Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (ՇՎՏՄ) իր տարեկան գործունեության ծրագրի շրջանակում օգոստոսի23-ին Սյունիքի մարզում կազմակերպել էր իրազեկում-հանդիպում ոչ պարենային ապրանքների արտադրմամբ, ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող տնտեսվարողների հետ: Հանդիպմանը մասնակցում էր Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը։ Հրավիրված էին նաեւ ՀԿ-ների ներկայացուցիչներ։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ մարզպետ Հակոբյանը նշեց, որ գործընկերային մոտեցումը, որը որդեգրել է տեսչական մարմինն իր աշխատանքում, գնահատելի է, եւ այս հանդիպումն այդ առումով կարեւոր է։
ՇՎՏՄ ղեկավար Լեւոն Խալիկյանի խոսքով, առաջին եռամսյակի ստուգումները եւ տնտեսվարողներից ստացվող հարցումները ցույց են տալիս, որ իրազեկման անհրաժեշտություն կա, այդ նպատակով էլ կազմակեպվում են տնտեսվարողների հետ այս հանդիպումները։ Նա վերջիններիս կոչ արեց տեսչական մարմինը չընդունել որպես ստուգող եւ պատժող մարմին։
«Պատրաստ ենք գալ, հանդիպել եւ օգնել Ձեզ, որպեսզի հաջորդ ստուգումներում խնդիրներ չլինեն»,- ընդգծեց Լեւոն Խալիկյանը։
Ապա Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի մասնագետները ներկայացրին երկրորդ եռամսյակում մարզում կատարված ստուգումների արդյունքները, խնդիրները, ոլորտում առկա նորությունները: Հատկապես նշվեց, որ շարունակում է լուրջ խնդիր լինել ԱԳԼՃԿ-ներում գազի լիցքավորման ժամանակ ճնշման գերազանցումը, որն էլ երբեմն բալոնների մաշվածության պատճառով հանգեցնում է պայթյունների եւ մարդկային կորուստների։ Մասնագետները տնտեսվարողներին հորդորեցին հետամուտ լինել խնդրին։
«Իրազեկ եւ պաշտանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանն էլ խոսեց հանրային վերահսկողության դերի կարեւորության մասին։
«Մտածենք մեր բոլորի, մեր երեխաների առողջության մասին, ու առանց սերտիֆիկատի ապրանք մի իրացրեք։ Պահանջեք ներկրողից որակի հավաստման փաստաթուղթը։ Եթե այն առկա չէ, ոչ միայն ինքներդ մի վերցրեք ապրանքը, այլեւ այդ մասին բարձրաձայնեք, խնդիրը հանրայնացրեք»,- կոչ արեց Պիպոյանը։
Հանդիպման վերջում մասնագետները պատասխանեցին տնտեսվարողների հարցերին։