կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-26 18:14
Իրավական

Քննիչի կողմից կաշառք ստանալու գործով հարցաքննվեց ավագ դատախազը

Քննիչի կողմից կաշառք ստանալու գործով հարցաքննվեց ավագ դատախազը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող` կաշառք տալու, կաշառքի միջնորդության և կաշառք ստանալու գործով այսօրվա դատական նիստում շարունակվեց գործով վկա, ներկայումս կալանքի տակ գտնվող Սոս Գաբրիելյանի հարցաքննությունը:

Հիշեցնենք, որ Սոս Գասպարյանի օգտին գործողություններ կատարելու, մասնավորապես` նրան կալանքից ազատելու համար է նրա հայրը Բաբկեն Գասպարյանը փաստաբանի միջոցով կաշառք տվել քննիչին: Գասպարյանը դատարանում պնդեց, որ քննիչ Միքայել Զադոյանը նախաքննության ընթացքում իր օգտին որևէ գործողություն չի իրականացրել, պարբերաբար խոստացել է, որ ազատ կարձակվի, սակայն նա շարունակել է մնալ կալանքի տակ:

Զադոյանի պաշտպան Հրանտ Անանյանը վկայից հետաքրքրվեց` արդյոք իրեն չի զարմացրե՞լ քննիչի նման վարքագիծը: Ի պատասխան` վկան հայտնեց, որ չի զարմացել, քանի որ առաջին անգամ էր ինքը նման իրավիճակում հայտնվել, իրավագետ չէր և չգիտեր ինչ է կատարվում:

«Միշտ հարցրել եմ, ինչո՞ւ հարցը չի լուծվում, ինչու՞ եմ դեռ կալանքի տակ, բայց քննիչն ինձ համոզում էր, որ սենց ա պետք, ամեն ինչ լավա լինելու, որ դատարանով դուրս կգամ»,-հայտարարեց վկան:

Սոս Գասպարյանը հայտնեց, որ ինքը քննիչից գումարի պահանջ չունի, քանի որ այդ գումարն ինքը չի տվել նրան:

Այսօրվա նիստում ցուցմունք տվեց նաև Սոս Գաբրիելյանի վերաբերյալ գործով վերահսկող դատախազը: Նշենք, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Հայկ Մովսեսյանը Սոս Գաբրիելյանի վերաբերյալ քննվող քրեական գործով մեղադրանքը պաշտպանող դատախազն է:

Սոս Գաբրիելյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով հարուցված քրեկան գործը ներկայումս քննվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում:

Գաբրիելյանի համար մեղադրող դատախազը 3 տարվա ազատազրկում է պահանջել, մինչդեռ պաշտպանական կողմի պնդմամբ` Գասպարյանի արարքն անհրաժեշտ ինքնապաշտպանություն է եղել:

Դատարանում Մովսեսյանը հայտնեց, որ գործով ամբաստանյալներից Միքայել Զադոյանին ճանաչում է 2013թ-ից, իր կարծիքով նա ինքնուրույն քննիչ է: Նա նշեց, որ Սոս Գաբրիելյանի վերաբերյալ գործին ծանոթացել է նրա նկատմամբ դատարանի որոշմամբ գրավ կիրառելու որոշումից հետո: Դատախազի խոսքով` առաջին անգամ էր, երբ իր վերահսկողությամբ քննված գործով գրավ էր կիրառվել: Դատախազը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի կայացրած գրավի որոշումը: Վերաքննիչը բավարարել էր դատախազի բողոքը Գաբրիելյանը դարձյալ կալանավորվել էր: Նա նշեց, որ դատախազությունում Սոս Գաբրիելյանի արարքը վերաորակելու վերաբերյալ քննարկումներ եղել են:

Ըստ դատախազի` թեև գործում անհրաժեշտ ինքնապաշտպանության «նշույլներ» եղել են, սակայն այդ հանգամանքը հերքվել է և քրեական գործը դատարան է ուղարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով: Մովսեսյանի խոսքով` թեև քննիչ Զադոյանը կարծիք էր հայտնել, որ գործը անհրաժեշտ ինքնապաշտպանության տարրեր է պարունակում, սակայն նա կարծիքը չի պնդել: «Մենք ասել էինք, որ եթե գործում էական հանգամանքներ ի հայտ գան` նոր միայն վերաորակման հարցը կքննարկվի»,-ասաց դատախազը:

Այս գործով մեղադրական եզրակացության համաձայն՝ Բաբկեն Գասպարյանը ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով հարուցված և քննվող քրեական գործով որդու՝ Սոս Գասպարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց նշված քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին և բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին, ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով, տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Բաբկեն Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Գայանե Գալոյանն ու Միքայել Զադոյանը կալանքի տակ են: Փաստաբան Գայանե Գալոյանն ու քննիչ Միքայել Զադոյանն առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչում: