Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հանդիպում է ունեցել Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ: Հանրապետության Նախագահը շնորհավորել է նրան Սենատի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ հայ-իտալական բազմաբովանդակ հարաբերությունների օրակարգում վաղուց իրենց հաստատուն տեղը զբաղեցնող միջխորհրդարանական կապերը կշարունակվեն ընդլայնվել եւ ամրապնդվել նաեւ տիկին Կազելատիի անձնական ջանքերի շնորհիվ։
Սերժ Սարգսյանը կարեւորել է օրենսդիր մարմինների դերը միջպետական հարաբերությունների զարգացման, փոխվստահության եւ փոխըմբռնման մթնոլորտ ձեւավորելու գործում եւ նշել, որ Հայաստանը շահագրռված է առավել սերտ կապեր հաստատել երկու երկրների խորհրդարանների միջեւ եւ հարաբերությունները զարգացնել նաեւ միջխորհրդարանական վեհաժողովների շրջանակներում, ինչը, Նախագահի համոզմամբ, Հայաստանին եւ Իտալիային թույլ կտա կարեւոր հարցերի շուրջ միմյանց համակողմանի աջակցություն ցուցաբերել:
Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել եւ բարձր գնահատել Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։
Ընդգծելով, որ հայ-իտալական առանձնահատուկ կապերի հիմքում ընկած են երկու բարեկամ ժողովուրդների պատմական սերտ առնչություններն ու նույնակունք քրիստոնեական արժեհամակարգը, Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ հայ-իտալական միջպետական հարաբերությունները անցած քառորդ դարում զարգացել են գործընկերության ու փոխվստահության ոգով, եւ այսօր երկու երկրները նշանակալի համագործակցություն ունեն տնտեսական, պաշտպանական, միջխորհրդարանական, ապակենտրոնացված եւ հումանիտար ոլորտներում: Հայաստանի եւ Իտալիայի միջեւ փոխադարձ հարգանքի եւ վստահության կարեւոր եւս մեկ օրինակ էլ, Հանրապետության Նախագահի համոզմամբ, Լիբանանում՝ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի իտալական հրամանատարության ներքո, հայ զինվորների արդյունավետ ծառայությունն է։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին եւ համագործակցությանը, որը նաեւ հայ-իտալական փոխգործակցության օրակարգի կարեւոր ուղղություններից է:
Նախագահ Սարգսյանը եւ Իտալիայի Սենատի նախագահ Կազելատին մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ: