կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-05 14:55
Քաղաքական

Խնդիրն այն է, որ չունեցանք ներառական աճ. Սուրեն Պարսյան

Խնդիրն այն է, որ չունեցանք ներառական աճ. Սուրեն Պարսյան

ԱԺ ՀՀ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը պնդում է, որ տնտեսական առաջընթացի ապահովումը, որը իշխող քաղաքական ուժը կոալիցիոն գործընկերոջ հետ իր վրա է վերցրել, իրականացվում է:

«Գլոբալ աշխարհում տեղի ունեցող լուրջ գործընթացներն իրենց ազդեցությունն են ունենում ցանկացած երկրի տնտեսական զարգացման վրա, առավել ևս՝ մեր երկրի նման երկրների վրա, երբ 80 տոկոսով տնտեսական շրջափակման մեջ ենք: Դրանք բացասական իմաստով իրենց ազդեցությունը չեն կարող չունենալ», - նշեց նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Մելիքյանն ընդգծեց, որ տնտեսության զարգացմանն ուղղված լուրջ քայլեր են իրականացվում, որը նախատեսված էր նաև իրենց նախընտրական ծրագրով: Ըստ նրա` տարածաշրջանում ՀՀ-ն միակ երկիրն է, որը ապահովել է բարձր տնտեսական աճ:

Քննարկմանը ներկա` ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշեց, որ 2017-2022 թթ. կառավարության ծրագիրը կազմվել է ՀՅԴ-ՀՀԿ նախընտրական ծրագերի հիման վրա: Ըստ նրա` նախընտրական ծրագրերում կան կոնկրետ ցուցանիշներ, որոնք էլ հիմա ապահովվում են:

«Կարևոր է, որ կան նշված կոնկրետ ցուցանիշներ: Օրինակ` ապահովել 5 տոկոս տնտեսական աճ. մենք կարողացանք ապահովել: Ապահովել ՀՆԱ-ի նկատմամբ արտահանման 40%-ի ծավալ. այս տարի մենք ունենք 25,2 տոկոս արտահանման աճ: Նվազագույն աշխատավարձը ավելացնել 25 տոկոսով. այս ուղղությամբ կոնկրետ քայլեր են կատարվում»,- ասաց Պարսյանը:

Անդրադառնալով ՀՅԴ Բյուրոյի և ԳՄ նիստի հայտարարությանը` նա նշեց, որ դրա մեջ նշվել է այն ձեռքբերումները, որ եղան 2017 թվականին` գրանցված աննախադեպ տնտեսական ակտիվությունը: Նաև նշված են խնդիրներ:

«Առաջին խնդիրն այն է, որ մենք չունեցանք ներառական աճ: Այն տնտեսական աճից տարբերվում է, այն իրենից ներկայացնում է որակական ցուցանիշների համախումբ, այսինքն` աղքատության կրճատում, եկամուտների բևեռականության նվազում, արտադրողականության աճ, կյանքի տևողության աճ, որոնք մեր տնտեսության համար կապահովեն ներառական աճ»,- ասաց նա:

Պարսյանն անդրադարձավ նաև հակամենաշնորհային քաղաքականությանը: «Սա ֆիքսված է նաև կոալիցիոն հուշագրի մեջ, այս ուղղությամբ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել: Եթե կարողացել ենք ներմուծումը պարզեցնել, հաջորդը ուշադրության կենտրոնում պետք է լինի մանրածախ շուկան. եթե ներմուծումը ավելացնում ես, մանրածախ շուկայում կոնկրետ քայլեր չես իրականացնում, խնդիր ես ունենալու ապրանքի իրացման հետ»,- շեշտեց նա:

Ըստ տնտեսագետի` մեր մանրածախ շուկան ներկայումս համակենտրոնացված է և պետք է ազատականացնել այն:

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն էլ նշեց, որ դրական տեղաշարժեր կան, դրանք տեսանալի են:

«Եթե հիմնավորված խոսենք` մեր բազմաթիվ վերլուծությունները բացահայտել են 3 հիմնական խոչընդոտներ գործատուների համար` ստվեր, կոռուպցիա, անհավասար մրցակցություն: Այս երեք ուղղությամբ էլ աշխատանքներ տարվում են»,- նշեց նա:

Ըստ Մակարյանի` ամենակարևոր խնդիրը շարունակում է մնալ վստահության խնդիրը, որը ձևավորվում է պետական մարմինների պատասխանատվությունից:

Պարսյանը համաձայնեց, որ` այո, պատասխանատվության խնդիրը կա, սակայն նշեց, որ Սահմանադրությունը տալիս է այդ լուծումը: «Ներկայումս ոչ միայն կառավարությանը կարելի է անվստահություն ներակայացնել, այլ նաև առանձին վատ աշխատող նախարարների հնարավոր է պատասխանատվության ենթարկել»,- ասաց նա` հավելելով, որ կարևոր է` 2018-ի ապրիլից հետո նախարարները պետք է իրենք մշակեն ոլորտի քաղաքականությունը, իրականացնեն և դրա համար պատասխանատվություն կրեն իրենց գործունեության համար:

Մելիքյանն էլ նշեց, որ անցումը խորհրդարանական ձևաչափին ենթադրում է նաև իրավունքների և պարտականությունների հստակեցում: