, Սևանա լճի ափամերձ հատվածի 2018-2030 թթ. տնտեսական զարգացման տեսլականի, ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացրած առաջարկությունները: Կառավարության ղեկավարին զեկուցվել է նաև «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գործունեության վերաբերյալ ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:

Հավանության արժանացնելով հայեցակարգով առաջարկվող լուծումները և մոտեցումները՝ վարչապետը կարևորել է տնտեսվարող սուբյեկտների գործունեության հստակ կանոնների սահմանումը և հանձնարարել համապատասխան առաջարկություններ ներկայացնել: