Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թալինում ապրիլի 17-ին սպասվում են քաղաքապետի ընտրություններ, սակայն մարդիկ դեռեւս մտահոգված են սահմանին տիրող իրավիճակով: «Երկրի դրությունը լավ լինի... Էդքան զոհեր տվեցինք»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը:
Թալինցի Սասուն Կիրակոսյանն ու մի խումբ համաքաղաքացիներ, ովքեր այս օրերին աչքը հեռուստացույցի էկրանից չէին կտրում, սահմանին տիրող համեմատական անդորրից հետո հավաքվել էին քաղաքի կենտրոնում՝ քննարկելու անցնող շաբաթվա անցուդարձը: Օրակարգում էին նաև քաղաքում սպասվող ընտրությունները:
Մեզ հետ զրույցում Սասուն Կիրակոսյանը քաղաքի` առաջնային լուծում պահանջող հիմնախնդիրների շարքում թվեց ոռոգման ջրի, աշխատատեղերի ու ճանապարհների ասֆալտապատման խնդիրները:
Ի դեպ՝ թալինցիները կատակում են, որ անմխիթար լինելու պատճառով իրենց քաղաք մտնող ճանապարհին դեռ արագաչափ սարք տեղադրված չէ: «Էն ժամանակ երևի ավելի լավ քաղաք էր, քան հիմա, չնայած էն ժամանակ կոչվում էր քաղաքատիպ ավան, իսկ հիմա կոչվում է քաղաք, բայց գյուղի է նման»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց Կիրակոսյանը:
Նրա խոսքով՝ ժամանակին Թալինը զարգացել է գործարանների հաշվին, և եթե այսօր հնարավոր լինի որևէ մեկը վերագործարկել, աշխատատեղերի խնդիրը կլուծվի:
Թալինի քաղաքապետի թեկնածուներից` տնտեսագետ Տիգրան Հարությունյանը, ով առաջադրվել է ՀՅԴ-ի կողմից, այս ընթացքում արդեն հանդիպումներ է ունեցել գործարար շրջանակների հետ և քննարկել նոր աշխատատեղեր ստեղծելու հարցը: Մասնավորապես` նա արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել Թալինում գործող «Դայմոտեկ» ընկերության հետ այն վերագործարկելու և մի քանի տասնյակ աշխատատեղեր ստեղծելու վերաբերյալ:
Մեր զրուցակից թալինցիները նաև մտահոգություն հայտնեցին քաղաքում սանիտարական պայմանների բացակայության մասին: «Թալինով շատ տուրիստներ են անցնում, մեզ մոտ էլ են գալիս, հարցնում են զուգարան կամ լոգարան կա՞ քաղաքում, ամաչում ենք, ասում ենք` չէ»,- ասաց բնակիչներից մեկը:
Անդրադառնալով գործող քաղաքապետ Սարգիս Արամյանի պաշտոնավարման տարիներին, թալինցիները նշեցին, որ ինչ էլ քաղաքում փոխվել է, ապա փոխվել է շնորհիվ Թալինի քույր քաղաք համարվող ֆրանսիական Բուրգ լե Վալանսի:
Թալինցիները հույս ունեն, որ ընտրություններում հաղթանակ կտանի արժանի թեկնածուն, ով կնպաստի քաղաքի զարգացմանը: Նրանց խոսքով՝ Թալինի զարգացումը կնպաստի նաև հարակից գյուղերի զարգացմանը:
«Գոնե գյուղացիներին կապող օղակ դառնա, կարելի է քաղաքում սպանդանոց ստեղծել, կաթի մթերման կետեր, որպեսզի գյուղացիները գան, առևտուր լինի, չգնան` հասնեն Աշտարակ կամ Երևան»,- ասաց բնակիչներից մեկը:
Թալինին վերաբերող շատ խնդիրներ երեկ քննարկվեցին քաղաքի մշակույթի տանը կազմակերպված հանդիպման ժամանակ: Նախատեսված ձևաչափի համաձայն՝ քաղաքապետի երեք թեկնածուները պետք է հանդիպեին ընտրողների հետ և նրանց ներկայացնեին իրենց ծրագրերը, սակայն անհայտ պատճառներով հանդիպմանը չէր ներկայացել գործող քաղաքապետ` ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը: Նա, հավանաբար, հանդիպման նախօրեին ավելի կարևոր անձանց հետ էր հանդիպել և քննարկել իրեն հուզող հարցերը. թալինցիները մեզ հայտնեցին, որ նախօրեին մի քանի նախարարերի հետ Թալին է ժամանել ՀՀ վարչապետ Հսովիկ Աբրահամյանը, հանդիպել է գործող քաղաքապետի հետ և քննարկել նախընտրական հարցեր:
«Ինչի՞ ա եկել վարչապետը` էս երկիրն էս վիճակի մեջ, սահմանում սենց լարված: Փոխանակ էս ժողովրդին քաշեն իրենք կողմը, որ էս ժողովուրդն իրենց թև ու թիկունք լինի, եկել են էստեղ` քաղաքապետի իրենց թեկնածուի հարցերն են լուծում: Մենք մեր ժողովրդին սաղին ճանաչում ենք, ինչո՞ւ են եկել մեր մեջ թշնամանք գցում»,- մեզ հետ զրույցում մտահոգություն հայտնեց բնակիչներից մեկը:
Հիշեցնենք, որ Թալինի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել են գործող քաղաքապետ` ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը, ՀՅԴ-ի թեկնածու Տիգրան Հարությունյանը եւ նախկին ՕԵԿ-ական, այսօր «Հայկական վերածնունդ» անվանումը ստացած կուսակցության թեկնածու Գևորգ Գրիգորյանը: