կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-15 12:31
Քաղաքական

Դա բանակի համար հրապարակային գումարներ հավաքել չէ, մի´ աղավաղեք. Շարմազանովը` Վիգեն Սարգսյանի նախաձեռնության մասին

Դա բանակի համար հրապարակային գումարներ հավաքել չէ, մի´ աղավաղեք. Շարմազանովը` Վիգեն Սարգսյանի նախաձեռնության մասին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում գնահատական տալ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ զինվորին արտերկրում բուժում ստանալու համար դրամահավաք կազմակերպելու կոչին:

«Պետք է զերծ մնանք էմոցիոնալ գնահատականների գայթակղությունից և իշխանության ներկայացուցիչներին, օրինակ` պաշտպանության նախարարին քննադատելու համար ցանկացած հումանիստական քայլ այլ տեսանկյունից ներկայացնել։ Այս իմաստով ես որևէ գնահատական չեմ ուզում տալ, բայց կարծում եմ, որ մեր որդեգրած քրիստոնեական արժեքները գթասրտություն են պահանջում, ինչն էլ Վիգեն Սարգսյանի նախաձեռնությունն է»,- ասաց նա:

Շարմազանովը դրական է համարում, որ Վիգեն Սարգսյանը, բացի ի պաշտոնե ունեցած պարտականությունները կատարելուց, զբաղվում է նաև դրամահավաքով։ «Ես նորմալ եմ համարում, որ պաշտպանության նախարարը, բացի իր պարտականություններից, նաև կարողանում է կոչով հանդես գալ, իր անձնական ներդրումն ունենալ, որպեսզի մենք կարողանանք նաև հասարակական աջակցություն ապահովել»,- ասաց նա:

Շարմազանովը կոչ արեց չաղավաղել փաստերը: «Դա բանակի համար հրապարակային գումարներ հավաքել չէ, մի' աղավաղեք»։ ԱԺ փոխնախագահը նշեց, որ ՀՀ-ում նույն վիրահատությունն իրականացնելու միջոցներ ունեն, բայց, քանի որ զինվորի ծնողները ցանկանում են վիրահատությունն արտերկրում իրականացնել, դրա համար մեծ գումար է անհրաժեշտ, իսկ Պն-ն ձեռքերը չի լվացել ու փորձում է օգնել։

Նաև անդրադառնալով 1000 դրամների նախաձեռնությանը՝ Շարմազանովն ասաց. «Եզակի նախաձեռնություն է, ու որևէ մեկն այսօր չի կարող ասել, որ 1000-ական դրամներից մի լումա ծախսվում է այլ նպատակներով։ Ամեն ինչ վերահսկվում է, ու սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ՊՆ նախաձեռնությունը շատ ճիշտ նախաձեռնություն էր, ավելին` այսօր նախարարությունն ու նախարարը չեն արել մի քայլ, որ դրա համար դուք կարողանաք քննադատել»:

Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար դրամահավաքին էր միացել՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Ես եմ խորհուրդ տվել ընտանիքին փորձել նման դրամահավաքի միջոցով հավաքել անհրաժեշտ գումարը: Ես անձամբ և իմ մի քանի ընկեր կտրամադրենք պահանջվող գումարի ($45.000) 10 տոկոսը: Կոչ եմ անում բոլորիդ, ով կարող է միանանք այս դրամահավաքին և օր առաջ օգնենք Ալբերտի ընտանիքին հավաքել անհրաժեշտ գումարը»։