կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-23 12:28
Հասարակություն

Դեղերի՝ դեղատոմսով դուրս գրումը կհետաձգվի մինչև 2019-ի մայիսի 1-ը

Դեղերի՝ դեղատոմսով դուրս գրումը կհետաձգվի մինչև 2019-ի մայիսի 1-ը

Կառավարությունը 2017-ի նոյեմբերի 9-ին ընդունել է «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշումը: Որոշման համաձայն՝  Հայաստանում գրանցված 4723 դեղերից 3470-ը կվաճառվեն դեղատոմսով:

Օրենքի համաձայն՝ մարտի 1-ից դեղատոմսով պետք է վաճառվեին որոշ դեղեր, մասնավորապես` հակաբիոտիկները, հորմոնային պրեպարատներ և կոդեին պարունակող դեղերը, իսկ հուլիսի 1-ից՝ բոլոր ներարկումային և հակաուռուցքային դեղերը, հոկտեմբերի 1-ից արդեն ամբողջությամբ պահանջը ուժի մեջ կմտնի բոլոր այն դեղերի նկատմամբ, որոնց դեպքում պետք է բժշկի տված դեղատոմսը: 

Երեկ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ նախարարությունը շրջանառության է ուղարկել դեղերի՝ դեղատոմսերով դուրս գրման որոշման մասնակի հետաձգման նախագիծը, որով փաստացի մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը կհետաձգվի դեղերի` դեղատոմսերով դուրս գրումը: Հետաձգումը, սակայն, հակաբիոտիկների դուրս գրման վրա չի տարածվելու: Նախարարի խոսքով՝ մյուս դեղերի մասով լայն քննարկումներ պետք է ձեռնարկեն, որ օրենսդրական դաշտը բերեն այնպիսի կարգավորման, որ բոլորի համար քիչ, թե շատ ընդունելի լինի։

Հիշեցնենք, որ դեղատոմսով ձեռք բերվող դեղերի ցանկում էին հայտնվել նաև բնակչության կողմից հաճախ կիրառելի դեղեր, օրինակ` «Ամոքսիցիլին», «Ամպիցիլին», «Անալգին», «Բիսեպտոլ», «Դիկլակ», «Դեքսամեթազոն», «Իբուպրոֆեն», «Լիդոկային», «Լորինդեն Ց», «Կապտոպրիլ», «Կետոնալ», «Նո-շպա», «Նովոկային», «Սինաֆլան», «Վիագրա», «Վոլտարեն», «Տետրացիկլին», «Օմեպրազոլ»… 

Ուշագրավ մեկ հանգամանք ևս, որ, ըստ «GALLUP International association»-ի անցկացրած հարցման, հարցվածների գերակշիռ՝ 52 տոկոսը նշել է, որ ընդհանրապես բացասական է վերաբերվում դեղերի՝ դեղատոմսով դուրս գրման որոշմանը, իսկ լիովին դրական է վերաբերվում հարցվածների միայն 7.6 տոկոսը: Հարցվածների միայն միայն 1.2 տոկոսն է ասել, որ ամբողջությամբ տեղյակ է՝ որ դեղերն են ձեռք բերվելու դեղատոմսով: