կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-24 15:02
Քաղաքական

Ճգնաժամային իրավիճակն Արցախում կբերի մեծ ծավալի հայաթափմանը կամ նոր պատերազմի․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խորհրդարանական ճեպարույցում նշեց, որ Արցախում ստեղծված իրավիճակը ոչ միայն հումանիտար, այլ նաև անվտանգային աղետ է: Ըստ նրա՝ Ադրբեջանն ընդյալնել է Արցախի նկատմամբ ճնշումների իր զինանոցը, և երկարաժամկետ կտրվածքով որևէ լուծում դեռևս տեսանելի չէ:

Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց՝  պետք է հասկանանք, թե ինչ քայլեր ենք ձեռնարկելու՝ մեղմելու համար դրանց վտանգավոր հետևանքներն Արցախի համար։

«Խնդիրը միայն գազամատակարարումը կամ սոցիալական որոշակի ծրագրեր իրականացնելը չէ, խնդիրը շատ ավելի բարդ է։ Կառավարությունը պետք է ունենա համալիր ծրագրեր, որովհետև այդ հարցերի կուտակումն ու չլուծումը կարող է բերել երկու խոշոր հետևանքի՝ կա՛մ Արցախի մեծ ծավալի հայաթափմանը, կա՛մ երկրորդ տարբերակը՝ դա կարող է բերել նոր պատերազմի»,-  ասաց Տիգրան Աբրահամյանը։

Նա նշեց, որ մեր շուրջը, նաև մեր մասնակցությամբ ընթացող գործընթացներ կան, որոնք կարող են որոշակի ժամանակ հետո պատերազմական գործողությունների իրական վտանգ ստեղծել։

«Մեկ բան է, որ դու բանակցում ես՝ կանխելու պատերազմը, մեկ այլ բան է, որ դու անվտանգային համակարգը և պետական կառավարման համակարգը պատրաստում ես հնարավոր գործողությունների։ Պետության խնդիրն է ստեղծել պայմաններ՝ ըստ իրավիճակային զարգացումների գործելու և խնդիրը լուծելու»,- նշեց Աբրահամյանը։

Մանրամասն՝ տեսանյութում