Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը Ամասիա համայնքում մասնակցել է «ԵՄ-ն` Շիրակի մարզին. նոր աշխատատեղեր` շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի մեկնարկի արարողությանը։ Մասնակցում էին նաև ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Շիրակի մարզպետի պաշտոնակատար Սեյրան Պետրոսյանը, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարդուհի Դադունցը, Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք և հյուրեր։
Նախարար Խաչատրյանի խոսքով՝ ծրագրի իրականացմամբ կվերականգնվի մեր ազգային գորգագործության մշակույթը, գյուղատնտեսական համայնքում կստեղծվեն ոչ գյուղատնտեսական աշխատատեղեր, կդիվերսիֆիկացվեն բնակչության եկամուտները և կզարգանա ոչխարաբուծությունը` իր ամբողջ արժեշղթայով:
«Մենք խորհրդային տարիներին ունեցել ենք մինչև 2.2 մլն գլուխ ոչխար, այժմ գլխաքանակը 4-5 անգամ նվազել է, սակայն ոչխարաբուծությունը խիստ եկամտաբեր գործ է, և եթե կարողանանք ստեղծել ենթակառուցվածքներ, բարելավել կերային բազան, ճիշտ օժանդակություն ցուցաբերել, թե՛ խոշոր ֆերմաներ կստեղծվեն, թե՛ տնային տնտեսությունները կավելացնեն ոչխարների գլխաքանակը»,- մասնավորապես նշել է գյուղատնտեսության նախարարը։
Նա ընդգծել է, որ Շիրակի մարզը եղել է ոչխարաբուծության կենտրոններից մեկը, և հաջողելու դեպքում կունենանք լավ մոդել, որը կարելի է կիրառել նաև Հայաստանի մյուս մարզերում։
Ողջունելով ներկաներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը կարևորում է Հայաստանի տարածքային համաչափ զարգացումը ու 2009 թվականից ի վեր շարունակական երկխոսության մեջ է ԵՄ-ի հետ: Համագործակցության նպատակն է ապահովել ծրագրերի և նախագծերի իրականացումը, որոնք վերցված են տարածքային զարգացման առաջնայնությունների շարքից, և որոնց կիրառումը կհանգեցնի արդյունավետ և կայուն արդյունքի:
«Մենք աշխատում ենք Հայաստանի բոլոր մարզերում, բայց մտադրված ենք շեշտը դնել Շիրակի մարզի վրա՝ ցանկանալով այն զարգացնել։ Մենք ընտրեցինք հատկապես Ամասիան, որն ունի հիանալի լանդշաֆտ, գեղեցիկ բնություն, բայց, ցավոք, հեռու է գլխավոր առևտրային ճանապարհներից, ինչպես նաև շուկայից»,- հավելել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին։
«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարդուհի Դադունցի խոսքով` ծրագրի իրականացման համար Ամասիայի ընտրությունը պայմանավորված էր համայնքում ոչխարաբուծության զարգացման առկա ներուժով, ինչպես նաև այն հանգամանքով, որ Ամասիան խոշորացված համայնք է։ Ծրագրով նախատեսված ամբողջ գործընթացն իրականացվելու է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ:
Նա նաև ընդգծել է, որ ծրագրի կյանքի կոչմանը մեծապես աջակցել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր Շիրակի մարզպետի պաշտոնը։
Բրդի վերամշակման գործարանում շուտով կսկսվեն վերանորոգման աշխատանքները: Այն նախատեսվում է բացել մինչև աշնան սկիզբ: Նախնական տվյալներով` կստեղծվի 23 աշխատատեղ, հետագայում աշխատողների թիվը կավելանա:
Ծրագիրն իրականացնում է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը՝ (ՄԿՄ) Ամասիայի համայնքապետարանի, Շիրակի առևտրաարդյունաբերական պալատի և «ՎԻՆՆԵԹ Հայաստան»-ի հետ համատեղ։ Նոր աշխատատեղեր ստեղծելու, տնտեսական զարգացմանը նպաստելու համար ծրագիրը կֆինանսավորի ՓՄՁ-ների կողմից ներկայացված 14 լավագույն բիզնես առաջարկները՝ ապահովելով նվազագույնը 44 նոր աշխատատեղ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին