Փոխարժեքներ
16 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Ես ոչ մեկին ճնշումների չեմ ենթարկում, ուղղակի բոլորին կոչ եմ անում հաշվի նստել ժողովրդի կարծիքի հետ. լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հավաստիացրեց, թե ՀՀ-ում ոչ մեկին ոչ մի վտանգ չի սպառնում:
Հարցին` հանդիպելո՞ւ է ԱԺ նախագահ Բաբլոյանի հետ, վարչապետն արձագանքեց. «Անպայման կհանդիպեմ, կքննարկեմ, որ որևէ մեկի մոտ մտահոգություն չլինի: Մեզ համար շատ կարևոր է, որ մեր բոլոր քաղաքացիները, այդ թվում` ԱԺ պատգամավորները, մեր քաղաքական գործունեության բովանդակությունը ճիշտ ընկալեն և հավելյալ մտավախություն չունենան»:
Անդրադառնալով մեղադրանքներին, թե հրապարակում իր կողմից հնչեցրած` «խելքներդ գլուխներդ հավաքեք» ձևակերպումը որակվում է որպես սպառնալիք դատավորների հասցեին, Փաշինյանն ասաց, որ դա այդպես չէ: «Ես կարծում եմ, որ 21-րդ դարի ցանկացած բանական քաղաքացի պարտավոր է իր խելքը պահել իր գլխում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է սահմանսդրական փոփոխություններ նախաձեռնելուն, Փաշինյանն ասաց, որ դա ինքնանպատակ չէ, և որ կարող են լինել այլ լուծումներ: Նա նշեց, որ դա տարբերակներից մեկն է, կարող է այլ տարբերակ էլ լինել:
Հարցին` մտավախություն ունի, թե չի՞ գա իշխանության, Փաշինյանը պատասխանեց. «Ես իշխանության չեմ, ժողովուրդն է իշխանության»: Վարչապետն այնուհետև հարց հնչեցրեց. «Որևէ իշխանության ժամանակ մամուլն այսքան ազատ եղե՞լ է»:
Դիտարկմանը` որ լրագրողներին քարկոծում են կառավարության որևէ անդամի քննադատելու համար, նա արձագանքեց` որևէ մեկին քարկոծելը չի ընդունում: «Կոչ եմ անում բոլորին, որպեսզի քննադատությանը վերաբերվեն կառուցողական: Ես, անկեղծ ասած, ցանկացած քննադատության մեջ տեսնում եմ հնարավորություն գտնելու և ուղղելու մեր սխալները»,- ասաց վարչապետը, սակայն նշեց, որ բոլորը պետք է արձանագրեն նոր իրողությունները և նոր իրողությունների մեջ գործեն նորովի: