կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-26 10:09
Քաղաքական

ՀՀ-ն ասես ԼՂ հարցով բանակցում է երկու սեղանի շուրջ. Զոհրաբ Մնացականյանը՝ Արցախի՝ բանակցություններին լիարժեք չմասնակցելու մասին

1994թ. զինադադարի համաձայնագիրը, որը ստորագրվել է երեք կողմից, և դա միակ փաստաթուղթն է, որն այսօր ապահովում է մեր զինադադարը, ապահովում է կայուն իրավիճակ զինադադարի առումով։ Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եղել է անմիջական մասնակիցն այդ պրոցեսի, ըստ այդմ ՝ Արցախի վերադարձը բանակցային սեղան  ֆորմատի լիարժեքության ապահովման խնդիր է, ֆորմատի վերականգնում: Նման տեսակետ է հայտնել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ «Առաջին լրատվականի» տված հարցազրույցում: 

Հարցին՝ ինչպե՞ս կարող է Ադրբեջանը դրան դիմադրել։ Ի՞նչ փաստերով, ի՞նչ փաստարկներով, արտգործնախարարն արձագանքել է պատասխան հարցով՝ կարո՞ղ է, թե արդե՞ն դիմադրում է, այնուհետ ներկայացրել իր տպավորությունը. «Բավական երկար ժամանակահատված ձևավորվել է աշխատանքային ոճ, աշխատանքային մեթոդ, որտեղ եղել են երեք համանախագահները և երկու կողմերը՝ Ադրբեջանը և Հայաստանը: Երբ մենք առաջ բերեցինք այս հարցը, փաստորեն, մենք անդրադարձանք մի իրավիճակի, որին բոլորը սովոր էին: Ադրբեջանի համար պահել սա Հայաստան-Ադրբեջան ձևաչափի մեջ... Մենք շատ բաց խոսում ենք սրա մասին, որ եթե ձևաչափ պահելու իմաստը այն է, որ սա ցույց է տալիս, որ Հայաստանն է անմիջական դերակատարն այս ամբողջ իրավիճակի մեջ, Լեռնային Ղարաբաղը որևէ դերակատարություն չունի, քանի որ Լեռնային Ղարաբաղը սուբյեկտ չէ, սա նորից մեզ բերում է փակուղու: Գիտեք որքան հստակ է վարչապետն արտահայտվել այդ առումով. սա մանդատների հստակության հարց է: Արդյունավետության առումով ՀՀ վարչապետի համար, ժողովրդի համար, եթե հիշում եք, վարչապետը մի շատ կարևոր դիտարկում էր արել, որ հարցը ոչ թե կառավարություններն, ոչ թե ղեկավարություններն են, այլ հարցը ժողովուրդներն են: Խոսել ժողովրդի անունից, որը քեզ մանդատ չի տվել, նվազեցնում է արդյունավետությունը:

Սկզբունքորեն ստացվում է, որ մենք ինչ-որ չափով բանակցում ենք երկու սեղանի շուրջ, որովհետև մենք կանոնավոր աշխատում ենք, քննարկում ենք և կանոնավոր երկխոսության մեջ ենք Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերների հետ բոլոր մակարդակներով: Գիտեք, որ յուրաքանչյուր հանդիպումից առաջ կամ հետո ունենք քննարկումներ այդ թվում նաև արտգործնախարարների մակարդակով, գիտեք, որ մենք անցկացրել ենք անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Սա նույնպես քննարկումներ էին, սա համատեղ աշխատանք էր, սա, ըստ էության, նաև բանակցություն էր: Ստացվում է, որ մենք հայտնվում ենք բանակցային երկու սեղանների շուրջ: Սա արդյունավետության նվազեցում է: Նորից եմ կրկնում, մենք չենք հրաժարվում մեր պատասխանատվությունից»:

Դիտարկմանը, որ տպավորություն է ստեղծվում, որ դուք այդ պատասխանատվությունը տեղափոխում եք հանրության ուսերին՝ Մնացականյանը նշել է. «Սա շատ էական հարց է: Այստեղ ամենահետաքրքիր և ամենակարևոր հարցն է. մեր պատասխանատվությունը ժողովրդի առջև է, որովհետև մանդատը տրված է ժողովրդի կողմից: Որևէ բան անելը և ենթադրելը, որ դա չի համապատասխանում այն մանդատին, և ենթադրելը, որ մենք կարող ենք նման գործողություն անել, ինչ-որ համաձայնությունների գալ, որոնք մերժվելու են մանդատ տված ժողովրդի կողմից. մենք աշխատում ենք՝ այդ մանդատը մտքում պահելով: Սա է իմաստը: Իհարկե, մանդատ ունենք, իհարկե դա իշխանության պատասխանատվությունն է, բայց պատասխանատվությունը հիմնվում է մանդատի վրա»: