կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-05 17:10
Մշակույթ

Կաննին մասնակցել-չմասնակցելու՝ հայաստանյան առեղծվածը

Կաննին մասնակցել-չմասնակցելու՝ հայաստանյան առեղծվածը

Կաննի կինոփառատոնին կամ կինոշուկային մասնակցելը շատերի համար է միջազգային կինոաշխարհ մտնելու ճանապարհ բացել: Որքանով էլ Կանն ասոցացվում է կարմիր գորգի, հանրահայտ դեմքերի ու նոր ֆիլմեր «գտնելու» հետ, այն, միաժամանակ, ծախսատար է և մասնակցությունը կինոփառատոնին, որքան էլ որ պատիվ է Հայաստանի համար, այնքան էլ պատասխանատվությամբ պետք է մոտենալ:

Այս տարի մայիսի 8-17-ը Կաննի 71-րդ կինոփառատոնի շրջանակում գործող կինոշուկային Հայաստանը չմասնակցեց, թեև հայտարարված մրցույթում հաղթող էր ճանաչվել 3 նախագիծ՝ Արտյոմ Բաղդասարյանի «Իններորդ ալիք-Այվազովսկի», Ելենա Արշակյանի «Հարճը» և Մերի Աղախանյանի «Մոռացված բնակիչները»։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի խոսքով՝ ինքն ամենևին էլ տեղյակ չի եղել, որ մշակույթի նախարարությունը պատրաստվում է պատվիրակություն ուղարկել Կանն: Մայիսի 8-ին մեկնարկող փառատոնին Հայաստանի մասնակցության մասին, Միրզախանյանի խոսքով, ինքը տեղեկացել է միայն ապրիլի կեսերին: «Կարծում եմ՝ նման մոտեցումը սխալ է: Մրցույթին շատ ուշ են սկսել պատրաստվել՝ մեկ ամիս առաջ, բայց չէ՞ որ դա այնպիսի լուրջ շուկա է, որ պետք է նորմալ պատրաստվել: Առնվազն փետրվարին մենք պետք է իմանայինք՝ ի՞նչ ենք անելու: Նման հապշտապ որոշումներին դեմ եմ, քանի որ երկիր ենք ներկայացնում, բացի այդ՝ ինքնանպատակ չէ, որ մենք այնտեղ անպայման պետք է ներկա լինենք ու լինենք վատ ներկայացված»,- ասաց Միրզախանյանը:

Կինոկենտրոնի տնօրենն ապրիլի 19-ին մեկնել է Մոսկվա` գործուղման, և  այդ ընթացքում կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանը Կանն մեկնելու ծրագիրը ներկայացրել է մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանին՝ նախահաշվով և 9 հոգանոց պատվիրակության կազմով: Մոսկվայից վերադառնալով ու ծրագրին ծանոթանալով՝ Միրզախանյանը նամակով դիմել է նախարարություն և խնդրել կասեցնել ծրագիրը: «Այնտեղ ծրագիր չկար, և ես անմիջապես կասեցրի այն, որովհետև ինձ համար պարզ էր, որ փաթեթը լիարժեք ու արդյունավետ չէր։ Գրված էր, որ Կաննում հանդիպումներ են նախատեսված, բայց ի՞նչ հանդիպումներ, ի՞նչ ժամանակացույցով, ո՞ւմ հետ, ոչինչ հստակ չէր: Մինչ Մոսկվա մեկնելս Բաղդասարյանն ինձ զեկուցագիր էր ներկայացրել, որ պատրաստվում են Կանն գնալ։ Այնտեղ ևս  ոչինչ հստակեցված չէր, գրված էր, որ նա պատրաստվում է հանդիպել Եվրիմաժի ներկայացուցիչների հետ, ներկայացնել կինոյի մասին նոր օրենքը, որը, ինչպես գիտենք, գոյություն չունի։ Ես էլ պատասխան նամակ գրեցի նրան՝ պահանջելով, որ տաղավար վարձելու դեպքում պետք է լիարժեք պարզել՝ ի՞նչ դիզայնով ու բովանդակությամբ է այն լինելու, ի՞նչ է ներկայացվելու, ինչո՞վ է զբաղված լինելու մեր պատվիրակությունը, ի՞նչ հանդիպումներ են լինելու և ո՞ւմ հետ»,- ասաց Միրզախանյանը՝ հավելելով, որ իրեն անհրաժեշտ  էր հստակ բացատրություն ու ծրագիր, որն այդպես էլ չի ստացել: «Եվ Մոսկվայից վերադառնալով՝ նորից  նույն թերի ու անհեռանկար բովանդակությամբ նամակն էր ուղարկվել նախարարություն։ Դրա համար էլ Արմեն Ամիրյանին նամակ գրեցի՝ շեշտելով, որ դեմ եմ նման անկազմակերպ ծրագրով ու պատվիրակության 9 հոգանոց կազմով Կանն մեկնելուն»,- ասաց նա։

Միրզախանյանի խոսքով՝ ծախսերն էլ բավականին շատ են եղել՝ 16 մլն դրամ, սակայն գլխավոր խնդիրը ծրագիրն էր, որը չկար: Ըստ նրա՝ գնալ Կանն և չունենալ ծրագիր՝ լուրջ մոտեցում չէ: «Բացի այդ՝ նախարարություն ներկայացրած ծրագրով 9 հոգանոց կազմում կային նաև 3 հոգի, ովքեր հաղթող էին ճանաչվել ինչ-որ մրցույթում, որն անցկացրել էր նախարարությունը: Մրցույթի մասին էլ տեղյակ չենք եղել, և ես մրցույթն անցկացվելուց հետո եմ իմացել ու դիմել նախարարին, որ տեղյակ պահի՝ ի՞նչ մրցույթ է անցկացվել և ե՞րբ: Նախարարն անձամբ Արսեն Բաղդասարյանի հետ է գործել, ով մեզ տեղյակ չի պահել ոչնչի մասին»,- նշեց Միրզախանյանը:

Ըստ կինոկենտրոնի տնօրենի՝ քանի որ արդեն իսկ կային հաղթողներ, ինքը մտածում է, որ հենց նրանք էլ պետք է մեկնեն Կանն, այսինքն՝ 9 հոգանոց պատվիրակության փոխարեն պետք է միայն 3 պրոդյուսեր մեկնի: Միրզախանյանը պայմանավորվածություն է ձեռք բերում ֆրանսաբնակ բարերար Ռայմոնդ Եզեգելյանի հետ, որպեսզի հենց նրանց տաղավարում էլ այս տարի աշխատի հայկական պատվիրակությունը: «Չէի ուզում, որ պրոդյուսերները տուժեն. եթե ինչ-որ մեկը սխալ է կազմակերպել, չի նշանակում, որ պետք է մյուսները տուժեն այդ ամենից: Այսպիսով՝ Կանն մեկնեց 3 հոգանոց խումբ, և 16 մլն-ի փոխարեն վճարեցինք 2 մլն 800 հազար դրամ։ Ինչ վերաբերում է տաղավարին, այո, մենք չենք ունեցել պաշտոնական տաղավար, քանի որ չգիտեի՝ ինչո՞վ ենք այն լցնելու: Երբ հարցրի, թե՝ լավ, ինչո՞վ եք լցնելու տաղավարը, պատասխանեցին, որ չեն հասցրել պատրաստվել և կխնդրեն իրենց գործընկեր ռեժիսորներին պաստառներ տալ: Սա լուրջ մոտեցում չէ»,- ասաց Միրզախանյանը:

Նրա խոսքով` այո, հայկական պատվիրակությունը Կաննում տաղավար չի ունեցել, սակայն 3 պրոդյուսերները մասնակցել են կինոշուկային: Նրանք, ի դեպ, կինոկենտրոնին Կաննում արված աշխատանքի հաշվետվություն պետք է ներկայացնեն: