| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տրվեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորների ներկայացրած օրինագծին, որով առաջարկվում էր 2016 թվականի հունվարի 1-ից հետո վարկատու հանդիսացող կազմակերպություններին պարտավորեցնել իրենց կողմից տրված բոլոր արտարժութային վարկերը, ինչպես նաև արտարժութային փոխառությունները, վարկառուի պահանջից ելնելով, վերածել դրամայինի՝ վարկառուի դիմելուց հետո առավելագույնը 30 օրացուցային օրվա ընթացքում: Վերահաշվարկի համար հիմք կընդունվի վարկային պայմանագրի կնքման ամսաթվով առկա՝ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված պաշտոնական փոխարժեքը:
Գործադիրի նիստում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ այս փոփոխությունը կառավարության համար անընդունելի է, քանի որ ենթադրում է միաժամանակյա էական ծախսեր, որոնց ծավալի վերաբերյալ կանխատեսում անել հնարավոր չէ: Առկա արտարժութային վարկերը մարելու նպատակով արտարժութային ահռելի ռեսուրսների ձեռք բերման անհրաժեշտություն կառաջանա:
«Այդ դեպքում անհրաժեշտ կլինի արժութային շուկայից ձեռք բերել 2.9 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ արտարժույթի նկատմամբ պահանջարկի նման կտրուկ աճը կարող է հանգեցնել տնտեսության և ամբողջ ֆինանսական համակարգի կաթվածահարման: Բացի այդ` ներկայումս արտարժութային վարկերի մեծ տեսակարար կշիռ ունենալը պայմանավորված է բանկային համակարգի ավանդների կառուցվածքով, որի շուրջ տասնհինգ տոկոսն այս տարվա փետրվարի վերջի դրությամբ կազմել են արտարժութային ավանդները: Եթե բանկերն իրենք իրենց վրա վերցնեն արտարժութային վտանգի վերաձևակերպման ռիսկը, ապա նրանց մոտ կառաջանա հսկայական արժութային ճեղքվածք, և արժութային փոխարժեքի նույնիսկ չնչին տատանումը կհանգեցնի բանակային համակարգի կապիտալի մեծ կորուստների և կխաթարի ֆիանսնական համակարգը»,- նշեց նախարարը: