Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը ԱԺ նիստում զեկուցեց իրենց խմբակցության կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը երկմտահարկի փոփոխությանն է վերաբերում: Նշենք, որ նախագիծը գլխադասային` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի բացասական եզրակացությունն էր ստացել: Մելքումյանը նշեց, որ առաջարկում են մինչև 150 000 դրամ աշխատավարձ ստացողների եկամտահարկը` հունվարի 1-ից փոխված 23%-ը իջեցնել 21%-ի, իսկ 150 000-ից 300 հազար եկամուտ ունեցողների եկամտահարկը գործող 28%-ից դարձնել 26 տոկոս:
«Անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալով` 2015-ից հետո կառավարությունը թոշակ, աշխատավարձ չի բարձրացնում և միջնաժամկետ ծախսերի ծրագրով ևս երեք տարի չի բարձրացնելու: Ստեղծված գնաճը չի վերաբերում դասակարգային բնույթ, այսինքն՝ չի վերաբերում գյուղատնտեսությանը, քանի որ եկամտահարկով չեն գանձվում: Հիմա մենք ասում ենք` քանի դեռ թոշակ, աշխատավարձ չեք բարձրացնում, ինչը վերաբերում է բոլորին, այդ դեպքում գործող միջոցը եկամտահարկի նվազեցումն է, որը գնաճի զսպման միակ լուծումն է»,- ասաց նա:
Պատգամավորը շեշտեց, որ գնաճը հարկային բեռի արդյունք է: նա թվարկեց, որ սեղմված գազի ակցիզային հարկի՝ 20 դրամ ավելացմամբ 10 մլրդ դրամ բյուջե է մտնում, բենզինինի ավելացումը բերում է լրացուցիչ մոտ 3 մրդ, ծխախոտինը՝ 5,8 մլրդ դրամ: Մելքումյանը բացատրեց, որ երբ ասում են` որտեղի՞ց այդքան գումարը, այն ահռելի է, պետք է հաշվի առնել, որ նախ մարդը չի խնայելու` 3000-4000 դրամ տալով, այլ ծախսելու է կոմունալների վրա և այլն, այսինքն՝ երեք ամիս հետո էլի բյուջե է վերադառնալու: Բացի այդ` նախատեսվում է 1,3 տոկոս տնտեսական առաջանցիկ աճ, ինչն էլ արդեն փակելու է ծախսերը: «Պետք է ժողովրդին շանս տալ, որպեսզի ժողովուրդը շնչի»,- ասաց նա:
Տնտեսական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նշեց, թե ինչ կունենայինք հունվարի 1-ից հետո գործող հարկային օրենսգրքով, եթե այս օրենսդրական նախաձեռնությունը չլիներ: «Հունվարի 1-ից հետո մինչև 279 000 դրամ եկամուտ ստացողները, որոնք աշխատուժի 90 տոկոսն են կազմում, նրանց համար եկամտահարկը նվազում էր, իսկ եթե սա դնում ենք օրակարգում, 300 000 ստացող աշխատողի եկամուտը բարձրացնում է 3000 դրամով, այսինքն՝ օրական 100 դրամով: Ասացեք` արդյո՞ք մենք սրանով գնաճի դիմադրողականությանը էական մեծացնում ենք»,- նշեց նա:
Ըստ Հարությունյանի` եկամտահարկին պետք է անդրադառնալ արմատական ձևով: «Այսպես` կիսատ-պռատ լուծումները ոչինչ չեն բերում, տնտեսական պարզ վերլուծությունները ցույց են տալիս, որ ոչ թե քաղաքական լուծում են պարունակում, այլ իբրև թե մի բան ուզում ենք անել, իմիտացիայի ենք անում, որ լուծում ենք: Սա ճիշտ ճանապարհ չէ և սխալ ազդակներ է փոխանցում հանրությանը»,- ասաց նա:
Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ խնդրեց, որ կրքերը չբորբոքեն: Նա նշեց, որ կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը մեկ թիմ են և քննարկումների արդյունքում են որոշումները կայացնում: «Մոտ ժամանակներս եկամտահարկի մասին մենք կունենանք փաթեթ, որով բովանդակային քննարկում կկազմակերպենք և գլոբալ փոփոխությունների կգնանք: Մենք դեմ ենք կոսմետիկ փոփոխություններին, որը արդյունք չի կարողանում տալ»,- ասաց պատգամավորը:
Բաղդասարյանը նշեց, որ Հանրապետական կուսակցությունը ձեռնպահ կքվեարկի այս օրենսդրական նախաձեռնությանը:
Նշենք, որ դաշինքի ներկայացրած այս առաջարկին էլ կողմ եղան միայն «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները: