Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Առողջապահական էլեկտրոնային համակարգում առաջիկայում սպասվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես՝ մարտի 1-ից հակաբիոտիկների նշանակումը լինելու է էլեկտրոնային դեղատոմսով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն՝ ընդգծելով, որ նախարարության մեկնարկած նոր նախաձեռնության շնորհիվ առողջապահության առաջնային օղակում կիրականցվեն մի շարք բարեփոխումներ, որոնց մեջ մեծ դեր ունի հատկապես էլեկտրոնային առողջապահության զարգացումը:
«2024 թվականին առաջին քայլով ամբողջովին կանցնենք էլեկտրոնային դեղատոմսերի, որը փուլային տարբերակով ներդրվել է ամբողջ համակարգում: Մեր հաշմանդամության կարգ ունեցող կամ այլ սոցկարգավիճակ ունեցող բուժառուների համար դուրսգրվող դեղերն ամբողջովին դարձել են էլեկտրոնային:
Սա էլեկտրոնային դեղատոմսերի հետ կապված այն քայլն է, որով մենք բացառում ենք մի քանի պատասխանատուների սենյակներով անցնելը՝ ստորագրություն կամ կնիք ստանալու նպատակով: Այս տարբերակով բուժառուին անհրաժեշտ է միայն անձը հաստատող փաստաթուղթ: Համակարգի ներդրումը նաև հերթերից խուսափելու և ավելորդ ժամանակի կորուստ չունենալու միջոց է»,-ասաց փոխնախարարը:
Նախարարի տեղակալը նշեց՝ մարտի մեկից հակաբիոտիկների նշանակումը նույնպես լինելու է էլեկտրոնային դեղատոմսով: Դեղատները պետք է արդեն իսկ դեղորայքը տրամադրեն միայն էլեկտրոնային դեղատոմսի առկայության դեպքում: Փոփոխությունն այս դեպքում սահմանվելու է բոլոր բուժառուների համար:
Ջումայանի խոսքով՝ այս բլոկում երկրորդ ամենամեծ փոփոխությունն անցումն է էլեկտրոնային իմունիզացիային: 0-ից 18 տարեկանների, ինչպես նաև մեծահասակների բոլոր պատվաստումային գործընթացը նույնպես կդառնա էլեկտրոնային՝ սկսած ծննդատնից: Ըստ նրա՝ նախարարի հրամանը շրջանառության մեջ է և ընդունելուց հետո ողջ համակարգը կանցնի էլեկտրոնային տարբերակին: «Պիլոտային ծրագիրն արդեն իսկ ներդրվել է, իրականացրել ենք նաև վերապատրաստումներ բժիշկների և բուժքույրերի համար: Սա լավ է նաև նրանով, որ քաղաքացու հավելվածի մեջ իր բոլոր պատվաստումները կլինեն հասանելի»,-նշեց Արտակ Ջումայանը:
Փոխնախարարն ընդգծեց, որ այս երկու կարևոր նախաձեռնություններին կանցնեն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում:
Ջումանյանն անդրադարձավ առաջնային օղակում իրականացվող հաջորդ կարևոր քայլին՝ ամբուլատոր քարտի ներդրմանը, որը վերաբերում է այնտեղ ստացած ծառայություններին, և դրա էլեկտրոնային տարբերակն արդեն պատրաստ է, իսկ ստացիոնար այցերին վերաբերող քարտը կամ պատմագիրը ներառում է հիվանդանոցային բուժման ընթացքը, այնտեղ պացիենտի հետ կատարված գործողությունները։ Ըստ նրա՝ այս մասով նույնպես մեծ ծավալի աշխատանք է կատարվել և դեռ շարունակվում է։ Այն, ինչ լրացվում է թղթի վրա, պետք է մուտքագրվի համակարգում՝ հաստատված ձևաչափերով։