կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-06 11:34
Հասարակություն

Ամենադժվարը հայությանը Հայաստանում պահելն է. ՀԲԸՄ Ուրուգվայի կոմիտեի քարտուղար

Ամենադժվարը հայությանը Հայաստանում պահելն է.  ՀԲԸՄ Ուրուգվայի կոմիտեի քարտուղար

Հայկական բարեգործական ընդհանուր միության Ուրուգվայի  կոմիտեի քարտուղար Ալեհանդրո Դանիելյանը իր և Ուրուգվայի հայության միակ մտահոգությունը համարում է Հայաստանից արտագաղթը: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այս պահին կարևորն այն է, որ հայությունը մնա Հայաստանում, իսկ իրենք կօգնեն հայ ժողովրդին, ինչով կարող են:

 

«Ամենադժվար խնդիրը այս պահին հայությանը Հայաստանում պահելն է: Իմ մտահոգություն այն է, որ շատ հայեր դուրս կելնեն Հայաստանից, դուրս եկած հայերի միայն 30 տոկոսն է վերադարձել հայրենիք»,- ասաց Ալեհանդրո Դանիելյանը:


Ինչ վերաբերում է հենց Ուրուգվայի հայության ինքնության պահպանմանը, նա նշեց. «Մենք շատ հայասեր ենք, ահա, թե ինչու կարողանում են հայությունը պահել ու չձուլվել, բայց դա էլ իր դժվարություններն ունի, որովհետև միշտ չէ, որ հայը հայի հետ է ամուսնանում, այդ դեպքում հայեցի մնալը դժվար է լինում նրանց սերունդների համար, քանի որ նման ընտանիքներում ավելի ու ավելի քիչ են սկսում խոսել հայերեն»:


Մեր հարցին, թե ապրիլի 24-ին այստե՞ղ են լինելու, Ալեհանդրո Դանիելյանը պատասխանեց, որ ապրիլի 24-ին լինելու են Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում, ուր պետք է անցկացվեն մի շարք ոգեկոչման և հիշատակի միջոցառումներ, իսկ ապրիլի 17-ին մեծ ընդհանուր համաժողով պետք է տեղի ունենա: 

 

Նշենք, որ Ուրուգվայը  Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրն է:

 

Օրեր առաջ ՀԲԸՄ-ն նոր շենք տեղափոխվեց, որը գտնվում է Մելիք-Ադամյան փողոցում` ՀՀԿ գրասենյակի անմիջական հարևանությամբ: Թե ինչո՞վ է պայմանավորված «քաղաքական գլխավոր փողոց» տեղափոխվելու հանգամանքը, Ալեհանդրո Դանիելյանը պատասխանեց. «Ես չգիտեի, որ դա քաղաքական փողոց է, բայց ես կուզենամ ավելի շատ մեր ժողովրդին մոտ ըլլալ, քան ղեկավարներուն: Մեր ժողովուրդը պետք ունի կրթության, գիտության, և մենք նրանց կօգնենք»: