կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-08 12:48
Հասարակություն

Ղեկավարման կոալիցիոն սկզբունքը Հայաստանում

Ղեկավարման կոալիցիոն սկզբունքը Հայաստանում

Ներկայացված խորագրի ներքո կարելի է թերեւս պատմաքաղաքական լուրջ ուսումնասիրություններ կատարել, սկսելով Հայաստանի պառլամենտարիզմի ակունքներից: Հիշենք, որ Հայաստանի առաջին Հանրապետության հռչակմանը հաջորդող օրերին, դեռեւս Թիֆլիսում, վարչապետ նշանակված Հովհաննես Քաջազնունին հանձնարարություն ուներ ձեւավորելու կոալիցիոն կառավարություն: Ցավոք տարբեր ուժերի հետ (ՀԺԿ, Հայ սոցիալ-դեմոկրատներ, սոցիալ հեղափոխականներ՝ ԷՍԷՌ-ներ ) մեկ ամսից ավելի տեւած բանակցությունները արդյունք չտվեցին: Ավելացնենք, որ խուսափելով միանձնյա կառավարումից, հետագայում, առաջին կառավարության վեց հոգանոց կազմում, անհատական սկզբունքով, ընդգրկվեցին երկու ոչ կուսակցականներ: Հստակության համար հիշեցնենք նաեւ, որ առաջին խորհրդարանը՝ Հայաստանի խորհուրդը ոչ թե ընտրվել, այլ նշանակվել էր Թիֆլիսի Հայոց կենտրոնական ազգային խորհրդի կազմի կուսակցական համամասնությամբ՝ երեք անգամ բազմապատկելով անդամների թիվը եւ ավելացնելով երեք անկուսակցականների:

Սրանով հանդերձ, նույն տարվա նոյեմբերին, ձեւավորվեց կոալիցիոն կառավարություն` Դաշնակցության եւ Հայ ժողովրդական կուսակցության միջեւ: Չնայած Դաշնակցության ակնհայտ գերակշռող դիրքին, պառլամենտում եւ մեծ ժողովրդականությանը, կոալիցայում երկու կուսակցությունների միջեւ պորտֆելները բաշխվեցին հավասարաբար, ինչպես եւ մեկ տեղ տրվեց անկուսակցական գործչի: Առաջին Հանրապետության գոյատեւման երկուսուկես տարիների ընթացքում երկրորդ անգամ կոալիցիա ձեւավորվեց Սիմոն Վրացյանի կաբինետի կարճատեւ գործունեության ընթացքում, երբ ՀՅԴ-ն ԷՍԷՌ-ների հետ կազմեց կոալիցիոն խառը կառավարություն:

Հայաստանի վերանկախացումից հետո, 1991թվականին ընտրված Գերագույն խորհրդի օրերից, Համագործակցության, Միավորման, Դաշինքների կամ ուղղակիորեն Կոալիցիոն կառավարությունների անունով, ըստ էության կոալիցիոն ձեւը որդեգրվել է, թե՛ իրարահաջորդ խորհրդարաններում եւ թե՛ համապատասխան կառավարություններում: Ընդ որում, հարկ է շեշտել, որ թե առաջին Հանրապետության դեպքում եւ թե մեր օրերում կառավարող ուժերը, հաճախ հնարավորություն ունենալով խորհրդարանական մեծամասնության վրա հենվելով միանձնյա ձեւավորել կառավարություններ, գերադասել են դաշնակցային կամ կոալիցիոն ձեւաչափը:

Կարելի է ասել, որ պառլամենտարիզմի մեր ոչ հարուստ պատմության մեջ հաստատվել է կոալիցիոն համագործակցության ավանդույթը: Քանի որ հաճախ, թվային հարաբերակցության առումով, դրա անհրաժեշտությունը չի եղել, տեղի ունեցածի պատճառները պետք է փնտրել քաղաքական նպատակահարմարության մեջ:

Բան այն է, որ ինչպես անցած դարասկզբին, նույնպես եւ այսօր, հայ ժողովրդի եւ մեր պետականության առջեւ ծառացած է եղել եւ շարունակում է մնալ, ազգային միասնականության հարցը: Երկու ժամանակահատվածներում էլ օրվա իշխանավորների համար կենսական խնդիր է դիտվել ներքաղաքական կայունության ապահովումը: Այս դեպքում հենց ներքաղաքական կայունության եւ հասարակության առավել համախմբվածության ապահովման ցանկությունն էլ հիմնական դրդապատճառ են հանդիսացել նման համագործակցությունների համար: Ներկայացուցչական եւ գործադիր ոլորտներում ուժերի մեկտեղման եւ համատեղ գործունեության հնարավորությունը նաեւ նպաստել է, պետականությունների կայացման ճակատագրական փուլերում, ապահովելու ղեկավարող մարմինների արդյունավետ գործունեությունը: Այս գործելաձեւը ոչ միայն տարբեր ուժերի ունեցած կադրերի ներգրավվածությունն է ապահովել, այլեւ հնարավորություն է ստեղծել, որ համագործակցությունը լայնորեն տարածվի պետական եւ հասարակական կյանքի վրա, ընդգրկելով Ազգային անվտանգության խորհուրդը, բանակը, վերահոսկողական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, տարբեր բնույթի այլ հանձնախմբեր ու խորհուրդներ: Կարելի է համարձակորեն եզրակացնել, որ եթե անցնող մոտ երեք տասնամյակի ընթացքում, Հայաստանը կարողացել է խուսափել ներքաղաքական ճգնաժամերից ու քաղաքացիական վտանգավոր առճակատումներից, ապա մեծապես շնորհիվ համագործակցաբար աշխատելու քաղաքական ուժերի միջեւ հաստատված ավանդույթի: Ի դեպ դաշնակցած աշխատելու գործելակերպը հատուկ է եղել նաեւ ընդդիմադիր դաշտին, երբ իրարից գաղափարապես տարբեր ուժերն անգամ ժամանակավոր գործակցություն են հաստատել կոնկրետ խնդիրների եւ նպատակների շուրջ: Եւ ի դեպ, երկրի շահերից ելնելով,այդ գործակցության եզրերը հաճախ մերձեցել են նաեւ իշխանությունների ու ընդդիմության միջեւ: Որպես օրինակ կարելի է հիշել, որ տարբեր բեւեռներ ներկայացնող ուժերը գրեթե մշտապես միասնաբար են գործել միջազգային հարթակներում:Կարելի է նաեւ հիշել, ինչպես կոշտ հակադրության մեջ գտնվող ՀՀՇ-ական իշխանությունն ու Դաշնակցությունը 1990-ականներին համագործակցության բազմաթիվ դրվագներ են ունեցել Ղարաբաղի ազատագրության եւ Հայաստանի սահմանների պաշտպանության ասպարեզում: Ընդդիմադիր Դաշնակցությունն, այդ տարիներին, Հայաստանի ու Արցախի տարբեր շրջաններում ունեցել է զինված ջոկատներ, իսկ Շուշիում՝ Առանձնակի գումարտակ:

Նույն քաղաքական մթնոլորտի պայմաններում Դաշնակցության սփյուռքյան կառույցները հնարավորինս օժանդակել են տարբեր երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների կայացման գործին:

Եւ հակառակը, կարելի է ցավալի օրինակներ հիշել, երբ բաց է թողնվել համագործակցությունների հնարավորությունը:

Եւ այսօր, երբ խոսակցություններ են ծավալվում այս կամ այն ուժերի կոալիցիոն գործակցությունների մասին հարկ է երեւույթը քննել ընդհանուր նպատակների եւ գործընթացների շրջագծում:
Երբ դատողություններ են արվում, թե այս ուժը չպետք է այն մյուսի հետ համագործակցեր, ասելիքի խորքում, թերեւս այն միտքն է, թե «թողնեիք միայնակ, թող՝ տապալվեին»: Առաջնորդվելով մերժումի մտայնությամբ հաճախ չենք քննում այն երեւույթի արմատները, թե ինչ պատճառով է հաջողվել հայկական հասարակական-քաղաքական կյանքը, իր բոլոր հիմնահարցերով հանդերձ, ճակատագրական այս տարիներին զերծ պահել պառակտումներից ու առճակատումներից:

Իհարկե համագործակցությունները արդարացվում են իրենց արդյունքներով եւ այդ արդյունքները պետք է դիտարկել ազգային շահերի մեծ պրիզմայի ներքո:

Չմոռանանք նաեւ, որ մեզանում քաղաքական ուժերը հիմնականում միայնակ են գնացել ընտրությունների՝ այդ ընթացքում դառնալով մրցակիցներ բոլորը՝ բոլորին: Հետեւաբար հետագա համագործակցությունները դարձել են ոչ թե արհեստական եւ կասկածելի քաղաքական լեգիտիմությամբ ինքնանպատակ գործարքներ, այլ ստեղծված իրավիճակից բխող ամենաարդյունաբեր լուծումներ:
Իհարկե քաղաքական ու նաեւ էթիկական առումով նպատակահարմար է, որ համագործակցությունների խոհանոցը մնա փակ, շատ դեպքերում չբացահայտելով ներքին, երբեմն երկարատեւ ու սուր քննարկումները՝ մինչ փոխզիջումային տարբերակների հանգելը: Այս երեւույթի գոյության մասին սակայն առնվազն կարելի է գլխի ընկնել անդրադառնալով, թե կոնկրետ խնդիրների վերաբերյալ որ ուժը՝ ինչպիսի տեսակետներ է հայտնել հրապարակային քննարկումների ժամանակ: Ակնհայտ է մեկ բան. քաղաքական ուժերի համար կարեւորը ոչ թե այս կամ այն դաշտում գտնվելն է, այլ ինքնուրույնության եւ սեփական դիմագծի պահպանումը: Այլապես կարելի է եւ առերեւույթ ներկայանալ որպես թունդ ընդդիմություն, բայց գործել կառավարող ուժերի նախագծած սցենարով:

Մեր զանգվածային դատողությունը երբեմն հանգում է պարադոքսալ վճիռների՝ մեկ կողմից կա ամեն տեղ, նույնիսկ չհիմնավորված անհրաժեշտությամբ միավորվելու, հայ հասարակության մեջ բաժանարար անդունդներ թույլ չտալու պահանջը եւ մյուս կողմից մերժվում է համագործակցության փաստը, խրախուսվում է մշտատեւ հակադրությունը՝ քաղաքական դաշտը սեւ եւ սպիտակ գույների մեջ տեսնելու վտանգավոր գայթակղությունը:

Այս երկիմաստ վիճակը չեզոքացնելու համար շատ կարեւոր է որպեսզի ընտրություններից առաջ լիարժեք բացությամբ քաղաքական ուժերը ներկայացնեն ապագայի հնարավոր քայլերը եւ պարտավորվածություն զգան ընթացքում չշեղվելու դրանցից: Մյուս կողմից ընտրողն ինքը պետք է իր վերաբերմունքով որոշի այն ուժերի ճակատագիրը, որոնք գործողության մի ծրագիր են ներկայացնում, բայց իրականացնում են այլ բան: Այսինքն խոսքը երկկողմանի պարտավորությունների ու պատասխանատվությունների մասին է, ինչը նաեւ կարող է հիմք ստեղծել քաղաքական դաշտի քաղաքական լեգիտիմության եւ պարզեցման համար: Եւ այդ դեպքում երեւույթների վերաբերյալ մենք դատողություններ կանենք ոչ թե ենթակայական եզրահանգումների հիման վրա, այլ հիմք ընդունելով ակնառու փաստերը:

Արտաշես Շահբազյան