Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր բնական գործընթացը պետք է շարունակենք. ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` անդրադառնալով ընդդիմադիրների` ԱԺ շենքը շրջափակելու հայտարարությանը:
«Հատուկ նիստը կանցկացվի ԱԺ-ում, հատուկ նիստը կկայանա, և կաշխատենք` մինչև օրակարգը սպառելը»,- ասաց նա։
Խոսելով այսօր առավոտից Երևանի կենտրոնական փողոցների փակ լինելու մասին՝ Բաղդասարյանն ասաց, որ հեշտությամբ է հասել աշխատանքի, և որ իր ճանապարհը Պռոշյան փողոցով է, այն բաց է եղել:
Միևնույն ժամանակ նա նշեց, որ ընդդիմության այս ակցիաները քաղաքական գործընթաց են: «Հարգանքով ենք վերաբերվում խաղաղ ցույցերին»,- ասաց պատգամավորը, ապա հավելեց, որ մնացածն իրավապահների գործն է:
Նա խուսափեց այդ ակցիաներին գնահատականներ տալուց: «Սա քաղաքական պրոցես է, ժողովրդավարության հաստատման ձև, որ յուրաքանչյուր անհատ, քաղաքական ուժ իր ազատ խոսքը կարող է ունենալ, և մենք հարգանքով ենք վերաբերում»,- ասաց Բաղդասարյանը։
Հարցին` ինչո՞ւ շաբաթ օրը ՀՀԿ խորհրդի նիստը տեղի ունեցավ Ծաղկաձորում, արդյո՞ք հանրապետականներն անհանգստացած էին Փաշինյանի հայտարարություններից ու կարծում էին, որ ընդդիմությունն իսկապես կարող է շրջափակել ՀՀԿ կենտրոնական գրասենյակը, Բաղդասարյանը պատասխանեց, որ իրենք տարին մեկ անգամ խորհրդի արտագնա նիստ են ունենում, և քանի որ խորհրդի անդամները 250 հոգուց ավելի են, նրանց մեծ վայր էր պետք նիստն անցկացնելու համար։
«Նույն հաջողությամբ ընդդիմությունը կարող էր շրջափակել Ծաղկաձորի շենքը։ Երկու հայ եթե բան են պայմանավորվում, ո՞նց կարան մյուսները չիմանան։ Մենք գաղտնիք չենք պահել և հայտարարել ենք։ Ժամը նույնպես ֆիքսել ենք» - հավելեց նա։