| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր ԱԺ արտահերթ նիստերի չորրորդ օրն է, և օրենսդիր մարմինն իր աշխատանքները սկսեց կառավարության կողմից բերված մի շարք օրենքների քննարկմամբ, որոնք ընդունվեցին առաջին ընթերցմամբ:
Խորհրդարանը կողմ քվեարկեց «Գյուղացիական կոոպերացիաների մասին» օրենքի նախագծին, և այն ընդունվեց ձայների` 62 կողմ, 3 դեմ և 31 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Մինչ այդ վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ ԲՀԿ խմբակացության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Մեր խմբակացությունն ասել է իր տեսակետը, և մենք գտնում ենք, որ օրենքի նախագծի գաղափարը լավն է, սակայն առաջարկում ենք, որ այն այս նստաշրջանում քվեարկվի միայն առաջին ընթերցմամբ, քանի որ փաստաթուղթը շատ փնթի է և ունի հակասություններ: Հակառակ դեպքում` մենք ձեռնպահ ենք քվեարկելու»,- ասաց նա:
Նշենք, որ երեկ` նույն օրենքի նախագծի քննարկման ժամանակ, նման առաջարկով հանդես եկավ նաև ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Խորհրդարանը կողմ քվեարկեց նաև «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու, ինչպես նաև «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին: Այն ընդունվեց ձայների` 92 կողմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: Հիշեցնենք, որ այս նախագիծը նպատակ ունի հեռուստատեսությամբ և ռադիոյով արգելել ինտերնետ շահումով խաղերի գովազդի ցուցադրությունը: