Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության տարբեր ստորաբաժանումների հարկադիր կատարողների և ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործությունների առթիվ ստացված հաղորդումների հիման վրա:
Այսպես, Ռ. Բ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ դատարանի կողմից տրված կատարողական թերթերի հիման վրա ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնում հարուցվել են կատարողական վարույթներ` պարտապաններից 19.000 ԱՄՆ դոլար բռնագանձելու և իրեն վերադարձնելու վերաբերյալ: Սակայն նշված բաժնի հարկադիր կատարողը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ տևական ժամանակ չի կատարել դատարանի որոշման պահանջները և որոշումներ է կայացրել հիշյալ պարտապանների նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, մինչդեռ, ըստ Ռ. Բ.-ի, կատարողական գործողությունների ընթացքում պարտապանները գտնվել են տանը, քանի որ ստացել են դատարանի կողմից ուղարկված համապատասխան ծանուցումները: Արդյունքում` հիշյալ հարկադիր կատարողը ձևական որոշումներ է կայացրել, թե իբր հնարավոր չի եղել հայտնաբերել հետախուզվողներին, և այդ հիմքով ավարտել է կատարողական վարույթները:
Բացի այդ, Ռ. Բ.-ն հայտնել է, որ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները հնարավորություն են ունեցել հետախուզական գործերի շրջանակներում հայտնաբերել պարտապաններին, սակայն նրանք նույնպես չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները: Հարկադիր կատարողի և ոստիկանության ծառայողների գործողությունների հետևանքով դատարանի վճռով նախատեսված 19.000 ԱՄՆ դոլարի բռնագանձումը մնացել է անկատար:
Մեկ այլ ՀՀ քաղաքացի` Լ. Մ.-ն, իրեն ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում հաղորդում է տվել, որ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների նախաձեռնությամբ կատարված կատարողական գործողությունների ընթացքում Գյումրի քաղաքում տեսակցություն է կազմակերպվել իր երեխայի և նախկին ամուսնու միջև: Այնուհետև ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները կեղծ արձանագրություն են կազմել, որում նշել են, թե իբր կատարողական գործողության ընթացքում հրմշտոց է տեղի ունեցել, որին մասնակցել են նաև ոստիկաններ, մինչդեռ իրականում, ըստ Լ. Մ.-ի, նախկին ամուսինն իրեն ծեծի է ենթարկել, իսկ ոստիկանության աշխատակիցներ այնտեղ չեն եղել:
Այսպիսով, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության և ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցվել են քրեական գործեր:
Կատարվում է նախաքննություն: