Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շարժական արագաչափի կիրառումից հետո սահմանված արագության գերազանցման փաստերը շուրջ երեք անգամ նվազել են: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը: Արդյունքում, ըստ ոստիկանության պաշտոնյանի, տվյալ իրավախախտման համար շուրջ երեք անգամ քիչ մարդ է տուգանվել:
Խաչատրյանի խոսքով` եթե այս տարվա հունվարի 1-ից մինչև փետրվարի 7-ն արագաչափերը արագության գերազանցման 66.000 փաստ են արձանագրել, ապա դրանից հետո` շուրջ 40 օրվա կտրվածքով արձանագրվել է արագության գերազանցման 28.000 փաստ, այսինքն` 38.000-ով ավելի քիչ, քան տարեսկզբին:
Արմեն Խաչատրյանը վստահեցնում է, որ շարժական արագաչափերի կիրառումը բխում է վարորդների շահերից : Ըստ նրա` արագության գերազանցման փաստերր շեշտակի նվազումն իր հերթին հանգեցնում է ճանապարհային պատահարների նվազման:
Անդրադառնալով մահվան հանգեցրած ՃՏՊ-ների թվի աճին` ՃՈ պետի տեղակալը նշեց. «Ի տարբերություն նախորդ տարիների, այս ձմռան ամիսներին մենք շատ սառցապատ, դժվարանցանելի ճանապարհներ չունեինք: Հանրապետությունում երթևեկության ինտենսիվությունը գրեթե համարժեք էր ամառային և գարնանային ամիսների երթևեկության ինտենսիվությանը, որն էլ իր հերթին ավելացրել է ճանապարհատրանսպորտային պատահարների ռիսկերը, սրանով պայմանավորված` նկատվել էր ՃՏՊ-ների աճ»
Ըստ նրա` այդ ցուցանիշի վրա այլ գործոններ ևս ազդել են:
Նշենք, որ շարժական արագաչափի կողմից արձանագրված խախտման դեպքերով արդեն իսկ քաղաքացիներ են դիմել վարչական դատարան: Միաժամանակ, «Վարորդի ընկեր» ՀԿ-ն դիմել է ճանապարհային ոստիկանություն՝ պահանջելու շարժական արագաչափը գործարկելու մասին բոլոր փաստաթղթերը, լիցենզիաները։
Հարցին` արդյոք մտավախություն չկա, որ դատարանները հօգուտ վարորդների որոշում կկայացնեն, Խաչատրյանը պատասխանեց` ոչ: Նրա խոսքով` ոստիկանության կողմից ՀՀ ավտոճանապարհներին շարժական արագաչափի կիրառման վերաբերյալ բազմիցս հայտարարվել է:
Նշենք որ շարժական արագաչափերի կիրառումից հետո կարծիքներ հնչեցին, որ դա հակասում է օրենքին: Մասնավորապես` առանց անձին տեղեկացնելու նրա վերաբերյալ անձնական տվյալներ են հավաքվում և մշակվում, այսինքն` ՃՈ-ն այդ տվյալները ձեռք է բերում օրենքի խախտմամբ, իսկ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցը, ինչպես հայտնի է, չի կարող դրվել դատական ակտի հիմքում:
ՃՈ պետի տեղակալը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ շարժական արագաչափի կիրառումը չի հակասում որևէ օրենքի: «Տեսանկարահանող սարքերը վաղուց են կիրառվում Հայաստանում, և չկա այնպիսի մի դատական ակտ, որով հաստատված կհամարվի, որ տվյալ սարքերն անձնական տվյալների մասով խնդիրներ են առաջացրել»,- ասաց նա և հավելեց. «Մենք ունենք լուրջ վիճակագրություն` 22 զոհ պակաս` նախորդ ամսվա համեմետ: Կարծում եմ` մեր ձեռնարկած միջոցներն ավելի քան արդյունավետ են և արդարացված»:
Նշենք, որ ներկայումս ՀՀ տարածքում գործարկվում է միայն մեկ լուսանկարահանող-շարժական արագաչափ սարք, որի ձեռք բերման համար ոստիկանությունը ծախսել է 12079000 դրամ: Լուսանկարահանող-շարժական արագաչափ սարքով կահավորված տրանսպորտային միջոցը տարբերակիչ նշաններ չունի։