կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-23 16:51
Իրավական

Տուգանքները չեղարկելու նախաձեռնությունը քաղաքացիների սոցիալական բեռը թեթևացնելու համար է. ՃՈ պաշտոնյա

Տուգանքները չեղարկելու նախաձեռնությունը քաղաքացիների սոցիալական բեռը թեթևացնելու համար է. ՃՈ պաշտոնյա

ՀՀ Սահմանադրության համաձայն` Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է, և ցանկացած նախաձեռնություն պետք է բխի քաղաքացիների սոցիալական վիճակից: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը` խոսելով վարչապան ակտերի համաներման նախաձեռնության մասին:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը աշխատանքային կարգով ՀՀ արդարադատության նախարարությանն առաջարկել է միջնորդել ՀՀ կառավարությանը՝ ՀՀ Ազգային ժողովում հանդես գալ համաներման ակտ ընդունելու նախաձեռնությամբ, որի արդյունքում կդադարեցվի 01.01.2012թ. առ 31.12.2017թ. կայացված վարչական ակտերի կատարումը և կչեղարկվեն 13,7 մլրդ դրամի չափով տուգանքները:

Արմեն Խաչատրյանի խոսքով` այս քայլը կատարվել է քաղաքացիների սոցիալական բեռը թեթևացնելու համար: «ՀՀ-ում կան քաղաքացիներ, ովքեր ֆինանսական անհաղթահարելի հանգամանքների պատճառով չեն կարողացել 2012-ից առ այսօր վճարել այդ տուգանքները: Եթե այդ քաղաքացիներն ունենային նշանակված տուգանքների չափով դրամական հաշիվներ, գույք և անհրաժեշտ միջոցներ, բնականաբար, հարկադիր կատարման ծառայության միջոցով այդ վարչական ակտերի կատարումն արդեն իսկ կատարված կլիներ: Սրանք այն քաղաքացիներն են, ովքեր տարիներ շարունակ չե կարողացել վճարել տուգանքները, և այդ տուգանքներն իսկ վնաս էին հասցնում նրանց ընտանիքների սոցիալական վիճակին»,- ասաց նա` հավելելով, որ այս որոշումը չի հակասում որևէ մեկի շահերին:

«Նույն հաջողությամբ կարող ենք ասել` ինչո՞ւ մի հանցագործության համար դատապարտված անձի նկատմամբ համաներում կիրառվում է, իսկ մյուսի նկատմամբ` ոչ»,- նշեց ՃՈ պետի տեղակալը:

Լրագրողի հարցին, թե ի՞նչ ուսումնասիրությունների հիման վրա է նման որոշում կայացվել, և ի՞նչ երաշխիք կա, որ սա բարձիթողի վիճակի չի հանգեցնի, Խաչատրյանն ասաց. «Ուսումնասիրություններն արվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի հիման վրա` համադրելով մեր ունեցած համապատասխան վիճակագրական տվյալները»:

Նա միաժամանակ հույս հայտնեց, որ պատասխանատվության մեղմացմանն ուղղված այս քաղաքականությունը բացասական ազդեցություն չի ունենա երթևեկության ապահովման մակարդակի վրա: «Երթևեկության մասնակիցները հնարավորություն են ստացել ապացուցելու, որ մեր մեջ այս տարիների ընթացքում ձևավորվել է ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման մշակույթը, և շատ դեպքերում այլևս անհրաժեշտություն չկա հարկադրանքի տարրեր պարունակող միջոցների կիրառման: Սակայն եթե պրակտիկան ցույց տա, որ սա բացասական ազդեցություն կունենա երթևեկության անվտանգության ապահովման վրա, բնականաբար, կփոփոխվի վարչարարությունը»,- ասաց ՃՈ պետի տեղակալը:

Հիշեցնենք, որ մայիսի 23-ից ՀՀ ոստիկանությունը փոփոխություն է իրականացրել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ: Մասնավորապես` մի շարք վարչական զանցանքների տեխնիկական միջոցներով հայտնաբերման դեպքում, հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 21-րդ հոդվածը, իրավախախտ վարորդները կազատվեն վարչական պատասխանատվությունից: