կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-30 16:17
Հասարակություն

«Վեոլիա ջուր»-ը թույլ չի տա, որ իր գործունեությունը ձախողեն. հայտարարություն

«Վեոլիա ջուր»-ը թույլ չի տա, որ իր գործունեությունը ձախողեն. հայտարարություն

«Վեոլիա ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն հանդես է եկել հայտարարությամբ.«Հարգելի բաժանորդներ,

2018 թվականի օգոստոսի 25-ին «Վեոլիա Ջուր» ընկերությանը հրապարակավ ներկայացվեցին լուրջ և անհիմն մեղադրանքներ:

Առանց հաշվի առնելու անմեղության կանխավարկածի սկզբունքը, որը պաշտպանված է հայկական և եվրոպական օրենսդրություններով, ՀՀ ոստիկանությունը իր պաշտոնական կայքէջում զետեղել է տեղեկատվություն, ըստ որի «պարզվել է», որ մեր Ընկերության երեք ղեկավար անձինք, որոնց անունները, ընդ որում, նշվել էին, ներգրավված էին եղել ներհիմնարկային կոռուպցիոն գործողություններում , իսկ երկու այլ ղեկավար անձինք էլ կաշառել են ՀՀ ՀԾԿՀ-ին՝ ջրի սակագնի բարձրացման նպատակով, վերջինիս ներկայացուցիչներին աշխատանքային այցով Ֆրանսիա հրավիրելու միջոցով:

Վերոհիշյալ արշավի համատեքստում մենք պարտավոր ենք անհապաղ վերականգնել ճշմարտությունը և մեր հազարավոր բաժանորդներին հավաստիացնել, որ մենք ամեն օր աշխատանքներ ենք կատարում ամբողջ Հայաստանում:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը մերժում է կոռուպցիայի հետ կապված մեղադրանքները: Ընդհակառակը, գործարքների դեպքում Ընկերությունը մշտապես խստորեն կիրառել է թե՛ կառավարության, թե՛ պետական տարբեր ատյանների կողմից սահմանված ընթացակարգերը:

«Վեոլիա» ընկերությունը հաղթող է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կողմից կազմակերպված լիովին թափանցիկ միջազգային մրցույթում և ստորագրել է ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի կառավարման Վարձակալության պայմանագիրը:

Այս պայմանագրի շուրջ լրջագույն բանակցություններ են վարվել ամիսներ շարունակ: 15 տարիների համար նախատեսված սակագները բազմաթիվ քննարկումների առարկա են դարձել: Սակագները սահմանվել են, ամրագրվել, ընդունվել, իսկ համապատասխան փաստաթղթերը ստորագրվել են բոլոր կողմերի կողմից: Համաձայն պայմանագրի՝ առաջին 7 տարիների ընթացքում սակագները պետք է որոշ չափով բարձրանան յուրաքանչյուր տարի՝ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից կատարվող ներդրումների մի մասը և հատկապես «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից կառավարությանը վճարվող շատ բարձր վարձակալության վարձավճարը փոխհատուցելու համար: Այդ վարձավճարն ուղղակիորեն վճարվում է Հայաստանի Հանրապետության բյուջե, և այդ գումարից ջրային ոլորտին անհրաժեշտ ներդրումները որևէ կերպ չեն ֆինանսավորվում:

Այսպիսով, 2019 թվականին ջրի սակագինը կբարձրանա՝ համաձայն մեր պայմանագրի:

Սակագնի բարձրացման հարցը քարացած չէ և պայմանավորված է իրավասու մարմինների հետ լուրջ քննարկումներով միայն, եթե դրանք ծավալվեն անկեղծ և թափանցիկ մթնոլորտում:

Վերոհիշյալ փոփոխությունը կարող է իրականացվել «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից կառավարությանը վճարվող վարձակալության վճարի մասնակի կամ ամբողջական վերաբաշխման միջոցով /որը ներկայումս ամբողջությամբ ֆինանսավորվում է սակագնից/: Նշյալ վերաբաշխումը կնախատեսի ջրային ոլորտում ներդրումներ կամ գործող պայմանագրով նախատեսված սակագնից էլ ավելի ցածր սակագնի պահպանում:

2017 թվականի հունվարի 1-ից ի վեր «Վեոլիա Ջուր» ընկերությունը կատարել է իր բոլոր պարտավորությունները, այդ թվում խոստացված ներդրումները և ժամանակին վճարել է վարձավճարը: Մինչդեռ Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի կարողացել կատարել իր պարտավորությունները և իրականացնել ներդրումներ, ինչը վտանգի է ենթարկել շահագործման գործընթացը: Դա ամենուրեք հանգեցրել է տեխնիկական մեծ դժվարությունների, հատկապես հուլիս ամսվա ընթացքում, երբ աննախադեպ տապ էր: Գիտակցելով «Հայաստանի Հանրապետություն» գործընկերոջ տնտեսական դժվարությունները՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը մինչ օրս չի ցանկացել պահանջել վերջինիցս իրականացնելու ներդրումների իր մասը: Հակառակը, վարձակալության պայմանագրի շրջանակներից դուրս «Վեոլիա Ջուր» ընկերությունն իր սեփական միջոցներից իրականացրել է ներդրումներ՝ շարունակելով ապահովել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը չի ընդունում ներհիմնարկային կասկածելի գործարքների վերաբերյալ ոչ մի մեղադրանք: Ընդհակառակը, «Վեոլիա Ջուր» ընկերությունը միշտ կազմակերպել է մրցույթներ ըստ անհրաժեշտության և ընտրել մատակարարներ՝ թափանցիկ և հիմնավորված տնտեսական ու տեխնիկական ցուցանիշների հիման վրա: «Վեոլիա Ջուր» ընկերությունը մշտապես հարգել է օրենքը, կանոնակարգը և կիրառվող գնումների ընթացակարգերը:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը, ինչպես «Վեոլիա Գրուպ» ընկերության բոլոր մասնաճյուղերը, ունի էթիկայի շատ խիստ կանոնակարգ, որով անվերապահորեն ուղղորդվում են մեր բոլոր աշխատակիցները: Մեր աշխատակիցները վերապատրաստվել են և քաջատեղյակ են կոռուպցիոն ռիսկերին, իսկ մեր գործողությունները պարբերաբար ենթարկվում են գնման քաղաքականության ստուգումների և աուդիտի, մասնավորապես՝ «Վեոլիա Գրուպի» աուդիտորի կողմից:

Այս աուդիտորները հաստատում են, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը միշտ ուղղորդվել է Գրուպի էթիկայի կանոններով և գնումների ընթացակարգերով, որոնք իրավասու մարմինների տրամադրության տակ են:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը դատապարտում է իրավապահ մարմինների կողմից որդեգրած մեթոդը, որով փորձ կատարվեց ապակայունացնել իրավիճակն ընկերությունում:

Ներկայացված լուրջ և զրպարտող մեղադրանքները ներկայացվել էին հրապարակայնորեն՝ մեր անձնակազմին և «Վեոլիա Ջուր» ընկերությանը նույնիսկ չտեղեկացնելով հարուցված քրեական գործի պատճառների մասին: Նրանց անգամ չընձեռնվեց բացատրելու հնարավորություն՝ լիովին անհիմն մեղադրանքներին վերջ տալու համար: Ընդ որում, իրավապահ մարմինները հիմնվել են այն նախկին աշխատակիցների կեղծ տեղեկատվությունների վրա, որոնց հետ «Վեոլիա Ջուր» ընկերությունն այլևս չէր կարող աշխատել՝ նրանց ծառայությունների կարիքը չունենալու, նրանց փորձառու չհամարելու կամ նրանց նկատմամբ վստահություն չունենալու պատճառով:

«Վեոլիա Ջուր» ընկերության կողմից չընտրված մատակարարների անհիմն բողոքները, ըստ երևույթին, ևս հաշվի են առնվել: Այս անձինք հետապնդում են բացառապես իրենց անձնական շահը և շաբաթներ շարունակ խիստ դժգոհություններ են տարածել սոցիալական կայքերում, այնուհետև մամուլում, ապա այդ դժգոհությունները ներկայացրել են իրավապահ մարմիններին:

Անմեղության կանխավարկածի հիմնարար սկզբունքները և քրեական գործի գաղտնիությունը բացարձակապես անտեսվեցին:

Կեղծ տեղեկատվությունները «Վեոլիա Ջուր» ընկերությանն էական վնաս են պատճառում, մենք դատապարտում ենք դրանք և լիիրավ ենք՝ հատուցում պահանջելու:

Ֆրանսիական ներդրող «Վեոլիա» ընկերությունը, որն ավելի քան 12 տարի ներկա է Հայաստանում և ունի շուրջ 3000 աշխատակից, կձեռնարկի բոլոր միջոցները, որպեսզի իրավիճակի ապակայունացմանն ուղղված արշավը ոչ մի կերպ չվնասի մեր երկրում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների շարունակականության գործընթացին:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը թույլ չի տա, որ իր գործունեությունը ձախողեն:

Ընկերությունը կկատարի ստանձնած պարտավորությունները, քանի որ իր գործունեության առաջնահերթությունը բաժանորդներին մատուցվող կայուն ծառայության ու հարմարավետ կենսապայմանների ապահովումն է:

«Վեոլիա Ջուր» ընկերությունն ակնկալում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կշարունակի վստահություն ցուցաբերել իր նկատմամբ և կհետևի ընկերության իրավունքների պաշտպանությանը Հայաստանում ջրամատակարարման ծառայություններ մատուցելու հարցում:

Կրիստիան Լըֆե,
Վեոլիա ջուր ՓԲԸ գլխավոր տնօրեն»: