Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Առողջապահության նախարարությունը ներկայացրել է պարզաբանում դեղատոմսով դեղեր դուրս գրելու կարգի վերաբերյալ: Մասնավորապես` դեղատոմսով դեղեր դուրս գրելու կարգի 19-րդ կետում սահմանված է, որ «գրված դեղի վերաբերյալ տեղեկատվությունը (անվանումը, միանվագ դեղաչափը, ընդունման հաճախականությունը, ձևը) նշվում է պացիենտի ամբուլատոր բժշկական քարտում կամ հիվանդության պատմագրում, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, պացիենտի բուժմանը վերաբերող փաստաթղթերում՝ ամփոփաթերթում (էպիկրիզում), բժշկական հանձնաժողովի (կոնսիլիումի) որոշման մեջ»:
Կրկին ներկայացնում ենք, թե ում կողմից և ինչպես են լրացվում ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված դեղատոմսերը։
1. Թմրամիջոցներ պարունակող դեղերի դուրս գրման դեղատոմս N 1
Նշանակվում և լրացվում է բուժող բժշկի կողմից` անկախ մասնագիտությունից:
Թմրամիջոցներ պարունակող դեղերի դեղատոմսը ստորագրվում է դեղը նշանակող բժշկի կողմից, որը հաստատվում է բժշկական հաստատության տնօրենի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տնօրենի տեղակալի կողմից՝ ստորագրությամբ և տվյալ բժշկական հաստատության կնիքով (առկայության դեպքում):
2. Հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դուրս գրման դեղատոմս N 2
Հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դեղատոմսը ստորագրվում է դեղը նշանակող բժշկի կողմից, որը հաստատվում է բժշկական հաստատության տնօրենի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տնօրենի տեղակալի կողմից՝ ստորագրությամբ և տվյալ բժշկական հաստատության կնիքով (առկայության դեպքում):
3. Մեկանգամյա օգտագործման դեղատոմս N 3
Դեղատոմսը լրացվում և դուրս է գրվում բուժող բժշկի կողմից: Դեղատոմսը հաստատվում է բժշկի ստորագրությամբ: Մեկանգամյա օգտագործման դեղատոմսի կնիքով հաստատում չի պահանջվում:
4. Բազմակի օգտագործման, այդ թվում` անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի դուրս գրման դեղատոմս N 4
Դեղատոմսը լրացվում և դուրս է գրվում բուժող բժշկի կողմից: Դեղատոմսը հաստատվում է բժշկի ստորագրությամբ: Բազմակի օգտագործման դեղատոմսի կնիքով հաստատում չի պահանջվում:
Բժշկի կողմից N 3 և N 4 դեղատոմսերով անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի դուրս գրման դեպքում դրանք հաստատվում են բժշկական հաստատության տնօրենի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տնօրենի տեղակալի կողմից՝ ստորագրությամբ և տվյալ բժշկական հաստատության կնիքով (առկայության դեպքում):
Հավելենք, որ բոլոր դեղատոմսերը բուժող բժիշկներին տրամադրվում է բժշկական կազմակերպությունների ադմինիստրացիայի կողմից, բացառությամբ դեղատոմս N 1-ի: