կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-12 17:17
Քաղաքական

Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀԱԿ-ի հետ. հայտարարություն

Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀԱԿ-ի հետ. հայտարարություն

Փետրվարի 12-ին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանն ու Սամվել Աբրահամյանը կուսակցության գրասենյակում հանդիպեցին Արմեն Սարգսյանի հետ` վերջինիս խնդրանքով, տեղեկացնում են ՀԱԿ մամուլի գրասենյակից: 

Հայտնելով, որ նա քաղաքական կոնսուլտացիաներ է անցկացնում Հայաստանի քաղաքական ուժերի հետ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու կապակցությամբ, Արմեն Սարգսյանը Կոնգրեսի ներկայացուցիչներին խնդրեց ներկայացնել կուսակցության դիրքորոշումն այդ մասին։

Կոնգրեսի ներկայացուցիչները նշեցին.

«1. Հայաստանը կանգնած է մի շարք ծանրագույն մարտհրավերների և խնդիրների առջև, որոնց հաղթահարումը կենսական նշանակություն ունի Հայաստանի գոյատևման և զարգացման համար։ Դրանք են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը սպառնացող չկարգավորված ղարաբաղյան հակամարտությունը, աղետալի արտագաղթը, պետականության հիմքերը խարխլող վերից վար տարածված կոռուպցիան և տնտեսության մոնոպոլիզացիան, ժողովրդավարական մեխանիզմների, մասնավորապես ազատ և արդար ընտրությունների ինստիտուտի վերացումը։ Ցավոք, այս գերկենսական հարցերի մասին Արմեն Սարգսյանի տեսակետները հայտնի չեն մեր հասարակությանը։

2. Համապետական մի շարք ընտրությունների և 2015 թ. Սահմանադրական հանրաքվեի կեղծմամբ Հայաստանում հաստատվել է արատավոր ավտորիտար մի քաղաքական համակարգ, որը լեգիտիմ չի կարող համարվել, օտարված է ժողովրդից, հաշվետւ չէ նրա առջև և չի կարող արդյունավետ կառավարել երկիրը։ Մասնավորապես, 2017 թվականին համատարած զանգվածային կեղծիքներով ընտրված Ազգային Ժողովը նույնպես լեգիտիմ չէ։ Նրա կողմից ընտրված նախագահը, անկախ անձից, չի կարող հետևաբար լեգիտիմ համարվել։ Ուստիև, նախագահի ընտրության գործընթացին մասնակցելը՝ թե՛ որպես թեկնածու առաջադրվելու, և թե՛որպես որևէ քաղաքական ուժի կողմից թեկնածու առաջադրելու միջոցով, հավասարվում է իշխող ռեժիմին օգնելու, ստեղծված ապօրինի համակարգը լեգիտիմացնելու անպատվաբեր գործին։

Հայ Ազգային Կոնգրեսը վստահ է, որ գալու է այն օրը, երբ կկարագավորվի ղարաբաղյան հակամարտությունը և Հայաստանում ազատ և արդար ընտրությունների միջոցով կհաստատվի ժողովրդավարություն, ինչը դուռ կբացի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության և կայուն զարգացման համար։ Այս նպատակների իրագործումը շարունակում է մնալ Հայ Ազգային Կոնգրեսի առաջնային ծրագիրը, որի իրականացման համար կուսակցությունը որևէ ջանք չի խնայի»,- ասված է ՀԱԿ հաղորդագրության մեջ: