կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-21 11:11
Քաղաքական

Սպասվում են մեծ ծավալի ներդրումներ. Արծվիկ Մինասյան

Սպասվում են մեծ ծավալի ներդրումներ. Արծվիկ Մինասյան

Այսօր` կառավարության նիստից առաջ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձավ արտահանումների գործընթացում խոչընդոտների վերացմանը, ինչի մասին քանիցս հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եղած պոտենցիալը, ըստ նախարարի, լավատեսություն է ներշնչում:

Ինչ վերաբերում է տնտեսական աճի ցուցանիշներին, Արծվիկ Մինասյանը նշեց, որ կանխատեսումները դրական են, սպասում են, որ կունենան ավելի լավ տնտեսական միջավայր, որի պայմաններում սպասվող տնտեսական աճը կպահպանվի կամ կբարելավվի: Նախարարը հստակ թիվ չնշեց, թե որքան տնտեսական աճ են ակնկալում, ասելով, որ առկա են շատ նուրբ հաշվարկներ:

Խոսելով կուտակային կենսաթոշակային օրենքի մասին, որի փոփոխությունները երեկ ԱԺ-ն ընդունեց, Արծվիկ Մինասյանը նշեց, որ օրենքում առկա խնդիրները չեն վերացել: Նա շեշտեց, որ ՀՅԴ-ն միշտ է դեմ արտահայտվել այդ գաղափարին, թեև կառավարության նիստում անցյալ շաբաթ քննարկվող նախագծում որոշակի մեղմում է նախատեսված եղել:

«Քաջատեղյակ եք վարչապետի այն հայտարարությանը, որ պարտադիր կուտակայինի հարցը օրակարգում է, և առաջիկայում մանրամասն վերլուծության կենթարկենք համակարգը ու կներկայացնենք առաջարկություն: Տրված է ժամանակավոր լուծում, որպեսզի թեթևացվի բեռն այն անձանց համար, ովքեր այդ համակարգում են արդեն»,- ասաց նախարարը` հավելելով, որ օրակարգում է պարտադիր կուտակայինի համապատասխանության հարցը Սահմանադրությանը:

Ինչ վերաբերում է ներդրումներին, Արծվիկ Մինասյանը նշեց, որ չի հրապարակի ներդրողների անունները, սակայն ներդրողներ կան տարբեր զարգացած երկրներից, որոնք ցանկանում են ներդրումներ անել թե' արդյունաբերության, թե' զբոսաշրջության, թե' ծառայությունների մատուցման ոլորտում: Հստակ թիվ չհրապարակելով հանդերձ` նախարարը նշեց, որ խոսքը գնում է մեծ ծավալի ներդրումների մասին:

Մինասյանի խոսքով` ստվերի հայտնաբերման գործողություններն ակնհայտ են, դրանք կատարվում են բոլորի աչքի առաջ, ավելին` տնտեսվարողները ձգտում ունեն տեղավորվելու օրենքի մեջ ու գործելու օրենքին համապատասխան: