Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փարի՛զ, հիշիր այս անունը»՝ այսպես էր հայազգի կոմպոզիտոր Միշել Լեգրանը համերգի ժամանակ ներկայացրել Ռուսաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստ Թամարա Գվերդցիթելիին, ով այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա մենահամերգով: «Վերադարձ» խորագրով համերգը կազմակերպել է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը:
Երևանում համերգով հանդես գալը, երգչուհու խոսքով, ուղղակի համերգ չէ, այլ նաև պատասխանատվություն: Համերգին կհնչեն Գվերդցիթելիի հեղինակային երգերից, ինչպես նաև հայկական, վրացական, ռուսական և ֆրանսիական ստեղծագործություններ:
«Կարծում եմ՝ յուրաքանչյուր համերգ երկխոսություն է արտիստի և հանդիսատեսի միջև: Համերգը կյանքի պես է՝ ունի սկիզբ, ընթացք և կուլմինացիա, և եթե հանդիսատեսը երջանիկ է համերգի վերջում, գոհ է, ուրեմն երջանիկ է նաև արտիստը: Դրա համար էլ յուրաքանչյուր համերգի ես, բացի ծրագրված գործերից, նաև իմպրովիզներ եմ կատարում, քանի որ յուրաքանչյուր հանդիսատես մի բան է ուզում»,- ասաց Գվերդցիթելին:
Երգչուհին, ով կատարում է ինչպես ռուսական, այնպես էլ վրացական, ֆրանսիական և հայկական ստեղծագործություններ, խոստովանեց, որ եթե սիրո խոստովանություն աներ երաժշտությանը, ապա ռուսական և ֆրանսիական ստեղծագործության միջոցով դա կաներ: «Երաժշտությունը միշտ մեծ դեր է ունեցել իմ կյանքում. 18 տարեկանում արդեն իմ ողջ հույսերը կապված էին երաժշտության հետ: Ես երջանիկ եմ, որ երգչուհի դարձա և ուրիշ ոչ մի բանով չեմ զբաղվել: Իմ օրը երաժշտությամբ է սկսվում ու երաժշտությամբ շարունակում իր ընթացքը: Ինձ համար շատ կարևոր է նաև զգալ, որ իմ երաժշտությամբ ես կարողանում եմ օգնել մարդկանց՝ հոգեկան հավասարակշռությունը վերագտնելու: Ես ինձ երջանիկ եմ զգում, երբ հասկանում եմ, որ օգնում եմ մարդկանց իմ ստեղծագործությունների միջոցով ինչ-որ բան հաղթահարել»,- ասաց երգչուհին:
Նա հիշեց, որ 1991-ին իրեն հրավիրել էին Փարիզ, որտեղ էլ ծանոթացել է Միշել Լեգրանի և Ժան Դրեժակի հետ։ Դրանից հետո երգչուհին Լեգրանին է ուղարկում իր ձայներիզը, որից հետո հանդիպել ու զրուցել են, իսկ ավելի ուշ՝ 2006-ին, Լեգրանը և Գվերդցիթելին ելույթ են ունենում մեծ բեմերում՝ The Umbrellas Of Cherbourg և Yentl Medley կատարումներով: «Համերգներին միշտ իմպրովիզներ էինք անում, միշտ հետաքրքիր է եղել տեղում իմպրովիզ անելը: Լեգրանի հետ ծանոթությունը ճակատագրի կողմից նվեր էր ինձ: Կարծում եմ՝ եթե նրա նման երաժիշտները չլինեին, ինչ-որ բան կիսատ կլիներ աշխարհում»,- ասաց երգչուհին:
Գվերդցիթելիի երգացանկը հարուստ է նաև Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններով, և հարցին, թե ինչպե՞ս է ծանոթացել Բաբաջանյանի գործերին, նա պատասխանեց, որ 18 տարեկան էր, երբ ծանոթացավ հայ կոմպոզիտորի գործերին: «Երբ սկսեցի փորձ անել` նրա «Նոկտյուրնը» նվագելու, հասկացա, որ գործ ունեմ վիրտուոզ կոմպոզիտորի հետ: Ես երջանիկ եմ, որ աշխարհի յուրաքանչյուր անկյունում, որտեղ հնչում են Բաբաջանյանի գործերը, առաջին իսկ նոտաներից մարդիկ ժպտում են»,- ասաց Գվերդցիթելին: