|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագահ Սարգսյանն իր անհանգստությունն ու մտահոգությունն է հայտնել կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նախագահը խնդրել է տեղեկություններ և պարզաբանումներ ներկայացնել կորոնավիրուսի համավարակի հաղթահարմանն ուղղված ռազմավարության, ինչպես նաև ձեռնարկվող քայլերի և առկա խնդիրների վերաբերյալ:
Նախարար Թորոսյանը Հանրապետության նախագահին տեղեկացրել է երկրում կորոնավիրուսի համավարակի հետ կապված ներկա իրավիճակի, հիվանդների բուժման և կազդուրման գործընթացի, առողջապահության ոլորտի խնդիրների, ինչպես նաև համակարգի առաջնահերթ կարիքների մասին:
Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների շրջանակում, օգտագործելով նաև անձնական կապերը, այսուհետ ևս աջակցել համավարակի հետևանքների հաղթահարման գործում տարբեր երկրների և կառույցների հետ կապերի հաստատմանը և համագործակցությանը: